Հասարակական-քաղաքական դաշտում շարունակում է ակտիվ քննարկվել մետրոյում տեղի ունեցած սկանդալային միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի տիկնոջ միջև։ Հանրային լայն շրջանակներում այն ընկալվում է որպես նախընտրական լարվածության ֆոնին ինքնատիրապետման կորստի դրսևորում։ Սակայն, ինչպես նշում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, այս գնահատականը միանշանակ չէ և միջադեպը իրականում կարող է ունենալ ավելի խորքային բացատրություն։
Կառավարելի՞ ոճ, թե՞ ինքնատիրապետման կորուստ
Բադալյանի խոսքով՝ Փաշինյանի վարքագիծը հաճախ ընկալվում է որպես անհավասարակշիռ, և դրա համար հիմքեր տվել է հենց ինքը՝ վարչապետը։ Միևնույն ժամանակ, փորձագետը չի բացառում, որ այդ կերպարը կարող է նաև նպատակային կերպով օգտագործվել քաղաքական խնդիրներ լուծելու համար։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը ձևավորել է իր էլեկտորատին համապատասխան վարքագծային մոդել և այժմ կարող է «ըստ անհրաժեշտության» գործարկել այդ ոճը՝ մի կողմից բավարարելով իր աջակիցների սպասումները, մյուս կողմից՝ ազդելով քաղաքական գործընթացների վրա։
Մոբիլիզացիայի անհրաժեշտություն
Բադալյանի կարծիքով՝ գործող իշխանության համար առաջնային խնդիրներից մեկը սեփական էլեկտորատի առավելագույն մոբիլիզացիան է։ Նրա խոսքով՝ ընտրական տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանի շանսերը մեծանում են այն դեպքում, երբ ընդհանուր մասնակցությունը ցածր է։
Բադալյանը շեշտում է, որ իշխանության համար կարևոր է ստեղծել այնպիսի հանրային մթնոլորտ, որտեղ հնարավորինս քիչ կլինեն այլ մոտիվացված խմբեր, իսկ սեփական ընտրազանգվածը լինի առավել ակտիվ։ «Եթե լինի բարձր մասնակցություն, ապա հարաբերական թվաբանության մեջ դա կարող է լուրջ խնդիր ստեղծել մեծամասնություն ապահովելու համար», — նշում է նա։
«Պահը չկորցնելու» քաղաքականությունը
Վերլուծելով մետրոյի միջադեպը՝ Բադալյանը հակված է այն դիտարկել ոչ թե որպես ինքնատիրապետման կորուստ, այլ որպես իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու փորձ։ Նրա խոսքով՝ Փաշինյանը «ոչ թե կորցրեց ինքնատիրապետումը, այլ պարզապես չկորցրեց պահը»։
Մասնավորապես, փորձագետը մատնանշում է, որ միջադեպը հնարավորություն տվեց նորից ակտիվացնել արցախյան թեման և ձևավորել ներքին կոնֆրոնտացիա։ Ըստ նրա՝ վարչապետը ընտրություններին գնում է Արցախի կորստի ծանր բեռով, և այդ բեռը մեղմելու համար շահագրգռված է կոնֆլիկտային նարատիվների ուժեղացմամբ։
Բադալյանի ձևակերպմամբ՝ ստեղծվում է մի միջավայր, որտեղ Արցախի կորստի իշխանության պատասխանատվության շեշտադրումը տեղափոխվում է արցախցիների վրա։ Նա նշում է, որ նման մոտեցումը թույլ է տալիս նաև պահպանել և վերարտադրել այն բևեռացված համակարգը, որի վրա կառուցված է գործող իշխանության քաղաքական հենարանը, ր որի անհրաժեշտություն ունի նոր կոնֆլիկներով անընդհատ սնուցման։
«Պատերազմ, թե խաղաղություն» դիլեման
Բադալյանը առանձնացնում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ նախընտրական քարոզչական շեշտադրումների մեջ «պատերազմ կամ խաղաղություն» դիլեմայի օգտագործումը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար ներկայացնում է թեզ, ըստ որի՝ իր իշխանության բացակայությունը կարող է հանգեցնել պատերազմի։
Սակայն Բադալյանը նշում է, որ այս թեզի հիմնավորումը վերջին շրջանում թուլացել է, քանի որ ընդդիմադիր ուժերը քիչ են անդրադառնում Արցախի թեմային, առավել ևս՝ ռևանշիստական հռետորաբանությամբ։ Այդ պայմաններում, նրա կարծիքով, առաջանում է անհրաժեշտություն նորից «խթանել» թեման՝ հատկապես էմոցիոնալ դաշտում։
«Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մթնոլորտ, որտեղ արցախյան հարցը կդառնա առավել էմոցիոնալ, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել քաղաքական նպատակներով, և այս միջադեպը լավագույնս ծառայում է այդ նպատակի սպասարկմանը», — կարծում է Բադալյանը։

