Իրանի շուրջ ընթացող զարգացումները չեն շրջանցում նաև այլ տարածաշրջանային երկրների, դրանց թվում է Լիբանանը։ Հաղորդվում է իսրայելական ավիահարվածների մասին։ Միաժամանակ երկրում ձևավորվում է հումանիտար ճգնաժամ, քանի որ, ըստ Լիբանանի պաշտոնական տվյալների, տեղահանվածների թիվը հասնում է մոտ կես միլիոնի։ Երեկ պայթյուններ են որոտացել նաև Բեյրութում։ Իսրայելը հայտարարել է, որ այդ հարվածներով թիրախավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի բարձրաստիճան զինվորականների ներկայացուցիչներին։ Ինչպիսի իրավիճակ է այսօր և ինչ զարգացումներ են հնարավոր Լիբանանից պատմեց քաղաքագետ Եղիա Թաշչյանը։
Սահմանին արդեն արձանագրվում են ռազմական գործողություններ
Նրա գնահատմամբ՝ Լիբանան–Իսրայել սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ ռազմական էսկալացիայի վտանգը՝ իրական։ Քաղաքագետի խոսքով՝ ներկայումս սահմանային որոշ գյուղերում արդեն արձանագրվել են սահմանափակ ռազմական գործողություններ։
Այս ամենի ֆոնին՝ բնակչությունը լքում է Լիբանանի հարավային շրջանները, ինչը կարող է վտանգավոր հետ ևանքներ ունենալ, նշում է քաղաքագետը։ Նրա գնահատմամբ՝ այս միտումը կարող է հանգեցնել էթնիկ զտումների կամ ժողովրդագրական լուրջ փոփոխությունների։ Թաշչյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հարավային Լիբանանում, որոշ առումներով հիշեցնում է այն գործընթացները, որոնք վերջին տարիներին դիտվել են Գազայի հատվածում և Պաղեստինի այլ շրջաններում։
Միաժամանակ լայնածավալ ներխուժումը, ինչպիսին տեղի էր ունեցել 1982 թվականի կամ 2006 թվականի, դեռևս չի նկատվում, սակայն նման վտանգը, ըստ նրա, բավական իրական է։
Թաշչյանի գնահատմամբ՝ հնարավոր է, որ Իսրայելը փորձի մի քանի կիլոմետր խորությամբ ներթափանցել Լիբանանի տարածք՝ ավելի մեծ ճնշում գործադրելու թե՛ Լիբանանի կառավարության, թե՛ Հեզբոլլահի վրա։ Նման սցենարը, ըստ նրա, կարող է հանգեցնել նաև լուրջ հումանիտար ճգնաժամի։
Տարաձայնություններ կառավարության և Հեզբոլլահի միջև
Դրան զուգահեռ Լիբանանի ներքաղաքական դաշտում նույնպես նկատվում են լարվածություն՝ կապված Հեզբոլլահի գործունեության հետ։ Թաշչյանի խոսքով՝ Լիբանանի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակելու Հեզբոլլահի ռազմական ակտիվությունը։ Սակայն հիմնական խնդիրը մնում է այդ որոշման գործնական իրականացումը։
Թաշչյանը նշում է, որ Լիբանանի զինված ուժերը գտնվում է բավական բարդ իրավիճակում․ այն ունի խիստ սահմանափակ ռեսուրսներ՝ ինչպես զինամթերքի, այնպես էլ ֆինանսների առումով։ Այդ պայմաններում բանակը ստիպված է միաժամանակ լուծել երկու հակասական խնդիր՝ մի կողմից իրականացնել կառավարության որոշումները, իսկ մյուս կողմից խուսափել երկրի ներսում հնարավոր բախումներից։
Հեզբոլլահը նույնպես գտնվում է բարդ իրավիճակում։ Մի կողմից կազմակերպությունը փորձում է պահպանել իր ռազմական ազդեցությունը և շարունակել որոշակի զսպող դեր խաղալ Իսրայելի նկատմամբ։ Մյուս կողմից՝ Լիբանանը գտնվում է ծանր տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ, ինչը լրջորեն սահմանափակում է երկրի հնարավորությունները։
Այս պայմաններում Հեզբոլլահի ապագան, ըստ Թաշչյանի, կախված է մի շարք առանցքային գործոններից, որոնք կարող են վճռորոշ լինել առաջիկա զարգացումների համար։ Առաջինը տարածաշրջանային զարգացումներն են, հատկապես Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների դինամիկան։ Երկրորդ գործոնը Լիբանանի ներքին քաղաքական և տնտեսական վիճակն է, որը շարունակում է մնալ անկայուն և խոցելի։ Երրորդ կարևոր գործոնը միջազգային ճնշումներն ու դիվանագիտական գործընթացներն են, որոնք նույնպես կարող են էական ազդեցություն ունենալ թե՛ Լիբանանի ներքին իրավիճակի, թե՛ տարածաշրջանային անվտանգության վրա։

