Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված լարվածությունը կապված է ոչ միայն տեխնիկական հարցերի, այլ նաև տարածաշրջանային լայն գործընթացների հետ։ Այս մասին նշել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ խնդիրը գնալով ստանում է ավելի մեծ քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն։
Ինչո՞ւ է խոսվում ռուսական վերահսկողության մասին
Քաղաքագետի գնահատմամբ՝ վարչապետի այն հայտարարությունը, թե ռուսական վերահսկողությունը կարող է խոչընդոտ դառնալ, պետք է դիտարկել երրորդ կողմերի հնարավոր ներգրավման համատեքստում, մասնավորապես՝ Եվրոպական միության։
Նա հիշեցնում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոն այցելել էր տարածաշրջան, այդ թվում՝ Նախիջևան, և ուսումնասիրել երկաթուղու վերականգնման խնդիրները։ Այդ փուլից սկսած, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի և Եվրամիության միջև ընթանում են բանակցություններ՝ Նախիջևանի հատվածը ԵՄ աջակցությամբ վերականգնելու ուղղությամբ։
Սակայն Եվրամիությունը, նրա խոսքով, հստակ նախապայման է առաջադրել․ եթե աջակցում է Նախիջևանի հատվածի վերականգնմանը, այն պետք է միանա նաև Հայաստանի տարածքին՝ Երասխով։ Այսինքն՝ ապաշրջափակման գործընթացը պետք է լինի ամբողջական, և Հայաստանը չպետք է դուրս մղվի ենթակառուցվածքային ծրագրերից։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը վերապահումներ է հայտնել նման նախապայմանների նկատմամբ և փորձել է քննարկումները տանել առանց քաղաքական պայմանների։ Այս համատեքստում մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է, որպես առաջ քաշած նախապայմանների չկատարման փաստարկ եվրոպացիներին մատնանշել այն հանգամանքը, որդրանց կատարման պարագայում ԵՄ ներդրումներով վերականգնվող ենթակառուցվածքը կմիանա ռուսական վերահսկողության տակ գտնվող համակարգին՝ ինչը ԵՄ-ի կողմից կարող է ընկալվել որպես խնդիր։
Նա նշեց, որ նման խոսույթը նոր չէ․ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների ժամանակ ևս ադրբեջանական կողմը շեշտում էր, որ հայ-իրանական սահմանին կանգնած են ռուս սահմանապահներ, և հարց էր բարձրացնում՝ ինչու այդ հատվածը պետք է գտնվի ռուսական վերահսկողության տակ։
Երրորդ կողմի կառավարման գաղափարն ու ենթադրությունները
Այս իրավիճակում, ըստ Գրիգորյանի, Երևանում սկսվել են քննարկումներ հնարավոր այլընտրանքային մոդելի շուրջ՝ այսինքն ոչ ռուսական կողմի վերահսկողությամբ կառավարման տարբերակ։ Թե կոնկրետ ինչ առաջարկ է ներկայացվել, պաշտոնական մակարդակում դեռևս հստակ տեղեկատվություն չկա։
Փորձագիտական շրջանակներում շրջանառվում են տարբեր վարկածներ՝ արաբական երկրների, Ղազախստանի կամ այլ գործընկերների հնարավոր ներգրավման մասին։ Սակայն քաղաքագետը շեշտում է, որ դրանք մնում են ենթադրությունների մակարդակում և հիմնված են տրամաբանական վերլուծությունների վրա, ոչ թե պաշտոնական տվյալների։

