Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի արձագանքը Վաշինգտոնի առաջարկներին «ամբողջությամբ անընդունելի» է և չի բացառել ավելի կոշտ քայլերի դիմելու հնարավորությունը։
Արդյո՞ք Թրամփի հայտարարությունները նոր ռազմական գործողությունների ակնարկ են, թե հակամարտությունը կշարունակվի դիվանագիտական հարթությունում, մեկնաբանել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Պապյանի գնահատմամբ՝ հակամարտությունը շարունակվելու է ռազմական մեթոդներով, թեև տարբեր փուլերում կարող են լինել թե՛ սրացումներ, թե՛ հարաբերական մեղմացումներ։ Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփը ներկայումս չի դիմելու կտրուկ և վերջնական հանգուցալուծման քայլերի կամ Իրանում իշխանափոխության փորձի մի քանի պատճառներով։
Նրա կարծիքով՝ դրանցից մեկը ԱՄՆ ներքաղաքական օրակարգն է և առաջիկա ընտրությունները։ «Հաղթանակը պետք է ընտրություններից անմիջապես առաջ, որովհետև հաղթանակը շուտ փչացող ապրանք է։ Եթե այսօր հաղթես, չորս ամիս հետո բոլորը մոռանալու են։ Դա պետք է “վաճառել” ընտրողներին, մասնավորապես հրեական և իրանական համայնքներին, որոնք շատ կարևոր են»,- նշել է Պապյանը։
Նա նաև պնդել է, որ հակամարտության երկարաձգումը տնտեսական շահեր է ստեղծում Միացյալ Նահանգների համար։ Նրա խոսքով՝ լարվածության պայմաններում արաբական երկրներն ավելացնում են ամերիկյան սպառազինությունների գնումները։
«Ինչքան գործընթացը երկարում է, այնքան արաբական երկրները շատ զենք են առնում Ամերիկայից։ Իրանը պարբերաբար հարվածում է, մի մասը ոչնչացվում է, մի մասը՝ ոչ, որպեսզի ընկնի տարածքների վրա, նրանք վախենան և զենք գնեն։ Այս շրջանում ութ միլիարդի զենք վաճառվեց»,- ասել է նա։
Պապյանի խոսքով՝ Իրանի շուրջ գործընթացների հետևանքով նավթի գները բարձրացել են, ինչը նույնպես ձեռնտու է Վաշինգտոնին։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շահում է վենեսուելական նավթի վաճառքից։
Վերլուծաբանը հավելել է, որ ռազմական գործողությունների ընթացքում հիմնական թիրախները Իրանի ռազմարդյունաբերական և ռազմական օբյեկտներն են, սակայն, ըստ նրա, գործընթացը իրականացվում է զգուշավորությամբ։
«Ես կարող եմ պնդել ամերիկյան բավականին վստահելի ներքին աղբյուրներից, որ երբևէ խնդիր դրված չի եղել Իրանի տրոհման։ Ընդհակառակը՝ Իրանը պետք է մնա այս սահմանների մեջ, որովհետև Իրանը իրենց պետք է հաջորդ պատերազմի ժամանակ Թուրքիայի դեմ»,- հայտարարել է Պապյանը։

