Իրանի դեմ Իսրայելի կողմից սանձազերծված գործողությունների ֆոնին ակնկալվում է, որ տարածաշրջանային լարվածությունն ընդլայնվելու է՝ ներառելով նաև Թուրքիան և Ադրբեջանը, նշում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ հատկապես մեծանալու է ճնշումը Հայաստանի վրա՝ այն հարցում, որն առնչվում է սահմանների ապաշրջափակմանը։ Եթե հակամարտությունը չավարտվի դիվանագիտական ճանապարհով, ապա չի բացառվում նաև ռազմական սցենարների ակտիվացումը։
«Բոլորը հասկանում են, որ հակամարտության զարգացումը և դրա ընդգրկումն ավելի լայն տարածաշրջանային հարթակ կարող է բերել նաև Ադրբեջանի ուղիղ ներգրավվածությանը։ Ադրբեջանը վերջին տարիներին պատրաստվում է նման սցենարի։ Նա կառուցել է օդանավակայաններ օկուպացված Արցախի տարածքում, զգալի քանակությամբ սպառազինություն է ձեռք բերել՝ հատկապես Իսրայելից», — նշում է Պետրոսյանը։
Չնայած Ադրբեջանի պնդումներին, որ Հայաստանի հետ հակամարտությունը լուծված է, սպառազինման շարունակական գործընթացը այլ բան է հուշում, ասում է նա։ Ակնհայտ է, որ Բաքուն պատրաստվում է ավելի լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք կարող են միտված լինել ոչ միայն Իրանին, այլև՝ հնարավոր զարգացումներին Ռուսաստանում։
Այդպիսի սցենարներում Ադրբեջանը կարող է նկատել նոր հնարավորություններ, օրինակ՝ Հյուսիսային Կովկասից եկող հնարավոր սպառնալիքների չեզոքացման անվան տակ։
Այս ամենի համատեքստում Հայաստանը կարող է հայտնվել բարդ իրավիճակում, քանի որ հակամարտության շերտերից մեկը նաև Հայաստանի հետ տարաձայնությունների ուժեղացումն է։ Բաքվի օրակարգում առաջնահերթ է մնում ճանապարհների հարցը։ Չսահմանազատված սահմանների խնդիրը, որին ներկայումս չկա կոնսենսուսային լուծում, օգտագործվում է որպես հարմար առիթ քաղաքական ճնշում գործադրելու համար։
Ադրբեջանը չի շտապում վերսկսել սահմանազատման գործընթացը՝ կարծես սպասելով ավելի հարմար պահի։
Ըստ Պետրոսյանի՝ Բաքուն տարիներ շարունակ նախապատրաստել է ներկայիս իրադարձություններին, ու եթե հանգամանքները թույլ տան, կարող է փորձել ռազմական կամ քաղաքական ներգրավվածություն ունենալ նաև Իրանի դեմ գործողություններում՝ միաժամանակ փորձելով առաջ մղել նաև սեփական տարածաշրջանային շահերը։
Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք շարունակվում են մինչև հունիսի վերջ, ևս մտահոգության տեղիք են տալիս։ Չնայած պաշտոնական տեղեկությանը, որ դրանք տեխնիկական բնույթի են, փաստ է, որ այսպիսի զորավարժությունները չեն կարող ամբողջովին կտրված լինել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից։
Այս փուլում Հայաստանի առաջնային խնդիրն է սառը գլուխ պահպանել, ուշադիր հետևել զարգացումներին և գնահատել հնարավոր բոլոր սցենարները։ Հիմնական հարցն այս պահին՝ ինչ է տեղի ունենում Իրանում, և ինչպես կարող են այդ զարգացումները ազդել մեր տարածաշրջանի վրա։ Եթե Իրանի պատասխանը թիրախավորի Ադրբեջանին, ապա շատ հնարավոր է, որ ազդեցությունը տարածվի նաև Հայաստանի վրա։ Թեև ներկայում նման վտանգն ակնհայտ չէ, հարկ է հիշել, որ իրավիճակն արագ է փոխվում, և ապագան կախված է առաջիկա օրերի զարգացումներից։

