Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, ըստ որի քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ում, պետք է դիտարկել ներկայում տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ձևավորված բարձր լարվածության և մեծ տերությունների մրցակցության համատեքստում։ Նման կարծիքի է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի քայլերը կարող են կապված լինել այն փաստի հետ, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների պայմաններում՝ երբ փաստացի քննարկվում է իշխանության հարցը, արտաքին հիմնական դերակատարները բարձրացնում են իրենց քաղաքական խաղադրույքները։
«Ռուսաստանը փորձում է ընտրական այս գործընթացում, երբ Հայաստանում փաստացի իշխանության հարց է վճռվում, բարձրացնել իր շահերի և իր հետաքրքրությունների գինը, հատկապես տեսնելով, թե ինչպես են խաղադրույքները բարձրացնում մյուս դերակատարները, այդ թվում օրինակ Եվրամիությունը», — նշել է նա։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Եվրամիությունը տարածաշրջանում աշխատում է նաև անմիջական մեխանիզմներով՝ արագ արձագանքման խմբերի միջոցով, իսկ Միացյալ Նահանգները ակտիվացրել է իր քաղաքական ներկայությունը, ինչի օրինակ է ԱՄՆ պետքարտուղարի սպասվող այցը Հայաստան։
Նրա խոսքով՝ բոլոր հիմնական միջազգային դերակատարների ակտիվացման պայմաններում Ռուսաստանի քայլերը պետք է դիտարկել որպես համընդհանուր մրցակցության տրամաբանության մաս, որտեղ յուրաքանչյուր կողմ փորձում է բարձրացնել իր ազդեցության գինը։
Բադալյանը նաև ընդգծում է, որ Ռուսաստանի համար Հայաստանի հարցը ԵԱՏՄ համատեքստում միակ կամ նույնիսկ հիմնական խնդիրը չէ, քանի որ ավելի լայն ռազմավարական մարտահրավերներ կան այլ ուղղություններով։ Նրա գնահատմամբ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի Կենտրոնական Ասիան, հատկապես Ղազախստանը։
«Ռուսաստանի համար ամենամեծ մարտահրավերը կարծես թե Հայաստանը չէ, այլ կենտրոնասիական գոտին և այստեղ Ղազախստանը, որը թեև հրապարակային հակառուսական քաղաքական գիծ չի վարում, այնուամենայնիվ ակտիվ հարաբերությունների մեջ է արևմտյան կենտրոնների հետ, այդ թվում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և նաև Մեծ Բրիտանիայի հետ, որոնք ունեն խոր ներգրավվածություն այդ երկրում», — նշում է նա։
Նրա դիտարկմամբ՝ Ղազախստանի արտաքին քաղաքական վարքագիծը ցույց է տալիս, որ նույնիսկ ԵԱՏՄ շրջանակում կան ներքին հարցեր և ինքնուրույնության միտումներ, որոնք պարտադիր չէ, որ արտահայտվեն բաց ձևով։ «Ղազախստանը խոշոր խաղացող է ԵԱՏՄ շրջանակում և ինքը փորձում է այդ ինքնուրույնությունը պահել և շատ սերտ փոխհարաբերության մեջ է արևմտյան խաղացողների հետ», — նշել է Բադալյանը։
Քաղաքագետը հավելում է նաև, որ Ղազախստանը փորձել է դերակատարություն ունենալ նույնիսկ հայ-ադրբեջանական գործընթացներում, ինչը ևս ցույց է տալիս նրա աճող միջազգային հավակնությունները։
Այս համատեքստում Բադալյանը հիշեցնում է նաև Հայաստանի կողմից հնչեցված առաջարկների մասին՝ կապված երկաթուղու կառավարման և հնարավոր այլընտրանքային լուծումների քննարկման հետ, որոնք նախատեսում էին Ղազախստանի ներգրավվածությունը։
Նրա խոսքով՝ այս բոլոր գործընթացները միասին ցույց են տալիս, որ Ղազախստանը և ընդհանուր առմամբ Կենտրոնական Ասիայի երկրները փորձում են ավելի ինքնուրույն դիրքավորվել միջազգային հարաբերություններում և ակտիվ դեր ունենալ մեծ տերությունների միջև ձևավորվող նոր հավասարակշռությունների մեջ։

