ԵԱՏՄ-ն խոչընդոտում է արտահանումը, ՀՀ-ին անհրաժեշտ է նոր ուղի դեպի Եվրոպա

ԵԱՏՄ-ն խոչընդոտում է արտահանումը, ՀՀ-ին անհրաժեշտ է նոր ուղի դեպի Եվրոպա

Հայկական տնտեսությունը կանգնած է ընտրության առաջ՝ պահպանել կախվածությունը ԵԱՏՄ շուկայից, թե փնտրել նոր ուղղություններ աճի համար։ 

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը կարծում է, որ առանց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման երկիրը ոչ միայն սահմանափակում է իր հնարավորությունները, այլ նաև կարող է բախվել լուրջ խնդիրների՝ կախված ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխություններից և տարածաշրջանային հակամարտություններից։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ավելի հաճախ են հնչում հայտարարություններ Եվրոպական ուղղության և ԵԱՏՄ շուկայի միջև ընտրության մասին, և այս հարցը այլևս տեսական շրջանակներից դուրս է գալիս։ «Անկեղծ ասեմ՝ ԵԱՏՄ-ն շատ ուժեղ խոչընդոտում էր հայկական արտադրանքի արտահանման որակյալ առաջխաղացմանը։ Եվ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք», — ասաց Մանուկյանը։

Նա բացատրեց, որ խնդիրը ոչ միայն քաղաքականության մեջ է, այլև տնտեսական գործընթացների ճարտարապետության։ Հայաստանի մաքսային և հարկային համակարգերը կառուցվել են ԵԱՏՄ պահանջներին համապատասխան, ինչը, նրա կարծիքով, բարդացրել է արտահանումը դեպի այլ ուղղություններ։ «Եթե, օրինակ, Չինաստանը Վրաստանի հետ ունի ազատ մաքսային գործընթացներ, ապա Հայաստանը նման հնարավորություն չունի։ Մենք այսօր չենք կարող պարզապես վերցնել և արտահանել Եվրոպա առանց լրացուցիչ հարկային և ընթացակարգային խոչընդոտների», — նշեց նա։

Մանուկյանը ընդգծեց, որ կոչ չի անում դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ նշելով, որ դա քաղաքական որոշում է։ Սակայն, նրա խոսքով, երկիրը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։ «Բայց եթե ընդունվի նման քաղաքական որոշում, Հայաստանը պետք է ունենա պատրաստի այլընտրանքային ուղղություններ և ճանապարհային քարտեզ», — շեշտեց նա։

Նման ուղիներից մեկը նա համարում է Թուրքիայի հետ սահմանի բացումը։ Ընդունելով հարցի զգայունությունը՝ Մանուկյանը նշում է, որ կողմ է պրագմատիկ մոտեցմանը։ «Ես,  որպես մասնագետ, կողմ եմ սահմանների բացմանը։ Այո, դա ռիսկեր է պարունակում՝ առաջին հերթին գնային մրցակցություն։ Բայց Թուրքիան այսօր էլ մեր մրցակիցն է, օրինակ՝ չրերի շուկայում», — ասաց նա։

Նրա կարծիքով՝ այս արտադրանքի գծով հայկական արտադրողները արդեն հասել են այն մակարդակին, որը թույլ է տալիս մրցակցել միջազգային շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Մանուկյանը օրինակ բերեց չրերի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն, որը, նրա պնդմամբ, չի հասցնում կատարել արտահանման պատվերները դրանց մեծ ծավալի պատճառով։ «Սա ցույց է տալիս, որ մենք ունենք զգալի ներուժ», — ընդգծեց Մանուկյանը։

Նա չի բացառում թուրք արտադրողների հետ տնտեսական համագործակցության հնարավորությունը, սակայն շեշտում է, որ խոսքը բացառապես բիզնես-մոտեցման մասին է, այլ ոչ թե պատմական հիշողության վերանայման։

Միաժամանակ Մանուկյանը զգուշացնում է շուկան բացելու հետ կապված ռիսկերի մասին։ Մասնավորապես՝ թուրքական ընկերությունների կողմից հնարավոր դեմպինգի մասին։ «Մենք արդեն ստանում ենք առաջարկներ՝ օրինակ ապակե շշերի մատակարարման գծով երեք անգամ ավելի ցածր գնով, քան կա այսօր հայաստանյան շուկայում։ Սա դասական դեմպինգային քաղաքականություն է՝ ուղղված տեղական արտադրողին շուկայից դուրս մղելուն», — ասաց նա։

Այս կապակցությամբ, նրա կարծիքով, անհրաժեշտ են հստակ կարգավորման մեխանիզմներ։ «Անհրաժեշը է մասնագետների՝ իրավաբանների, ֆինանսիստների, միջազգային փորձագետների, համատեղ աշխատանք՝ այնպիսի նորմեր մշակելու համար, որոնք կօգնեն, սահմանների բացման պարագայում, պահպանել և շարունակել զարգացնել ներքին արտադրությունը», — շեշտեց Մանուկյանը՝ չբացառելով, որ պաշտպանական մաքսատուրքերը կարող են լինել այդ գործիքներից մեկը։

Երկարաժամկետ հեռանկարում Հայստանի տնտեսության զարգացումը նա տեսնում է արտադրության եզակի ուղղությունների զարգացման մեջ, որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել ոչ թե գնով, այլ արտադրանքով։ Մասնավորապես՝ բազալտային թելի արտադրության մեջ, որի համաշխարհային շուկան գնահատվում է միլիարդավոր դոլարներով։
«Աշխարհում տարեկան 3 միլիարդ դոլարի միայն բազալտի թել է գնվում, եթե այդ բազալտի թելի զարգացման ուղղությունը դրվի որպես պետական առաջնաերթություն, Հայաստանը կարող է ունենալ լուրջ հաջողություն։ Մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղ են մեր ուժեղ կողմերը և զարգացնենք հենց այդ ուղղությունները։ Այդ դեպքում մենք ոչ միայն կմրցակցենք, այլև կզբաղեցնենք մեր տեղը», — ամփոփեց Մանուկյանը։

Այսպիսով, Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրը, նրա կարծիքով, կախվածությունից անցումն է դեպի ճկունություն՝ շուկաների դիվերսիֆիկացիայի, նոր լոգիստիկ երթուղիների զարգացման և սեփական մրցակցային առավելությունների վերգտման միջոցով։

Scroll to Top