Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը կարող է վերածվել պայթյունավտանգ թեմայի

Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահն ակտիվորեն բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, ներկայացնելով այն որպես անշեղ պահանջ։ Այս թեման, ըստ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, ըստ ամենայնի քննարկվել է նաև Փաշինյան–Էրդողան հանդիպման ընթացքում։

«Ես չեմ բացառում, որ Թուրքիայում այդ հարցը քննարկվել է։ Ադրբեջանը փորձում է այն անընդհատ թեժացնել՝ միջազգային հանրության և մեր հանրության համար ընկալելի դարձնելու համար։ Սակայն դա բացարձակապես անընդունելի է», — նշում է նա։ Դեսպանի գնահատմամբ, Ադրբեջանի այս մարտավարությունը միտված է նախապայմաններ ստեղծել հետագա ճնշումների համար, և Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա, ինչը ներկա իշխանությունների վարքագծում բացակայում է։
Աղաջանյանը համոզված է, որ գործող իշխանությունները փաստացի համաձայնել են մի շարք հիմնախնդիրների, այդ թվում՝ փախստականների վերադարձի հետ կապված։ Նրա խոսքով՝ այդ թեման առաջին անգամ օրակարգ է մտել դեռևս 2022 թվականին՝ ԱՄՆ հատուկ բանագնացի միջոցով, սակայն նույնիսկ արևմտամետ շրջանակները հակազդեցին դրան․ «Այս իշխանությունները վաղուց համաձայնել են շատ բաների, այդ թվում՝ փախստականների վերադարձին»։

Այս պահին իշխանությունները խուսափում են այդ թեման բարձրաձայն քննարկել՝ գիտակցելով, որ հանրության դժգոհությունը կարող է վերաճել պայթյունի։ Դիվանագիտության մակարդակում հարցը ներկայումս «չքննարկվող» է համարվում. Արտաքին գործերի նախարարն ընդգծում է, որ բանակցային սեղանին նման բան չկա։ Սակայն դեսպանը զգուշացնում է՝ իշխանությունների նախընտրած ֆորմուլան՝ «դա օրակարգում չէ», նախկինում արդեն վերածվել է կատարված փաստի․ «Իշխանությունները բացարձակ անվստահություն են վայելում, և մենք պետք է առաջնորդվենք ոչ թե նրանց խոսքերով, այլ գործողություններով»։

Նրա համոզմամբ, եթե իշխանությունը իսկապես դեմ լիներ այդ առաջարկներին, ապա կբերեր փաստարկներ՝ հիմնված միջազգային իրավական փաստաթղթերի վրա, որոնք կվիճարկեին Բաքվի պահանջների օրինականությունը։ Նման հակափաստարկների բացակայությունը դիվանագիտական և քաղաքական խոցելիություն է, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ։

Scroll to Top