Վաշինգտոնի նոր խաղը Հարավային Կովկասում․ ինչո՞ւ էր կարևոր Ռուբիոյի երևանյան այցը

Վաշինգտոնի խաղը Հարավային Կովկասում․ ինչո՞ւ էր կարևոր Ռուբիոյի երևանյան այցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երևանյան այցը առաջին հայացքից կարող էր դիտվել որպես հերթական դիվանագիտական կանգառ Հարավային Կովկասում, սակայն դրա քաղաքական ենթատեքստը շատ ավելի խորքային է։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ այցի կարևորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ձևաչափում էր կամ այն փաստում, որ Ռուբիոն չհանդիպեց Հայաստանի վարչապետին, այլ հատկապես այն փաստաթղթերում, որոնք ստորագրվեցին Երևանում և որոնք արտացոլում են ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարական առաջնահերթությունները։

Սարգսյանի դիտարկմամբ՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի օգտակար հանածոների ոլորտում համագործակցությունը։ Վաշինգտոնի և Պեկինի միջև վերջին տարիներին խորացող մրցակցության առանցքային ուղղություններից մեկը դարձել են կրիտիկական միներալները։ ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական մատակարարումներից և միաժամանակ ամրապնդել իր ազդեցությունը ռեսուրսներով հարուստ երկրներում։ Այդ քաղաքականության շրջանակում Վաշինգտոնը նմանատիպ համաձայնագրեր արդեն ստորագրել է մի շարք երկրների՝ Ուկրաինայի, Սաուդյան Արաբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրալիայի և Ղազախստանի հետ։

Այս համատեքստում Հայաստանի ներգրավումը, ըստ քաղաքագետի, վկայում է այն մասին, որ Երևանը աստիճանաբար ներառվում է ԱՄՆ-ի ավելի լայն տնտեսական և աշխարհաքաղաքական հաշվարկներում։ Սարգսյանը հիշեցնում է նաև, որ նույնիսկ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության հիմնական պատճառներից մեկը նրա հանքային պաշարներն են, ինչի մասին Թրամփի վարչակազմը բազմիցս հրապարակային խոսել է։

Քաղաքագետը առանձնացնում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունների դասակարգման համակարգը։ Վաշինգտոնը տարբեր պետությունների հետ հարաբերությունները բաժանում է մի քանի մակարդակների՝ դաշնակցային հարաբերություններից մինչև ռազմավարական և համապարփակ գործընկերություններ։ Այդ տրամաբանության մեջ, Սարգսյանի կարծիքով, Հայաստանը վերջին շրջանում որոշակիորեն բարձրացրել է հարաբերությունների մակարդակը ԱՄՆ-ի հետ, թեև խոսք, բնականաբար, դաշնակցային հարաբերությունների մասին լինել չի կարող։

Սակայն վերլուծաբանի կարծիքով՝ այցի առանցքային բաղադրիչը TRIPP նախագիծն է, որը վերջին շրջանում դարձել է ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Սարգսյանը նշում է, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում այսօր ունի երկու գլխավոր առաջնահերթություն՝ TRIPP նախագծի իրականացումը և Իրանի նկատմամբ ճնշման ուժեղացումը։

TRIPP-ի ռազմավարական իմաստը կապված է Կենտրոնական Ասիայի էներգակիրների՝ Եվրոպա արտահանման նոր երթուղիների ստեղծման հետ։ Խոսքը վերաբերում է այնպիսի միջանցքի ձևավորմանը, որը կանցնի Հարավային Կովկասով և Թուրքիայով՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանը և նաև սահմանափակելով Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանային լոգիստիկայի վրա։

Սարգսյանի գնահատմամբ՝ Չինաստանը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների նկատմամբ և փորձում է դրանք կապել եվրոպական շուկաների հետ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ ԱՄՆ-ը, իր հերթին, փորձում է վերահսկել դեպի Եվրոպա տանող տարանցիկ ուղիները և այդպիսով բարդացնել Պեկինի հնարավորությունները։

Մինչ այժմ հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ Կասպից ծովով Ադրբեջան հասնող ռեսուրսների զգալի մասը դեպի Թուրքիա տեղափոխելու համար անհրաժեշտ էր անցնել Իրանի տարածքով կամ օգտվել ավելի երկար վրացական երթուղուց։ TRIPP-ի գործարկման դեպքում, ըստ Սարգսյանի, այդ միջանցքը կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Իրանին, ինչպես նաև նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։

Այսպիսով, քաղաքագետի համոզմամբ, Թրամփի վարչակազմը բավականին հետևողականորեն առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում՝ օգտագործելով ինչպես տնտեսական, այնպես էլ էներգետիկ և լոգիստիկ գործիքներ։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները, նրա գնահատմամբ, ոչ միայն չեն խոչընդոտում այդ գործընթացներին, այլև փաստացի նպաստում են ԱՄՆ ռազմավարական ծրագրերի առաջխաղացմանը՝ դրա դիմաց ստանալով Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը։



👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top