Տարածաշրջանում ռազմական գործողությունների հավանականությունը զգալիորեն գերազանցում է դիվանագիտական լուծման հնարավորությունը։ Այս մասին նշեց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ՝ խոսելով ԱՄՆ-Իրան լարվածության ներկայիս փուլի մասին։
Նրա խոսքով՝ շատ ավելի իրական է միջանկյալ կամ նույնիսկ վերջնական ռազմական հանգուցալուծման սցենարը, քան բանակցային առաջընթացը։ Պետրոսյանը նշում է, որ գործընթացը ուղեկցվում է աննախադեպ տեղեկատվական և քարոզչական աղմուկով, որը ոչ միայն բարդացնում է դիվանագիտական պայմանավորվածությունների հասնելը, այլև խաթարում է իրավիճակի ընդհանուր պատկերն անգամ փորձագետների համար։
Քարոզչական աղմուկը որպես ռազմական գործողության նախապատրաստում
«Վերջին օրերին ամերիկյան, եվրոպական ու իսրայելական տարբեր պարբերականներ նյութերը կառուցում են “անանուն աղբյուրների” կողմից տրված տեղեկատվության վրա։ Յուրաքանչյուրը ներկայացնում է իր սցենարը՝ պնդելով, թե դա հաստատ ճշգրիտ տեղեկություն է», — նշում է նա։
Ըստ այդ հրապարակումների՝ իրանական կողմին իբր ներկայացվել է պահանջագիր կամ վերջնագիր, և, չնայած ընթացող քննարկումներին, ռազմական լուծման ծրագիրն արդեն դրված է նախագահի սեղանին և նույնիսկ ստորագրված է։ Քաղաքագետի գնահատմամբ՝ նման նյութերը ծառայում են ոչ թե բանակցային ռազմավարությանը, այլ ավելի լայն նպատակին՝ ստեղծել տեղեկատվական հիմք հնարավոր ռազմական գործողության համար։
«Եթե նախատեսվում է կոնկրետ քայլ Իրանի դեմ, ապա դրա համար նախ պետք է ձևավորվի քարոզչական բազա՝ բացատրելու, թե ինչու հենց հիմա է ընդունվում այդ որոշումը։ Այդ բազան էլ ստեղծվում է նման հրապարակումների միջոցով», — ընդգծում է Պետրոսյանը։
Նա հիշեցնում է, որ հարցի ակտիվացումը պատահական չէ։ Դեկտեմբերի վերջի և հունվարի սկզբի բողոքի ալիքը, նրա խոսքով, ստեղծել է ներքին բարենպաստ միջավայր, որտեղ արտաքին միջամտությունը կարող է «ներսից պայթեցնել» երկիրը։
Ներքին բողոքներ և արտաքին ճնշում․ վարչակարգի փոփոխության երկկողմ մեխանիզմը
Պետրոսյանի գնահատմամբ՝ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իսրայելը չունեն բավարար ռեսուրսներ Իրանի ներսում ուղղակի ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Նրանց ռազմավարական նպատակը վարչակարգի փոփոխությունն է, բայց դրա համար անհրաժեշտ է երկու գործոնի համադրություն՝ ներքին ապստամբություն և արտաքին հարված։
«Միայն ներքին ռեսուրսը բավարար չէ։ Վերջին ցույցերը դա հստակ ցույց տվեցին․ իշխանությունները մի քանի օրում կարողացան ճնշել իրավիճակը զանգվածային ուժի կիրառմամբ», — ասում է նա։
Այս ֆոնին, ըստ քաղաքագետի, Իրանում վերսկսված ուսանողական ցույցերը միաժամանակ ուղերձ են արտաքին աշխարհին․ եթե լինի արտաքին աջակցություն, ապա ներսում կան խմբեր, որոնք պատրաստ են գնալ վարչակարգի փոփոխության ճանապարհով։
Այսպիսով Պետրոսյանի գնահատմամբ՝ ներկայիս տեղեկատվական ակտիվությունը պարզապես մեդիաաղմուկ չէ։ Այն ավելի լայն գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն է նախապատրաստել միջազգային ու հանրային ընկալումը հնարավոր ռազմական սցենարի համար։

