Թուրքագետը Փաշինյանի Թուրքիա այցի մասին․ Տեղում ինչ-որ բան փոխվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, որը սկզբում գնահատվում էր որպես հնարավոր շրջադարձ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, չարդարացրեց նման սպասումները։

«Նախևառաջ պետք է նշել, որ եթե կային սպասումներ, թե այս այցը կարող է սկզբունքորեն փոխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը և այն դարձնել ավելի բարենպաստ, ապա դրանք չիրականացան», – ասում է Սաֆրաստյանը՝ հիշեցնելով, որ մինչ այցը շրջանառվում էր լուր այն մասին, թե պատրաստվել է համատեղ հայտարարություն, որի համար հայկական կողմը նույնիսկ փոխարտգործնախարարի մակարդակով աշխատանքային այց էր իրականացրել Թուրքիա։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանի այցից մեկ օր առաջ Թուրքիայում էր Ադրբեջանի նախագահը, և կային ակնկալիքներ «անսպասելի զարգացումների»լ: «Սակայն անսպասելին տեղի չունեցավ: Տեղի ունեցավ աշխատանքային այց, որի ընթացքում կայացավ մեկժամյա հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, ներկա էին նաև արտգործնախարարները և այլ պաշտոնյաներ: Որոշ լրագրողներ սպասում էին, որ հնարավոր է՝ հետագայում տեղի ունենա մամուլի ասուլիս կամ գոնե հայտարարություններ լինեն երկու ղեկավարների կողմից, սակայն դա ևս տեղի չունեցավ: Փոխարենը հրապարակվեցին միայն երկու պաշտոնական հաղորդագրություններ», – նշում է նա։

Հարցին՝ արդյոք իրավիճակը փոխվե՞ց հենց տեղում, թե՞ նախապես պարզ չէր, որ այցը կլինի սիմվոլիկ, Սաֆրաստյանը պատասխանում է. «Կարծում եմ՝ տեղում ինչ-որ բան փոխվեց։ Թուրքիան հույս ուներ, որ կարող է համոզել Ալիևին ավելի դրական մոտեցում ցուցաբերել այս այցի նկատմամբ։ Չեմ ասում, որ պետք է եռակողմ հանդիպում լիներ, բայց թուրքական կողմը սպասումներ ուներ, որ հնարավոր կլինի արձանագրել, թե մոտ ապագայում հայ-ադրբեջանական պայմանագիր կստորագրվի»։

Սաֆրաստյանի գնահատմամբ՝ այդ հույսերը չիրականացան՝ հավանաբար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշման պատճառով։ Թեև պաշտոնական տեղեկություն դրա մասին չկա, փորձագետը ենթադրում է, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից արգելակման նշաններ են եղել։ Նա նաև մատնանշում է, որ այցը չի դարձել թուրքական մամուլի քննարկման առարկա․ «Թուրքական մամուլը համարյա վերլուծական նյութեր չհրապարակեց»։ Մամուլում արձագանքները հիմնականում սահմանափակվել են պաշտոնական հաղորդագրությունների վերատպումով։

«Այցը տեղի էր ունենում երկու երկրների միջև, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Թուրքիան հրաժարվում է դրանք հաստատել, բայց միևնույն ժամանակ ընդունելությունը բավական բարձր մակարդակով էր։ Դուք, հավանաբար, տեսել եք կադրերը՝ զինվորական շարասյուն, արարողակարգային ընդունելություն։ Սա հետաքրքիր նրբերանգ է, որը բացահայտում է թուրքական դիվանագիտության առանձնահատկությունները», – նշում է Սաֆրաստյանը։

Նրա գնահատմամբ՝ այցը «սկզբունքային առումով նորություն չբերեց», սակայն ձևի շնորհիվ այն ներկայացվեց որպես առաջընթաց։ «Ձևը չէր համապատասխանում բովանդակությանը, բայց կարծում եմ՝ այդպես էլ պետք է լիներ», – եզրափակում է նա։

Scroll to Top