Հայաստանում հաստատվել է «ապատեղեկատվական ինքնիշխանություն»

Հայաստանում հաստատվել է «ապատեղեկատվական ինքնիշխանություն»

Վերջին օրերին հայկական մեդիադաշտում ակտիվորեն քննարկվում էին հրապարակումներ, որոնք վերաբերում էին Հայաստանում ռուսական ազդեցությանը, նախընտրական գործընթացներին և տարբեր քաղաքական դերակատարների նկատմամբ հնարավոր գործողություններին։ «Հետաքննությունների» մի մասը ակնհայտորեն ունեցել է քարոզչական և մանիպուլյատիվ բնույթ։ Ինչպես  գնահատել հրապարակումները և որտեղ է իրականությունը գնահատեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ հրապարակումների շարքում կային հեղինակավոր աղբյուրներ, մասնավորապես ռուսական ընդդիմադիր «The Insider»-ը, որի նկատմամբ ինքը վստահություն ունի։ «Եթե «Insider»-ը  հայտարարում է, որ ունի որոշ փաստաթղթեր, ես հակված եմ հավատալու, որովհետև այդ լրատվամիջոցը տարիներ շարունակ զբաղվել է բարձր մակարդակի հետաքննություններով՝ սկսած կոռուպցիոն թեմաներից մինչև Նավալնիի թունավորման գործը», — նշել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ վերապահումով է վերաբերվում «Դոսիե»-ի հրապարակումներին՝ հիշեցնելով, որ կառույցի որոշ ներկայացուցիչներ նախկինում հանդես են եկել վիճահարույց հայտարարություններով՝ նաև հայ-ադրբեջանական թեմաների շուրջ։

Գրիգորյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը կապված էր «Խրոնիկա Կովկազա» անունով կայքի հետ, որի հրապարակումները լայն տարածում էին ստացել հայկական մեդիադաշտում և սոցիալական ցանցերում։

Քաղաքագետը նշել է, որ կայքը հենց առաջին հայացքից կասկածելի էր թվում, իսկ պարզագույն ստուգումներից հետո հնարավոր էր հասկանալ, որ այն արհեստականորեն ստեղծված հարթակ է։

«Մեզ մոտ ընդամենը մոտ 30 րոպե պահանջվեց հասկանալու համար, որ այդ կայքը ստեղծվել է 2025 թվականի ապրիլի 27-ին և սկզբից ակտիվորեն տարածվել է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի կողմից, որը ասոցացվում է իշխանությունների հետ», — ասել է նա։

Նրա խոսքով՝ կայքի «մեր մասին» բաժնում ներկայացված լրագրողները ևս իրականում գոյություն չունեին․ օգտագործվել էին այլ մարդկանց լուսանկարներ, իսկ ներկայացված անձինք որևէ թվային հետք չունեին։

Գրիգորյանը նշել է, որ այդ հրապարակումների բովանդակության մեջ նկատելի էր «գեղարվեստական մոտեցում», իսկ փաստաթղթերի իսկությունը հնարավոր չէր ստուգել։ Նա հղում է կատարել նաև Factor TV-ի հետաքննությանը, որտեղ, իր խոսքով, մասնագետները մանրամասն ցույց էին տվել նման նյութերի կասկածելի բնույթը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ խնդիրը միայն կեղծ կայքի գոյությունը չէ, այլ այն, որ դրա հրապարակումները լայնորեն տարածվել են նաև իրենց անկախ համարող դերակատարների կողմից։

«Նույնիսկ այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ կայքը կեղծ է, շատերը ոչ թե ներողություն խնդրեցին, այլ սկսեցին ասել, թե հրապարակված տեղեկությունները, միևնույն է, համապատասխանում են իրականությանը։ Սա անբարեխիղճ մոտեցում է։», — ընդգծել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորվում է վտանգավոր միտում, որը նա անվանել է «ապատեղեկատվական ինքնիշխանություն»։

«Սա հիշեցնում է իրավիճակ, երբ Հայաստանը փորձում է ռուսական ապատեղեկատվությանը հակադարձել սեփական ապատեղեկատվությամբ։ Չգիտեմ՝ սա լավ է, թե վատ, բայց այս մեխանիզմներով կարելի է թիրախավորել ցանկացած մարդու», — նշել է քաղաքագետը։

Նա հավելել է, որ ապատեղեկատվության հիմնական թիրախն այս փուլում քաղաքական գործիչներն են, սակայն նման մեթոդներով հնարավոր է սևացնել ցանկացած իշխանության քննադատի։

Գրիգորյանը նաև մտահոգիչ է համարել այն, որ այդ գործընթացներին մասնակցում են քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ և «անկախ» դերակատարներ։

«ես չեմ հասկանում ինչպես կարելի օրինակ գտնվել քաղաքացիական հասարակության դաշտում, անվանվել անկախ դերակատար ու զբաղվել ապատեղեկատվության տարածմամբ։ Սա մեծ հաշվով որևէ բանով չի տարբերվում նույն ռուսական մեթոդից ու ռուսական գործիքակազմից և այդ առումով սա շատ վատ վտանգավոր գործընթաց է։ Նմանատիպ գործիքներով կարող են թիրախավորվել բոլոր մարդիկ,  այս փուլում ապատեղեկատվության թիրախը քաղաքական գործիչներն են հիմնականում, բայց այս տիպի մեխանիզմներով կարելի է թիրախավորել և սևացնել իշխանության ցանկացած քննադատի», — եզրափակել է նա՝ հավելելով, որ լրագրողական և քաղաքացիական համայնքները պետք է պատշաճ արձագանք տան նման երևույթներին։

Scroll to Top