Իրան-ԱՄՆ․ կողմերը փաստացի հայտնվել են «սառը պատերազմի» փուլում

Իրան–ԱՄՆ–Իսրայել հակամարտություն. առաջին փուլն ավարտված է, ի՞նչ սպասել 

Մերձավոր Արևելքում արդեն մեկ շաբաթ շարունակվող ռազմական գործողությունները աստիճանաբար մտնում են նոր փուլ։ Թյուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված գործողությունների առաջին փուլը, ըստ ամենայնի, իրականացրել է իր հիմնական խնդիրները, սակայն դա դեռ չի նշանակում, որ հակամարտությունը մոտենում է ավարտին։
Առաջին փուլում հասցված հարվածները

Փորձագետի խոսքով՝ այս պահին դժվար է վերջնական գնահատական տալ, թե արդյոք նախահարձակ կողմը լիովին հասել է իր նպատակներին։ Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ ԱՄՆ-ն և Իսրայելը առաջին փուլում զգալի արդյունքների են հասել։

Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել Իրանի բարձրագույն ղեկավարությանը, կառավարման կենտրոններին, ռազմական ենթակառուցվածքներին, հրթիռային համակարգերին և ռազմական բազաներին։

Սաֆրաստյանի գնահատմամբ՝ այս գործողությունները համապատասխանում էին այն նպատակներին, որոնք նախապես դրվել էին ռազմական գործողությունների առաջին փուլի համար։

Միաժամանակ նա ընդգծում է մի կարևոր հանգամանք. նույնիսկ այդպիսի ծանր հարվածների պայմաններում Իրանը չի կորցրել պետական կառավարման համակարգի վերահսկելիությունը։

«Մենք տեսնում ենք, որ Իրանը շարունակում է դիմակայել այդ հարձակմանը և պահպանում է իր կառավարման համակարգը»,– նշում է փորձագետը։

Հնարավոր երկրորդ փուլը

Սաֆրաստյանի կարծիքով՝ իրավիճակը կարող է տեղափոխվել ռազմական գործողությունների երկրորդ փուլ։

Դրա մասին, ըստ նրա, կարելի է ենթադրել նաև ԱՄՆ ռազմական ղեկավարության վերջին հայտարարություններից։ Եթե այդ փուլը սկսվի, ապա այն կներառի ավելի զանգվածային ռմբահարումներ Իրանի տարածքում։

Փորձագետի գնահատմամբ՝ այս անգամ հիմնական թիրախ կարող են դառնալ ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև հաղորդակցության ուղիները և ենթակառուցվածքները։

Նպատակն, ըստ նրա, կարող է լինել Իրանի կենսագործունեության խաթարումը՝ փորձելով վնասել այն համակարգերը, որոնց շնորհիվ երկիրը դեռ շարունակում է գործել համեմատաբար նորմալ ռեժիմով։

Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ արդեն այս պահին ռազմական գործողությունները մեծ կորուստներ են պատճառել խաղաղ բնակչությանը։

«Կան մեծ թվով զոհեր խաղաղ բնակչության շրջանում, երեխաներ են սպանվել, հարվածներ են հասցվել դպրոցների»,– նշում է նա։

Կարո՞ղ է ակտիվանալ քրդական գործոնը

Սաֆրաստյանի խոսքով՝ իրավիճակի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի այն բանից, թե ինչպես կընթանա Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր երկրորդ փուլը։

Փորձագետը կարծում է, որ նույնիսկ զանգվածային ռմբահարումների դեպքում դժվար կլինի խաթարել Իրանի պետական կառավարման համակարգի բնականոն գործունեությունը կամ հասնել այն հիմնական նպատակին, որը կարող է դրվել՝ իշխանության փոփոխություն Իրանում և ավելի արևմտամետ ուժերի իշխանության գալ։

Եթե նման սցենարը չիրականանա, ապա, ըստ Սաֆրաստյանի, չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են փորձել օգտագործել Իրանի ներսում առկա էթնիկական գործոնը։

Իրանը բազմազգ պետություն է, և այդ բազմազգության շրջանակում կարևոր դեր ունի նաև քրդական գործոնը։ Այդ պատճառով հնարավոր է, որ փորձ արվի ակտիվացնել քրդական կազմակերպությունները Իրանի քրդաբնակ շրջաններում։

Փորձագետի խոսքով՝ արդեն իսկ որոշ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ տեղի են ունենում շփումներ ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչների և Իրանի քրդաբնակ շրջաններում գործող որոշ քրդական կազմակերպությունների միջև։

Այնուամենայնիվ Սաֆրաստյանը շեշտում է, որ դեռ վաղ է ասել, թե այդ սցենարը անպայման կիրականանա․ այդպիսի զարգացումը հնարավոր է, սակայն կարող է նաև չիրականանալ, սակայն եթե քրդական գործոնը իսկապես ակտիվացվի, դա կարող է փոխել նաև Թուրքիայի վարքագիծը։

Թուրքիայի հնարավոր քայլերը

Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի համար ռազմավարական կարևորություն ունի այն, որ Իրանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Անկարան շահագրգռված չէ Իրանի մասնատմամբ, քանի որ դա կարող է լուրջ փոփոխություններ բերել տարածաշրջանային ուժային հավասարակշռության մեջ։

Միաժամանակ Թուրքիան չափազանց զգայուն է մոտենում քրդական գործոնին։ Քրդական հարցը երկար տարիներ հանդիսանում է Թուրքիայի անվտանգության քաղաքականության առանցքային թեմաներից մեկը, և Անկարան մշտապես փորձում է կանխել տարածաշրջանում այնպիսի զարգացումները, որոնք կարող են ուժեղացնել քրդական շարժումները։

Եթե քրդական գործոնը իսկապես ակտիվացվի, դա կարող է բերել Թուրքիայի ավելի ակտիվ ներգրավվածությանը։

Սաֆրաստյանը չի բացառում, որ այդ դեպքում Թուրքիան կարող է փորձել ստեղծել բուֆերային գոտի՝ իր զինված ուժերը տեղակայելով Իրանի սահմանամերձ շրջաններում, որոնք հիմնականում քրդաբնակ են։

Այդպիսի սցենարի դեպքում Թուրքիայի ներգրավվածությունը Իրանի տարածքում կարող է զգալիորեն ակտիվանալ։ Սակայն, ինչպես նշում է Սաֆրաստյանը, նման զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը և Երուսաղեմը իսկապես որոշեն ակտիվորեն օգտագործել քրդական գործոնը Իրանի ներսում։ Ներկայումս առկա են միայն հեռավոր նախանշաններ, որոնք կարող են նաև երբեք իրականություն չդառնալ։

Ինչո՞ւ է Իրանը դիմակայում միայնակ

Սաֆրաստյանի խոսքով՝ հարցը, թե ինչու Իրանի հավանական դաշնակիցները՝ մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը, ակտիվորեն չեն ներգրավվում հակամարտության մեջ, ունի մի քանի բացատրություն։

Նախ՝ Ռուսաստանի դեպքում պատճառը բավականին պարզ է։ Ռուսաստանը ներկայումս ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ և չի կարող իրեն թույլ տալ միաժամանակ ներգրավվել նաև մեկ այլ լայնածավալ ռազմական հակամարտության մեջ։ Այդ պատճառով Մոսկվան խուսափում է ուղղակի ռազմական մասնակցությունից Իրանի շուրջ ընթացող զարգացումներում։

Միևնույն ժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանը որոշակի աջակցություն այդուհանդերձ տրամադրել է Իրանին։ Սակայն, ըստ փորձագետի, այդ աջակցությունը սահմանափակ բնույթ ունի և չի կրում լայնածավալ ռազմական մասնակցության ձև։ Հիմնականում Ռուսաստանի աջակցությունը ներկայումս դրսևորվում է դիվանագիտական մակարդակում։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա նրա դիրքորոշումը պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ Չինաստանը աշխարհագրական առումով բավական հեռու է այս տարածաշրջանից և սովորաբար խուսափում է նման հակամարտություններում ուղղակի ներգրավվելուց։

Բացի այդ, Չինաստանի համար առաջնային նշանակություն ունի տնտեսական գործոնը։ Այդ համատեքստում հաղորդագրություններ են տարածվել, որ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն Իրանի հետ, ըստ որի՝ Իրանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնի չինական նավթատար տանկերներին, որոնք տեղափոխում են նավթ։

Այսպիսով, Չինաստանի համար առաջնայինը տնտեսական շահերն են, և այդ պատճառով Պեկինը չի ցուցաբերում պատրաստակամություն ներգրավվելու ռազմական հակամարտության մեջ։

Մյուս կարևոր պատճառը կապված է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետ։ Վերջին տարիներին ընդունված ամերիկյան անվտանգության ռազմավարական փաստաթղթերում հենց Չինաստանն է նշվում որպես Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցը։ Այդ պայմաններում Պեկինը բնականաբար չի ցանկանա մտնել ուղիղ ռազմական հակամարտության մեջ Միացյալ Նահանգների հետ։

Scroll to Top