Էրդողանի հետ հանդիպումը՝ որպես անձնական նվաճում

Թուրքիայում Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը պաշտոնական Երևանը ներկայացնում է որպես պատմական իրադարձություն, ընդգծելով երկկողմ շփումների ինտենսիվացումը։ Սակայն ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն այդ գնահատականների հետ համակարծիք չէ։

Նրա խոսքով՝ այցը բացառում է դիվանագիտական պրակտիկայի հիմնարար կանոնները, քանի որ կազմակերպվել է առանց որևէ միջազգային ձևաչափի կամ երրորդ կողմի միջնորդության՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն։ «Այս մակարդակի այցը Թուրքիա՝ առանց միջազգային որևէ ֆորմատի, հակասում է դիվանագիտական հարաբերությունների գրված և չգրված կանոններին։ … Դու գնում ես մյուսի դուռը, դրանով արտահայտելով քո ստորադասությունը»։

Դեսպանը նշում է, որ Փաշինյանի կողմից սա դիտարկվել է որպես անձնական ձեռքբերում, ոչ թե պետական շահերից բխող նախաձեռնություն։ Նրա խոսքով՝ վարչապետի «ցնծացող դեմքից» պարզ է դառնում, որ հանդիպումը եղել է «իր երազանքներից մեկը»։ Աղաջանյանի դիտարկմամբ՝ հանդիպումը, որն ըստ պաշտոնական տեղեկատվության տևել է ընդամենը ժամուկես, իրականում ունեցել է նախորդող փուլ՝ այլ մակարդակներում, այդ թվում՝ փոխարտգործնախարարի և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ։

Դեսպանը համոզված է, որ մինչ այդ կայացել են մանրակրկիտ քննարկումներ՝ կապված միջանցքային ծրագրերի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման շուրջ։ փոխարտգործնախարարն ու ԱԺ փոխնախագահը ներկա չէին Էրդողանի հետ հանդիպման, բայց նրանց Թուրքիայում գտնվելը զուտ արարողակարգային չէր։

Աղաջանյանն կարծում է, որ հանդիպման հիմնական օրակարգում եղել է Զանգեզուրի միջանցքի հարցը և խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Սակայն իրավիճակը, մասնավորապես՝ Իրանի շուրջ զարգացումները, ստիպել են բոլոր կողմերին ժամանակավորապես կանգ առնել։ «Ներկա պահին ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի համար ձեռնտու չէ ծրագրի համաձայն առաջ շարժվել։ … Նրանց համար անհրաժեշտ է պատրվակ՝ այդ ծրագրից դուրս գալու համար»։

Այսպիսով, Աղաջանյանի գնահատմամբ՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը ոչ միայն զուրկ է իրական քաղաքական արդյունքներից, այլ նաև բացահայտում է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության ենթակայական բնույթը՝ վտանգելով Հայաստանի ինքնիշխան շահերն ու տարածաշրջանային դիրքերը։

Scroll to Top