Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքականության «տնտեսականացում»

Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքականության «տնտեսականացում»

Դարեր շարունակ միջազգային հարաբերություններում որոշիչը եղել ուժը, և այս իրողությունը չի փոխվել նաև այսօր։ Այս մասի նշել է քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը։ 

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական վերաձևումների և տարածաշրջանային խորացող ճգնաժամերի պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կանգնած է ռազմավարական վերանայման անհրաժեշտության առաջ։Գասպարյանը տարբերակում է ուժի երկու հիմնական բաղադրիչ՝ ռազմական և տնտեսական։ Նրա գնահատմամբ՝ որքան էլ երկիրը ունենա ճկուն և փայլուն դիվանագիտություն, առանց ռազմական կամ տնտեսական հենարանի այն չի կարող արդյունք տալ։ «Բոլոր պատմական, իրավական կամ բարոյական փաստարկները բավարար չեն, եթե դիվանագետների հետևում չկա ուժ», — շեշտում է նա։

Հայեցակարգի բացակայություն

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանին վաղուց անհրաժեշտ էր արտաքին քաղաքականության հստակ բովանդակային հայեցակարգ։ Ներկայիս ճգնաժամային պայմաններում բովանդակությունից զուրկ արտաքին քաղաքականությունը գրեթե անհնար է դարձնում արդյունավետ աշխատանքը։

Այս համատեքստում նա ընդգծում է՝ Հայաստանը չի կարող սահմանափակվել միայն ճգնաժամերի արձագանքման մեխանիզմներով։  Հայաստանն ունի բարդ հարևանություն, այդ իսկ պատճառով երկարաժամկետ, ռազմավարական մտածողությունը,  արտաքին քաղաքականության բովանդակությունը անհրաժեշտություն է։ 

Տնտեսականացվող արտաքին քաղաքականություն

Քաղաքագետը վստահ է՝ անհրաժեշտ է մտածել տնտեսական ուժի վերաձևավորման մասին։

Գասպարյանը կարևորում է արտաքին քաղաքականության «տնտեսականացումը»։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի ավելի քան 180 երկրների հետ և շուրջ 70 դիվանագիտական ներկայացուցչություն, սակայն առևտրական ներկայացուցիչներ ունի միայն երկու երկրում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտուրը բնութագրվում է քրոնիկ դեֆիցիտով․ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, և առևտրային սալդոն մշտապես բացասական է։ Արտահանման կառուցվածքը նեղ է, իսկ հայկական ապրանքների մրցունակությունը՝ սահմանափակ։

Քաղաքագետի կարծիքով՝ սա նույնպես դիվանագիտության խնդիր է։ Առևտրական ներկայացուցիչները պետք է սերտ համագործակցեն մասնավոր հատվածի հետ՝ նպաստելով հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը։ «Փոքր երկրի համար այլ տարբերակ չկա», — ընդգծում է նա։

Scroll to Top