Թուրքիայի դիրքավորումը Իրանի և Իսրայելի միջև ընթացող հակամարտության համատեքստում բավական բարդ է, իսկ նրա վարած քաղաքականությունն՝ իրարամերժ։ Այս մասին ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ հակամարտության հենց սկզբում Իրանի պաշտոնական աղբյուրները հրապարակեցին 11 երկրների ցանկ, որոնք աջակցում են Իսրայելին։ Այդ ցանկում նշված էր նաև Թուրքիան։ Սակայն ընդամենը օրեր անց Իրանի պաշտոնական շրջանակները հրապարակեցին մեկ այլ ցանկ՝ շնորհակալություն հայտնելով մի շարք երկրներին՝ այդ թվում Ռուսաստանին և Չինաստանին՝ իրենց աջակցության համար, ու հետաքրքիր է, որ այդ ցանկում նույնպես նշվում էր Թուրքիան։
Սաֆրաստյանի գնահատմամբ, այս երկու իրարամերժ հայտարարությունները վկայում են, թե որքան բարդ է իրավիճակը։
Անդրադառնալով պատերազմն ի վերջո ինչ ազդեցություն կունենա Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի վրա՝ Սաֆրաստյանը պարզաբանում է, որ սա կախված է հենց պատերազմական գործողությունների ելքից։
«Եթե Իրանը պահպանի իր ներկայիս քաղաքական համակարգը, սակայն կրի ծանր կորուստներ, դա կարող է ձեռնտու լինել Թուրքիային։ Իրանը եղել է Թուրքիայի հիմնական մրցակիցը տարածաշրջանում։ Իսկ եթե Իրանի տարածքային ամբողջականությունը խախտվի և սկսվի տրոհման գործընթաց, ապա դա կդառնա Մերձավոր Արևելքի համար լուրջ աղետ», – ասում է նա։
Ըստ Սաֆրաստյանի՝ խոշոր խաղացողները, ներառյալ նաև Միացյալ Նահանգները, շահագրգռված չեն նման ելքով։ «Նույնիսկ ԱՄՆ-ին դա ձեռնտու չէ։ Իսրայելը, հնարավոր է, շահագրգռված լինի Իրանի թուլացմամբ, սակայն եթե Իսրայելը չափազանց մեծ վնաս հասցնի Իրանին ու արդյունքում ուժեղանա, դա կդառնա նաև Թուրքիայի համար նոր մրցակցային մարտահրավեր»։
Թուրքագետը չի բացառում, որ նման սցենարի դեպքում Թուրքիան կարող է միջամտել գործընթացներին, հատկապես եթե սկսեն ի հայտ գալ առանձին պետական միավորներ՝ օրինակ՝ Ատրպատականի շուրջ։ Նա հիշեցնում է, որ այդ շրջանում գործում են պանթյուրքիստական կազմակերպություններ, որոնք, ըստ մի շարք աղբյուրների, վերահսկվում են թուրքական հետախուզության կողմից։
«Թուրքիան մտավախություն ունի, որ պետք է խուսափել Իրանի տրոհումից։ Միասնական, բայց որոշ չափով թուլացած Իրանը Թուրքիայի համար կլինի ամենադրական տարբերակը», – ընդգծում է Սաֆրաստյանը։

