Թեհրանում տիրող լարված իրավիճակը, որի շուրջ օրեցօր ավելանում են անորոշություններն ու սպառնալիքները, արդեն մտահոգում է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաև Հայաստանին։ Իսրայելի և ԱՄՆ–ի բարձրաձայն կոչերը՝ լքելու իրանական մայրաքաղաքը, չինական մեդիայի տարածած մռայլ կանխատեսումները՝ Թեհրանում սպասվող «կարևոր իրադարձության» մասին, և Իրանում հնարավոր ռազմական հարվածների ու ռադիոակտիվ աղետի սցենարները՝ Հայաստանին կանգնեցնում են մի կարևոր հարցի առաջ. արդյո՞ք մենք պատրաստ ենք Իրանից փախստականների հնարավոր ներհոսքին։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ԱՄՆ-ի և Իսրայելի կոչերը համարում է ոչ միայն հոգեբանական գրոհ Թեհրանի բնակչության դեմ, այլ նաև՝ վտանգ, որն արդեն սկսում է իր ազդեցությունը թողնել. «Ամերիկան ու Իսրայելը կողմը կոչ են արել, որ բնակչությունը լքի Թեհրանը։ Սա կարելի էր համարել հոգեբանական գրոհ, բնակչության շրջանում խուճապ տարածելու համար, ինչը ռազմական մարտավարություն է։ Սակայն այն, որ չինական լրատվամիջոցներն են տարածում այն լուրը, որ երեկոյան Թեհրանում կարող է ինչ-որ նշանակալի իրադարձություն կատարվել, հիմք է տալիս ավելի լուրջ վերաբերվել այդ կոչերին։ Եթե կառավարություն ունենայինք, ապա հատուկ հանձնաժողով պետք է ստեղծված լիներ Իրանի հայության կարիքները կազմակերպելու համար, որոնցից շատերը հիմա շարժվում են դեպի Հայաստան։ Կարծես թե խոսքը գնում է Ֆորդո միջուկային կենտրոնին հարվածելու մասին, ինչը կարող է ռադիոակտիվ վարակ առաջացնել»:
Նման սցենարն, ըստ վերլուծաբան Արման Աբովյանի, պահանջում է ոչ թե սպասել, այլ անմիջապես սկսել պլանավորել հնարավոր զարգացումները՝ հաշվի առնելով նաև Հայաստանի սահմանափակ ռեսուրսներն ու ժողովրդագրական կառուցվածքը.
«Պետք է պարզապես ուղենորը միացնել և հասկանալ, թե ինչ ենք անելու փախստականների հետ, որոնք, հնարավոր է, ներհոսեն Հայաստան: Եթե իրանահայերի հարցը հասկանալի է, ապա Իրանի այլ քաղաքացիների (պարսիկների, քրդերի, իրանական թյուրքերի և այլոց) հարցը կարող է լուրջ խնդիր դառնալ: Իրանցի փախստականներին երկիր չթողնելը նույնիսկ տեխնիկապես անհնար է, և այն փաստը, որ իրանցիները մեզ եղբայրական ժողովուրդ են, նույնպես կարևոր է: Մենք պարտավոր ենք օգնել նրանց»:

