Ըստ վերլուծաբանի, այս պայմաններում մեծ վտանգ է պարունակում ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են վերացնել Իրանի հոգևոր առաջնորդին՝ ռահբարին։ Այդ անձը, շարունակում է Դանիելյանը, հանդիսանում է Իրանի գլխավոր լեգիտիմ իշխանությունը, նրա վերացումը կարող է բերել անկանխատեսելի, ամենածանր զարգացումների։ «Կա հին պատկերացում, որ միապետերին և հոգևոր առաջնորդներին չեն վերացնում, քանի որ նրանք համարվում են Աստծո օծյալներ։ Եթե այս կանոնը խախտվի, ապա Իրանում սկսվելու է անկառավարելի քաոս», — համոզված է Դանիելյանը։
Եթե կենտրոնական իշխանությունը փլուզվի, առաջին հերթին հարավում կբարձրանա բելուջների ազգային ազատագրական շարժումը։ Այդ նույն էթնոսը ապրում է նաև Պակիստանում։ Սա կստիպի Պակիստանին մտածել՝ մտնի՞ Իրան՝ բելուջներին վերահսկելու համար, թե՞ փորձի ստեղծել «Մեծ Բելուջստան»։ Այդ դեպքում նաև փուշթունները կցանկանան նույնը՝ բաժանվել և իրենց տարածքը ձևավորել։ Կրոնական և էթնիկ բախումները կծավալվեն նաև այնտեղ, բացատրում է նա։
Բացի այդ, Ատրպատականի ադրբեջանցիները կարող են ցանկանալ միավորվել Հյուսիսային Ադրբեջանի հետ՝ ստեղծելով Մեծ Ադրբեջան։ «Սակայն այստեղ հարց է՝ ովքեր կլինեն նոր միավորված երկրի իշխանության դոմինանտ ուժերը՝ շիանե՞րը, սուննինե՞րը, աշխարհիկնե՞րը։ Ո՞րն է լինելու մայրաքաղաքը՝ Թավրիզը, թե՞ Բաքուն։ Սա նույնպես կարող է բերել ներքին քաղաքացիական բախումների», — նշում է նա և շարունակում․
«Եթե ադրբեջանցիներն ապստամբություն բարձրացնեն, ապա անխուսափելի է դառնալու նրանց բախումը քրդերի հետ։ Իրանի արևմուտքում ապրում է մոտ 7-8 միլիոն քուրդ, որոնք կապված են Թուրքիայի և Իրաքի քրդական շրջանների հետ։ Այդ տարածքներում վաղուց է գոյություն ունեցել թշնամություն, մասնավորապես Ուրմիայի շրջանում։ Սա կարող է վերաճել լայնամասշտաբ բախումների հենց Հայաստանի սահմանների հարևանությամբ»։
Հարց է նաև՝ արդյոք քրդական շարժումը կտարածվի դեպի Թուրքիա, շարունակում է նա։ «Սիրիայի քրդերը (շուրջ 2 միլիոն) արդեն իսկ խնդիր են Թուրքիայի համար, իսկ եթե Իրանի քրդերը միանան նրանց, ապա միասնական քրդական գոտի կձևավորվի՝ Իրաքից մինչև Սիրիա՝ անմիջական սահման ունենալով Թուրքիայի քրդերի հետ։ Սա դառնում է լուրջ մարտահրավեր նաև Թուրքիայի համար», — հավելում է Դանիելյանը։ Բացի դրանից, Իրանի հարավում՝ Պարսից ծոցի ափին, ապրում են 7-8 միլիոն արաբներ, որոնք բնակվում են Խուզեստանում։ Նրանք նույնպես ունեն խնդիրներ կենտրոնական իշխանության հետ։
«Եթե Իրանի միասնությունը կորչի, ապա առաջիկա տարիները մեր տարածաշրջանում լի կլինեն խոր ճգնաժամերով, միջէթնիկական, միջկրոնական և նույնիսկ միջպետական արյունահեղություններով։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ՝ արդյոք Հայաստանը պատրաստ է նման զարգացումներին», — նշում է նա։

