Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա

Հունիսի 12-13-ը, ժամը 3-ին, Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին:

Թեհրանին հասցված հարվածների հետևանքով տուժել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են

Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները: Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հարվածների հետևանքով առայժմ հայտնի է, որ սպանվել են`Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի (ՀՕՊ) հրամանատար Ղոլամալի Ռաշիդն ու նրա որդին, Միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։

Ծովակալ Հաբիբոլլա Սայյարին Այաթոլլա Խամենեիի հրամանով նշանակվել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ժամանակավոր հրամանատար: Գեներալ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հրամանատար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն՝ չնայած Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետությանը հարվածներին: Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Fox News-ի լրագրողների հետ հարցազրույցում:

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Կտեսնենք», — X-ում Թրամփի խոսքերն է մեջբերել Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. «Մենք չենք մասնակցում Իրանի դեմ տեղի ունեցող գործողություններին: Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է: Իսրայելը տեղեկացրել է մեզ, նրանք կարծում են, որ այս գործողությունն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»:

Scroll to Top