ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հնարավոր է ձեռք բերել համաձայնություն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
«Կարծում եմ՝ համաձայնագիրը կստորագրվի, կամ ինչ-որ բան կկատարվի, միևնույն է, համաձայնագիրը կստորագրվի։ Իսկ Իրանն հիմարություն է անում, երբ այն չի ստորագրում», — հայտարարել է նա։ Թրամփը նշել է, որ մոտ օրերս կարելի է սպասել առաջընթացի դիվանագիտական հարթության վրա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև։ «Իրանը, ըստ էության, արդեն բանակցությունների սեղանի շուրջ է։ Նրանք ուզում են համաձայնագիր ստորագրել», — հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի Միջին Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս շաբաթ կարող են Իրանի ներկայացուցիչների հետ քննարկել միջուկային համաձայնագիրը։
NYT-ի անանուն աղբյուրի համաձայն՝ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ուիթքոֆին և Վենսին հնարավորինս շուտ կազմակերպել հանդիպում Իրանի հետ։ Թերթը նշում է, որ եթե Վենսը և Ուիթքոֆը իսկապես հանդիպեն իրանցիների հետ, ապա ամենայն հավանականությամբ նրանց զրուցակիցը կլինի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
Իսկ Axios-ը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, գրում է, որ այս շաբաթ Արաքչիի հետ, հնարավոր է, հանդիպի միայն Ուիթքոֆը։ Հանդիպման նպատակը՝ քննարկել դիվանագիտական նախաձեռնությունը, որն առնչվում է միջուկային համաձայնագրին և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի դադարեցմանը։
Washington Post-ի տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչները միջնորդներին հայտնել են, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, սակայն միայն այն բանից հետո, երբ Իսրայելը դադարեցնի հարձակումները։ Թերթը հավելում է, որ հրադադարի բանակցությունները սկսելու ջանքերը գլխավորում են Քաթարը և Օմանը։
Fox News-ը հաղորդում է, որ Թրամփը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Այն կկայանա անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ ղեկավարը վերադառնա «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը հանձնարարել է խորհրդին պատրաստվել իր վերադարձին և աշխատանքին իրավիճակային սենյակում։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կավարտի իր մասնակցությունը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։

