Օրերս համացանցում տարածվեց դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութ, որտեղ հնչում են սպառնալիքներ՝ ուղղված իշխող քաղաքական թիմի հասցեին։ Տեսանյութը արագորեն տարածվեց իշխանամետ շրջանակների կողմից, իշխող թիմի ներկայացուցիչները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով տեսյանյութը, ընդգծում էին տեսանյութի մասնակիցների արցախյան բարբառը։ Իրավապաշտպաններն, իրենց հերթին, մտահոգություն էին հայտնում, որ նման շեշտադրումները կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ՝ նպաստելով արցախցիների նկատմամբ ատելության ալիքի ձևավորմանը։
Այս ամենի ֆոնին առաջանում է հարց․ ինչո՞ւ նախընտրական այս փուլում քաղաքական դիսկուրս է բերվում «ներքին թշնամու» կամ «սպառնալիքի աղբյուրի» կերպարը, և ինչ քաղաքական նպատակներ կարող են թաքնված լինել նման շեշտադրումներում։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ տեսանյութը տեղավորվում է նախընտրական փուլերում հաճախ կիրառվող դասական տեխնոլոգիական սցենարների տրամաբանության մեջ։ Նրա խոսքով՝ այն իրավիճակներում, երբ իշխանությունը զգում է, որ իր վերարտադրության համար ռեսուրսները բավարար չեն, և ընտրություններին ւրենց հաղթանակը հայտնվում է լուրջ վտանգի տակ, սովորաբար կիրառվում են երկու հիմնական գործիքներ։
Առաջինը, ըստ Հակոբյանի, «սպառնալիքի արտաքինացման» սցենարն է՝ պետական կանխված հեղաշրջման, չհաջողած մահափորձի կամ նմանատիպ վտանգի մասին վարկածների առաջքաշումը։ Նրա գնահատմամբ՝ սա բավականին տարածված մեխանիզմ է Հայաստանի պես քաղաքական համակարգերում, երբ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իր դեմ գործում են կազմակերպված ուժեր։ Սա հրարավորություն է ընձեռում իշխանությանը մի կողմից՝ ամրապնդել իր դիրքերը հասարակության աչքերում, մյուս կողմից՝ ստեղծել «լեգիտիմ» հիմքեր իր ընդդիմախոսների նկատմամբ ուժային կամ ռեպրեսիվ գործողությունների կիրառման համար։
Երկրորդ գործիքը, ըստ նրա, ներքին բաժանարար գծերի խորացումն է, հայկական իրողությունների պարագայում «հայաստանցի–ղարաբաղցի» տարանջատման սրումը։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այս մոտեցմամբ փորձ է արվում հասարակության մի հատվածի սոցիալական և քաղաքական դժգոհությունները տեղափոխել մեկ այլ խմբի վրա՝ արցախցիների վրա, նրանց վերագրելով համակարգային խնդիրների պատճառների մի մասը։
«Մենք նրանց պահել ենք, աջակցել ենք, իսկ հիմա նրանք անշնորհակալ են» տրամաբանության ձևավորումը, ըստ Հակոբյանի, դառնում է ներքին կոնսոլիդացիայի գործիք՝ որոշակի խմբի շուրջ հասարակական դժգոհությունը կենտրոնացնելու նպատակով։
Նրա խոսքով՝ տարածված տեսանյութը այս երկու գործիքների համադրություն էր․ մի կողմից՝ «արտաքին սպառնալիքի» ձևավորում, մյուս կողմից՝ ներքին հասարակական բաժանարար գծերի խորացում։

