Վերջին զարգացումների ֆոնին կրկին ակտուալ է դառնում Իրանի տարածաշրջանային քաղաքականության և նրա ազդեցության հարցը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի խոսքով, թե՛ Երևանն, թե՛ Բաքուն վերջին օրերին հանդես են եկել հայտարարություններով՝ ուղեկցված նաև քարոզչական տարրերով։ «Մենք նրանց ենք մեղադրում, նրանք՝ մեզ, բայց Իրանի ներսում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ շահ չունի Իրանի թուլացման համար», — ընդգծում է նա։
Իսկանդարյանը հիշեցնում է՝ հենց Իրանը երբեք չի փոխել իր հստակ դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում։ «Իրանը միակ երկիրն էր, որը բացեիբաց դեմ արտահայտվեց այս նախաձեռնությանը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ շեշտեց, որ հենց Իրանը ամենաուժեղ հակադարձումն է տալիս, նկատի ունենալով, որ այդ հակազդեծությունը ավելին է, քան անգամ Հայաստանի ռազմավարական դաշնակցից», — հավելում է նա։
Իսկ Ադրբեջանի պարագայում իրավիճակն այլ է։ «Արցախի ամբողջական ադրբեջանական վերահսկողության տակ ընկնելուց հետո ակտիվորեն տարածվեցին տեղեկություններ, թե Իսրայելի հատուկ ծառայություններն օգտագործում են Արցախը՝ Իրանի հյուսիսային սահմանները մշտադիտարկելու համար։ Իրանում սա բավական ակտիվորեն քննարկվում էր», — նշում է Իսկանդարյանը։ Նա նաև հիշեցնում է «երկու Ադրբեջանների միավորման» թեզի շրջանառության մասին, որը Իրանում դիտվում է որպես լուրջ սպառնալիք։
«Ակնհայտ է՝ եթե որևէ երկիր շահագրգիռ է Իրանի թուլացման հարցում, ապա դա Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը», — եզրափակում է իրանագետը։

