Իրանի դեմ ցամաքային հարձակման սցենարը այս պահին փակված է, մոտ ժամանակում հնարավոր է նաև զինադադար: Նման կանխատեսումներով հանդես եկավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Ինչո՞ւ տապալվեց ցամաքային ներխուժման սցենարը
Նրա գնահատմամբ՝ Իրանի դեմ ցամաքային հարվածների և հնարավոր ներխուժման սցենարի նախապատրաստման շրջանակում տեղի ունեցան որոշ ցուցադրական քայլեր, որոնք պետք է ծառայեին որպես հետագա գործողությունների հիմնավորում։
Աղաջանյանի խոսքով՝ հենց այդ տրամաբանության շրջանակում էր, որ հանկարծակիորեն հրթիռներ հայտնվեցին Թուրքիայի տարածքում, ինչպես նաև Նախիջևանում և Ադրբեջանի տարածքում։ Դրանք, ըստ նրա, ավելի շուտ նախապատրաստական բնույթի քայլեր էին, որոնք պետք է ստեղծեին անհրաժեշտ հիմնավորումներ հետագա գործողությունների համար և ծառայեին որպես պատրվակ հաջորդ քայլերի համար։
Սակայն, ինչպես նշում է դեսպանը, այդ սցենարը չիրականացավ։ Նրա խոսքով՝ իրավիճակն արդեն փոխվել էր, և նախատեսված գործընթացը փաստացի ձախողվեց։
Քրդերի դերակատարությունը
Աղաջանյանի գնահատմամբ՝ այդ սցենարում կարևոր դեր պետք է ունենային քրդերը, սակայն նրանց ներգրավումը ևս չիրականացավ` ոչ Սիրիայի, ոչ Իրաքի, ոչ էլ Իրանի քրդերն այս սցենարին չմիացան։
Նրա գնահատմամբ՝ դեռ երկու ամիս առաջ Սիրիայում քրդերին «փուռը տալով»՝ ամերիկացիները նախատեսում էին ապահովել Թուրքիայի մասնակցությունը այս գործընթացին, սակայն դրանով իսկ իրենք ուղղակի ձախողեցին Սիրիայից քրդերի ներգրավումը։
«Ամերիկացիները մտածում էին այս պահին այս հարցը լուծենք, հետո մնացած խնդիրները կլուծենք։ Եվ դրա համար իրենք քրդերին «փուռը տվեցին» թուրքերից համաձայնությունը ստանալու համար՝ մտածելով, որ հետո էլի քրդերին կկարողանան «կերակրել» անկախություն ստանալու հույսով և օգտագործել Իրանի դեմ։ Բայց չստացվեց։ Որովհետև քանի անգամ կարելի է խաբվել նույն սցենարով», — ասաց նա։
Աղաջանյանը նշում է, որ քրդական ուժերը բազմիցս բախվել են նման իրավիճակների և նույն սցենարով խաբվելու հավանականությունը գնալով նվազում է։
ԱՄՆ-ի և տարածաշրջանային խաղացողների մոտեցումները
Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգների համար նման իրավիճակներում առաջնայինը նպատակին հասնելն է։ Այդ նպատակին հասնելու համար, նրա գնահատմամբ, Վաշինգտոնը չի սահմանափակվում որևէ «կարմիր գծերով»։
«Եթե պետք է խաբել՝ կխաբեն, եթե պետք է օգտագործել՝ կօգտագործեն», — նշում է նա՝ ընդգծելով, որ նույն մոտեցումը կիրառվում է նաև տարածաշրջանային այլ դերակատարների նկատմամբ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի։
Ցամաքային հարձակման թեման՝ առայժմ փակված
Աղաջանյանի գնահատմամբ՝ սկզբնական փուլում Թուրքիան բավական զգուշավոր էր արձագանքում տեղի ունեցող զարգացումներին։ Սկզբում նույնիսկ պաշտոնական մակարդակով հերքվում էր, թե Թուրքիայի տարածքում որևէ հարված է եղել։
Սակայն հետագայում Անկարան ավելի ակտիվ հայտարարություններ սկսեց անել։ Այնուամենայնիվ, ըստ դիվանագետի, իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ քրդական ուղղությամբ նախատեսված սցենարը չի իրականանում։
Նրա խոսքով՝ քրդական ուժերը պետք է դառնային հնարավոր ցամաքային գործողությունների հիմնական հարվածային ուժը, նրանց մասնակցության բացակայության պայմաններում ցամաքային ներխուժման թեման փակվեց, առնվազն այս փուլում։
Հնարավոր զինադադար
Աղաջանյանի գնահատմամբ՝ առաջիկայում հնարավոր է, որ իրավիճակը տեղափոխվի բանակցային դաշտ։
Նրա կարծիքով՝ կտեսնենք կուլիսային բանակցություններ, իսկ հրապարակային հայտարարությունների մակարդակում դեռ որոշ ժամանակ կարող են հնչել սպառնալիքներ։ Սակայն այդ հայտարարությունների տոնայնությունը, ըստ նրա, աստիճանաբար կնվազի։
Դիվանագետը չի բացառում, որ նման գործընթացների արդյունքում արդեն մոտ ժամանակում հնարավոր է նաև զինադադարի հասնել։ Նրա գնահատմամբ՝ այդպիսի սցենարի դեպքում մարտի 21–23-ի շրջանում կարող է ձևավորվել դադար ռազմական գործողություններում։

