ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը օրերս հայտարարություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին՝ կոչ անելով «Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միաժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը»:
Ըստ ՀԱԿ-ի, ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին: ՀԱԿ-ը նաև կոչ է արել իշխանություններին․ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով; միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար; ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին:
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կշռադատված և տեղին արված քաղաքական հայտարարությունը ոչ միայն արձագանք է արտաքին քաղաքական ճգնաժամին, այլև գիտակցված քաղաքական քայլ։ Այն հստակորեն արտահայտում է Տեր-Պետրոսյանի ձգտումը՝ հանդես գալու որպես ազգային միջնորդ, ով կանգնած է ընթացիկ քաղաքական պայքարից վեր։ Համախմբման կոչերի քողի ներքո նա զգուշորեն կասեցնում է քաղաքական ակտիվությունը, որը ներկայիս իրավիճակում վերահսկվում է ոչ թե իր, այլ այլ ուժերի կողմից։
ՀԱԿ-ի հայտարարությունը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի հնարավոր մեկնարկի շուրջ ներքաղաքական բանավեճերի սրման և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների միջև ծավալված քննարկումների ֆոնին։ Ինչպես հայտնի է՝ «Հայաստան» դաշինքը կարծում է, որ առանց փողոցային ակտիվ ներգրավման՝ իմպիչմենտի հասնելն անհնար է։ Ի հակադրություն՝ Հանրապետական կուսակցության հետ կապ ունեցող իմպիչմենտի կողմնակիցները առաջնորդվում են այլ տրամաբանությամբ․ նրանք նախաձեռնությունը դիտարկում են որպես ինքնուրույն քաղաքական քայլ, որը կարող է խթանել իրադարձությունների զարգացումը, այդ թվում՝ հանրային ճնշման ակտիվացումը պաշտոնական գործընթացի մեկնարկից հետո։
Այս համատեքստում Տեր-Պետրոսյանի միջամտությունը դիտվում է որպես փորձ՝ զրոյացնելու առկա կոնֆրոնտացիոն դինամիկան։ Հենվելով արտաքին քաղաքական սպառնալիքի վրա՝ նա փաստացի առաջարկում է ժամանակավորապես սառեցնել ներքին պայքարը՝ ընդդիմությանը զրկելով ամենաարժեքավոր ռեսուրսից՝ փողոցային աջակցությունից։ Այսպիսով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, առանց բացահայտ առճակատման, փաստացի չեղարկում է իմպիչմենտի սցենարը՝ առանց ուղղակիորեն անդրադառնալու ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, սակայն թուլացնելով երկուսին էլ։
Այս ողջ կոնֆիգուրացիան ոչ միայն ուղղված է ընդդիմության դեմ, այլև ուղղակիորեն նպաստում է Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը։ Միջազգային համատեքստը իշխանություններին հնարավորություն է տալիս ուշադրությունը ներքին խնդիրներից տեղափոխել արտաքին մարտահրավերներին՝ ցուցադրելով սեփական պատասխանատվությունն ու ակտիվ մասնակցությունը գլոբալ օրակարգին։
Եթե կառավարությունը կարողանա օգտագործել այս իրավիճակը՝ շեշտադրելով կայունության, ազգային անվտանգության և դիվանագիտական նախաձեռնությունների շուրջ ձևավորված օրակարգը, ապա այն կարող է վերածվել անձամբ Փաշինյանի վարկանիշի աճի։ Այստեղ առաջանում է պարադոքս․ Տեր-Պետրոսյանը, ով վերջերս հայտնվել էր բացահայտ հակասության մեջ Փաշինյանի հետ, հիմա փաստացի ստեղծում է պայմաններ, որոնք կարող են նրան օգնել ամրապնդվելու։
Դժվար է ասել՝ սա պետական մտածողության դրսևորո՞ւմ է, թե՞ նուրբ քաղաքական հաշվարկ։ Բայց արդյունքը մնում է նույնը․ Փաշինյանը շահում է ժամանակ և հնարավորություն է ստանում ներկայանալ որպես կայունության երաշխավոր՝ արտաքին ճգնաժամի պայմաններում։ Իսկ եթե դա նրան չհաջողվի, ապա բացվում է տարածք այլընտրանքների համար՝ այդ թվում՝ առաջին նախագահի, ում քաղաքական սուբյեկտայնությունը կրկին վերադարձել է հանրային օրակարգ։

