Հայաստանի խորհրդարանի ընտրությունից անցել է մի քանի օր, և թեպետ դեռ պարզ չէ անգամ, թե քանի կուսակցություն է անցնում խորհրդարան և, հետևաբար, պարզ չէ, թե ինչ համամասնությամբ են բաժանվելու մանդատները խորհրդարանում, սակայն արդեն իսկ գլխավոր թեմա է դարձել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Այս հարցում կա բավականին նկատելի էմոցիոնալ շերտ, որովհետև հասարակության մի զգալի մաս, բացի այն, որ պետք է հեռացնել վարչապետ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունը, այլ բան չի ցանկանում լսել։
Այս վերաբերմունքը որքան էմոցիոնալ է, նույնքան նաև հիմնավոր, եթե դիտարկում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի և կառավարող ուժի գլխավորությամբ։ Այդուհանդերձ, քաղաքականությունը որպես պրոցես չափազանց բարդ երևույթ է, որովհետև առնչվում է ոչ միայն ներքին, այլև, գուցե, ավելի շատ արտաքին, բավականին բարդ և բազմաշերտ իրողությունների և հանգամանքների։ Հետևաբար, այստեղ մի բան են պարզապես ցանկությունները, և մեկ այլ բան՝ հնարավորությունների շրջանակը։ Ըստ այդմ, շատ կարևոր է հասկանալ իրավիճակը և քննարկել հնարավորությունները՝ չտրվելով պարտությունից հետո էմոցիոնալ որոշումների գայթակղությանը, որոնք կարող են բերել ոչ թե պարտությունը հաղթանակի կամ հաջողության վերափոխման, այլ, հակառակը, առավել խորացնել իրավիճակը, ինչի հետևանքով այն ընդդիմությունը, որը մասնակցեց ընտրությանը, կհայտնվի ծուղակում։
Երբ այս իրավիճակում զգալիորեն էմոցիոնալ շեշտադրումներով, ինտենսիվությամբ ու մեծ ծավալով առաջ է բերվում մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը, ստեղծվում է տպավորություն, որ գործնականում այս էմոցիոնալ, ինտենսիվ առաջմղման հետևում բավականին ռացիոնալ և պրագմատիկ հաշվարկ է այլ շրջանակներից և այլ քաղաքական խմբերից կամ քաղաքական տարատեսակ սուբյեկտներից ու շերտերից, որոնք հավակնում են արդեն առաջիկա ցիկլում մեծ դերակատարում ունենալ ընդդիմադիր դաշտում՝ երկրորդ պլան մղելով ընտրական այս պրոցեսում առաջատար դեր ունեցած ուժերին։ Այլ կերպ ասած, մենք այս թեմայի ներքո, հնարավոր է, գործ ունենք ներընդիմադիր դաշտում սկսված պայքարի հետ՝ արդեն առաջիկա ընտրական ցիկլի հաշվարկով, իսկ գուցե նաև ոչ պարզապես հերթական ցիկլի հաշվարկով, այլ, հնարավոր է, նաև հաշվարկներով, որոնք կարող են կապված լինել արտահերթ պրոցեսների հետ։
Հետևաբար, պետք է հասցնել այդ ընթացքում ընդդիմադիր դաշտում զբաղեցնել առաջատար դիրքեր, լինել ընդդիմադիր դաշտում թելադրող ուժը և, ըստ այդմ, նաև առավել մոտ լինել հնարավոր փոփոխություններին կամ փոփոխությունների հնարավորությանը, որ կարող է առաջանալ տեսանելի ապագայի զարգացումների ընթացքում։ Համենայն դեպս, այս հաշվարկներով, կարծես թե, այս մանդատ վերցնել-չվերցնելու թեման այլ բան չէ, քան ներընդիմադիր դաշտում սկսված պայքարը։ Պայքար, որի մեկնարկը, գոնե այս շրջափուլում, առավելապես կարող է ձեռնտու լինել միայն վարչապետ Փաշինյանին, քանի որ դա խանգարելու է ընդդիմադիր դաշտում հետընտրական, ռացիոնալ, պրագմատիկ և զգալիորեն հայեցակարգային ռազմավարական տրամաբանությամբ որոշումներ կայացնելուն, երկարաժամկետ գործողությունների պլան կազմելուն, խորհրդարանում ընդդիմության նոր որակի գործունեության մեթոդաբանություն մշակելուն։
Սկզբունքորեն, ինչի մասին է խոսվում։ Հետևյալ փաստարկն է․ «Մի՞թե այս ամենը, ողջ այս պայքարը նրա համար էր, որ հետո ինչ-որ ֆրակցիաներով գնալ և պատգամավոր աշխատել Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում»։ Նախ, ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի խորհրդարան։ Դա Հայաստանի Հանրապետության խորհրդարանն է, որի համար վճարում է Հայաստանի Հանրապետության հարկատուն։ Այդ խորհրդարանում ընդդիմությունը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարկատուի և ոչ թե Նիկոլ Փաշինյանի մոտ։ Եթե ասում ենք, որ ընդդիմությունը աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ, կարող ենք ասել, որ ընդհանրապես բոլորս ենք աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ՝ վճարելով հարկեր այն պետությանը, որի ղեկը շարունակում է իր ձեռքում պահել Նիկոլ Փաշինյանը։ Այդ նույն տրամաբանությամբ պետք է ոչ միայն մանդատ չվերցնել, այլ ընդհանրապես վերցնել ճամպրուկները և գնալ այն պետությունից, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։
Իհարկե, առաջանում է մյուս հարցը՝ քաղաքացիները դրա համա՞ր են արդյոք ձայն տվել ընդդիմությանը։ Այստեղ շատ բարդ է հաշվել, թե քաղաքացիներից ով ինչի համար է ձայն տվել, այսինքն՝ ընդդիմության էլեկտորատի որ մասն է համաձայն վերցնել մանդատները, և որը՝ համաձայն չէ։ Այստեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը ստանձնում են պատասխանատվություն՝ կայացնել որոշում և կրել այդ որոշման հետևանքները։ Դրանից բացի, իրենք կարող են խորհրդարանում իրենց աշխատանքով ցույց տալ անգամ հոռետես ընտրողներին, որ դա արդյունավետ որոշում էր, և այդ որոշումը ծառայեց աշխատանքի արդյունավետությանը, որովհետև մանդատները միջոց են։ Եթե ընդդիմությունը չի կարող էֆեկտիվ օգտագործել այդ միջոցը, ի՞նչ էֆեկտիվության մասին կարող է խոսք լինել այդ միջոցից հրաժարվելու պարագայում։ Այո, պետք է լրջորեն մտածել և քննարկել, թե որն է խորհրդարանում աշխատանքի էֆեկտիվ մեթոդաբանությունը, որովհետև եթե խորհրդարանում ընդդիմությունը պարբերաբար հայտնվելու է այդ, այսպես կոչված, «ռազբորկաների» ծուղակում, որը հյուսում է գործող իշխանությունը, ապա դա հազիվ թե լինի էֆեկտիվ։ Հետևաբար, օրինակ, այդ տարբերակի տեսանկյունից պետք է քննարկել, թե ինչ աշխատանքային մեթոդաբանությամբ է պետք գործել, իհարկե, մանդատները վերցնելու պարագայում, որպեսզի չհայտնվեն ահա այդպես հյուսվող ծուղակներում։ Սա իսկապես կարևոր հարց է՝ ինչպես աշխատել խորհրդարանում, որպեսզի ավելանան հնարավորությունները և չեզոքացվեն իշխանության հյուսած թակարդները։ Սակայն քաղաքականությունը հենց այս ուղղությամբ աշխատանքն է։
Բավականին գայթակղիչ է խոսել փողոցային պայքարի մասին, բայց երբ մենք, օրինակ, տեսնում ենք, թե ինչպիսի տարբեր, բազմաշերտ, ոչ միարժեք տեղեկատվական գործընթացներ են ծավալվում հենց ներընդիմադիր դաշտում՝ վկայելով ընդդիմության ներսում հուսալի, կայուն, փոխադարձ վստահության պակասի մասին, այդ պարագայում հարց է առաջանում՝ որքանո՞վ հեռանկարային կարող է լինել փողոցային պայքարի մեթոդաբանությունը։ Ավելին՝ անհրաժեշտ է հասկանալ, որքանո՞վ է հաշվի առնվել փողոցային պայքարի նախորդ անարդյունավետ փորձերը, արդյոք եղե՞լ է հանգամանալից, մանրակրկիտ զննություն, հետազոտություն, քննություն, թե, օրինակ, ինչո՞ւ չի ստացվել այս կամ այն պայքարի դրվագը։ Սրանք շատ կարևոր հարցեր են, և այս հարցերը պահանջում են իսկապես մանրակրկիտ քննարկում՝ հասկանալու համար, թե, օրինակ, մանդատները վերցնելու որոշումը ինչի համար է կայացվում, կամ ինչի համար է կայացվում մանդատներից հրաժարվելու որոշումը։
Այս ամենը ածանցյալ է շատ ավելի կարևոր քննարկումների և կարևոր անելիքների վերաբերյալ որոշումներից։ Եվ այս տեսանկյունից պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը խորհրդարանի ընտրությունից հետո մտել է կարևորագույն շրջափուլ՝ առաջին հերթին արտաքին օրակարգի իմաստով։ Բոլոր այն աշխարհաքաղաքական դերակատարները, որոնք աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին, հիմա սկսելու են գալ իրենց աջակցության գնի հետևից։ Այդ գինը առավելապես վերաբերելու է Հայաստան-Ադրբեջան գործընթացին և այդ գործընթացը իրենց աշխարհաքաղաքական նպատակներին ծառայեցնելուն։ Եվ այստեղ քննարկել՝ մանդատ ենք վերցնում, թե ոչ, նշանակում է պարզապես ստեղծել քաղաքական քննարկումների արհեստական միջավայր մի իրավիճակում, երբ երկիրը կանգնած է էական աշխարհաքաղաքական պրոցեսների շեմին։
Այսպիսով, խնդիրը բոլորովին այլ դաշտում է․ Հայաստանում ընդդիմությունը, որը մասնակցեց խորհրդարանի ընտրությանը և չկարողացավ հեռացնել իշխանությանը, պետք է ստանձնի պատասխանատվություն նաև իր նախընտրական դիրքավորման համար, և այդ պատասխանատվությունը հետագա արդյունավետ աշխատանքն է։ Այդ հարցում, բնականաբար, կարևոր և էական քննարկումների կարիք կա։ Պետք չէ այդ ամենը արգելափակել մանդատների շուրջ աղմուկով։ Պետք է պարզապես շատ ավելի առարկայական և էական հարցադրումներ դնել ընդդիմադիր ուժերի առաջ՝ կապված հենց Հայաստանի հանդեպ արտաքին բարդ օրակարգերի հետ, որոնք անխուսափելիորեն ծավալվելու են առաջիկայում։ Եվ այդտեղ Հայաստանին չափազանց անհրաժեշտ է լինելու կենսունակ ընդդիմությունը։ Ընդդիմությունը, որը կաշկանդված չէ էմոցիոնալ և մակերեսային «պոպուլյար» քայլեր անելու հրամայականներով։ Ընդդիմություն, որը ազատ է այդօրինակ ճնշումներից, բայց նաև դրված է շատ ավելի լուրջ հարցերի և լուրջ խնդիրների պատասխանատվության տակ։ Սա է ներկայումս քննարկելիք կարևոր հարցը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

