Միջազգային հարթա՞կ, թե անձնական նախագիծ․ Խաղաղության խորհրդի իրական արժեքը

Թրամփի պատուհան․ ԱՄՆ-ն  Հարավային Կովկասում դառնում է ակտիվ խաղացող

Վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ին հաջողվեց իրական ազդեցություն ձեռք բերել Հարավային Կովկասում։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավակ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝  Դոնալդ Թրամփի վարչակազմը կարողացավ օգտվել քաղաքական և տարածաշրջանային ստեղծված միջավայրից և մտավ տարածաշրջան այս անգամ ոչ թե դիտորդի, այլ խաղացողի կարգավիճակով։

Վերջին 30 տարիներին ԱՄՆ-ը մշտապես փորձել է ներթափանցել Հարավային Կովկաս, սակայն չի կարողացել՝ հիմնականում Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով, որը պահում էր և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ռուսական ազդեցության ուժեղ ուղեծրում։ Կոնֆլիկտի առկայությունը թույլ էր տալիս Ռուսաստանին պահպանել իր գերիշխանությունը, մինչդեռ ԱՄՆ-ը հակառակ ձևաչափով է գործում՝ իր ազդեցությունը տարածելով կոնֆլիկտի բացակայության պայմաններում՝ ֆինանսական ներդրումների, տնտեսական հոսքերի և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։

Այժմ ամեն ինչ փոխվել է։ Ռուսաստանը գտնվում է իր վերջին 30 տարիների ամենաբարդ վիճակում (հատկապես Ուկրաինայի պատերազմի ֆոնին), ռեսուրսները սպառված են, և այն չի կարողանում կենտրոնացնել ուժերը տարածաշրջանում՝ հակակշռելու համար ԱՄՆ-ին։ Իրանի գործոնը թույլ է։ Թուրքիայի ազդեցությունը, ընդհակառակը, շատ ուժեղ է՝ որպես ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից, թեև պրոբլեմատիկ։ Այս գործոնների համակցությունը ստեղծել է պատմական «պատուհան», որը ԱՄՆ-ն օգտագործում է արագ և վճռականորեն։

Սարգսյանը ընդգծում է, որ Թրամփի վարչակազմի գործողությունները տարածաշրջանում կապված են ոչ թե առանձին նախագծի հետ, այլ շատ ավելի լայն տարածաշրջանային գործընթացների մասին են։ Ըստ նրա՝ հիմնական և գլխավոր նպատակը հետևյալն է՝  Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով Եվրոպա տեղափոխել էներգետիկ ռեսուրսները՝ գազը, նավթը, նավթամուղները, ճանապարհները և տրանզիտային ուղիները։ Այս ամենի հիմնական նպատակը, իր հերթին, Ռուսաստանին շրջանցելն է։ 

Այսինքն՝ ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել այլընտրանքային էներգետիկ և տրանսպորտային միջանցքներ, որոնք չեն անցնում ռուսական տարածքով և կախված չեն ռուսական վերահսկողությունից։ Սա է տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության կենտրոնական առանցքը։

Սարգսյանի գնահատմամբ՝  Միացյալ Նահանգների կողմից իրականացվող քաղաքականությունը Հարավային Կովկասում պահանջում է հետևողական աշխատանք և տարածաշրջանային երկրների ներգրավվածություն։ Բնականաբար, այն քաղաքական ուժերը, որոնք աջակցում են ամերիկյան այս օրակարգին, հայտնվում են Վաշինգտոնի ուշադրության և աջակցության շրջանակում։ «Սա չափազանց պրագմատիկ մոտեցում է», — նշում է նա։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն ամրապնդվում է տարածաշրջանում հենց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջոցով։

Scroll to Top