21-րդ դարում բանակի մարտունակությունը այլևս հնարավոր չէ պահպանել երկարաժամկետ սպառազինության գնումներով, քանի որ ռազմական տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում, և ժամանակակից զինատեսակները կարող են բարոյապես հնանալ ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների զարգացումը փոխել է ռազմական ոլորտի տրամաբանությունը, և այսօր պետությունները ստիպված են մշտապես ներդրումներ կատարել արդիականացման ուղղությամբ։
«Սա այլևս 20-րդ դարը չէ, երբ կարելի էր մեկ անգամ սպառազինություն գնել և 30-40 տարի օգտագործել։ Այսօր նույնիսկ մեկ տարի անց որոշ զինատեսակներ կարող են բարոյապես հնացած լինել», — նշել է Հովհաննիսյանը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է կարողանա նվազագույն ծախսերով ստանալ առավելագույն արդյունք և համընթաց քայլել տեխնոլոգիական զարգացման հետ, հակառակ դեպքում մեծ ներդրումներից մի քանի տարի հետո կարող է առաջանալ լուրջ ճգնաժամ։
Նա ընդգծել է, որ ներկայում աշխարհում ակտիվ զարգանում են ոչ միայն անօդաչու թռչող սարքերը, այլև արհեստական բանականությամբ կառավարվող հրետանային համակարգերը, և Հայաստանը ևս փորձում է առաջնորդվել «նոր բանակի» մոդելով։
Այս համատեքստում փորձագետը կարևոր է համարում ներքին կարողությունների զարգացումը։ Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանն ունի միջազգային շուկա դուրս գալու ներուժ, սակայն ոլորտի զարգացման ներկայիս տեմպերը գոհացուցիչ չեն։
«Մենք կարող ենք շատ ավելին անել։ Սկսած ԱԹՍ-ներից մինչև ջերմատեսիլներ, գիշերային տեսանելիության սարքեր և տեսադիտարկման տարբեր համակարգեր՝ մենք կարող ենք ոչ միայն մեր ներքին պահանջարկը բավարարել, այլև դուրս գալ միջազգային ռազմական շուկա», — ասել է նա։
Փորձագետի համոզմամբ՝ այստեղ առանցքային դեր ունի պետությունը, որը պետք է պատվերներով և խրախուսման մեխանիզմներով աջակցի հայրենական արտադրողներին։ Նրա գնահատմամբ՝ նման քաղաքականության դեպքում հնարավոր է, որ մոտ ապագայում այլ երկրների ռազմական շքերթներում ևս ցուցադրվի հայկական արտադրության զինտեխնիկա։
Խոսելով Հայաստանի կողմից իրականացվող սպառազինության գնումների մասին, մասնավորապես հնդկական զինտեխնիկային՝ նա նշել է, որ եթե դիտարկվեն այդ համակարգերի տեխնիկական բնութագրերը, ապա դրանք բավականին հզոր և խոստումնալից զինատեսակներ են, որոնք կարող են էապես բարձրացնել հայկական բանակի մարտունակությունը։
Միևնույն ժամանակ փորձագետը շեշտել է, որ միայն զենք գնելը բավարար չէ․ անհրաժեշտ է խորքային մակարդակով տիրապետել այդ համակարգերին։
«Շատ կարևոր է, որ մեր մասնագետները պատրաստվեն, վերապատրաստվեն և լիարժեք տիրապետեն այդ զինատեսակներին։ Միջազգային պայմանագրերով սովորաբար նախատեսվում է նաև ուսուցում, բայց մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ կարողանանք այդ տեխնիկան տեղում վերանորոգել և սպասարկել», — նշել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ձգտի ոչ միայն շահագործել ներկրվող զինտեխնիկան, այլ նաև որոշ բաղադրիչների արտադրություն կազմակերպել հենց երկրի ներսում։

