Ընտրություններին ընդդիմության հաղթանակը դեռ չի երաշխավորում իշխանափոխություն

Ընտրություններին ընդդիմության հաղթանակը դեռ չի երաշխավորում իշխանափոխություն

Հունիսի 7-ի ընտրություններով Հայաստանում իշխանափոխության գործընթացը չի վերջանում, անգամ ընդդիմության համար առավել բարենպաստ արդյունքի դեպքում։ Այս մասին նշեց Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝  անդրադառնալով  առաջիկա ընտրական գործընթացներին։

Իշխանության պահպանման իրավական պատուհանը

Պողոսյանն ընդգծեց, որ նույնիսկ այն դեպքում, եթե հունիսի 7-ի ընտրությունները անցնեն ընդդիմության ակնկալիքներին համապատասխան, և ընտրությունների արդյունքով «այսօրվա իշխող թիմը այլևս չունենա ժողովրդի քվե իշխանությունը պահելու համար», գործող վարչապետը շարունակելու է պաշտոնավարել մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը՝  ութերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի  ավարտը։ Ըստ սահմանադրագետի՝ այդ ժամանակահատվածում չեն բացառվում «բազմաթիվ ապօրինի գործընթացներ», ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում քաղաքական համակարգի համար, և իշխանափոխության վերջնականացման համար։

Միայն ընտրություններով փոփոխության հասնելու «խորը մոլորությունը»

Ավելին՝ Պողոսյանի գնահատմամբ, լայնորեն տարածված պատկերացումը, թե հնարավոր է միայն ընտրական գործընթացի, ընտրական օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանման և դիտորդական առաքելությունների միջոցով հասնել իշխանափոխության, խորը  մոլորություն է։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունը կիրառել և կիրառելու է բոլոր հնարավոր միջոցները միջամտելու ընտրական գործընթացներին և խեղաթյուրելու իրական արդյունքները։ Այդ պայմաններում ենթադրել, թե իշխանությունները կգործեն բացառապես ընտրական օրենսգրքի բոլոր կանոններով գոնե նախընտրական քարոզչության փուլից սկսած Պողոսյանը համարում է միամտություն։

Սահմանադրագետը նշում է, որ անկախ այն հանգամանքից, թե որքան թվով կուսակցություններ կմասնակցեն ընտրություններին և ինչ բովանդակային ծրագրեր կներկայացնեն, եթե նրանց նպատակը իրականում այս իշխանություններից ազատվելն է, ապա պետք է ձեռնարկեն մի շարք կոնկրետ քայլեր։

Առաջին և հիմնական քայլը, ըստ Պողոսյանի, ընտրազանգվածի հետ բացատրական աշխատանքն է։ Նա ընդգծում է, որ հասարակությանը պետք է հստակ ասել՝ «մենք եվրոպական երկիր չենք», և հունիսի 7-ով իշխանությունից ազատվելու գործընթացը չի ավարտվելու։ Ըստ նրա՝ այդ գործընթացը պետք է սկսվի շատ ավելի վաղ՝ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն փողոց դուրս գալու դեռ մինչև հունիսի 7-ը, ինչպես նաև ընտրություններից հետո՝ իրենց քվեն պաշտպանելու համար։

Առաջին փուլ․ մինչև հունիսի 7-ը

Անդրադառնալով մինչև ընտրությունները ընկած ժամանակահատվածին՝ Պողոսյանը նշում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, պետք է կարողանան համագործակցել։ Նրա գնահատմամբ՝ առնվազն չորս խոշոր քաղաքական ուժ նման հայտ ներկայացրել է։

Նա ընդգծում է, որ անհրաժեշտ է նախապես պայմանավորվածություն ձեռք բերել այն դեպքերի համար, երբ տեղի կունենան ընտրական գործընթացին «ակնհայտ ապօրինի միջամտություններ»։ Այդպիսի իրավիճակներում ընդդիմադիր ուժերը, ըստ նրա, պարտավոր են գործել միասնական։

Պողոսյանը ցավով արձանագրում է, որ ընդդիմության, հատկապես այսպես  կոչված «տիտղոսային ընդդիմության» միջև նման համաձայնություններ հազվադեպ են եղել և, որպես կանոն, չեն վերաբերել երկրի համար առանցքային հարցերին։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերը պետք է կարողանան վեր կանգնել անձնական ամբիցիաներից և գործել միասնական՝ թեկուզ կարճ ժամանակահատվածում։ Նա ընդգծում է, որ եթե իշխանափոխության նպատակ ունեցող ուժերից որևէ մեկի նկատմամբ կիրառվեն ճնշումներ կամ միջամտություններ, մյուսները պարտավոր են հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Հակառակ դեպքում, ըստ Պողոսյանի, անհնար կլինի զերծ պահել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը լայնածավալ խախտումներից։ Սահմանադրագետը նշում է, որ  ընտրական գործընթացում խախտումները «արդեն իսկ սկսվել են», ինչը լրացուցիչ լրջություն է հաղորդում ստեղծված իրավիճակին։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top