Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը փաստացի չէր ավարտվել, այլ պարզապես ժամանակավորապես սառեցվել էր, վերջին օրերին իրավիճակը կրկին սրվել է, և և այժմ արդեն հիմնական դիմակայությունը ծավալվում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Այս մասին նշեց քաղաքագետ Արմեն Այվազյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները վկայում են Իրանի ռազմավարության էական փոփոխության մասին։ Այվազյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Իրանը հարվածել էր նաև Իսրայելին։ Ըստ քաղաքագետի՝ այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը հաճախ անտեսվում է։
«Սա առաջին դեպքն է, երբ Իրանը հարվածում է Իսրայելին կամ որևէ այլ պետության՝ առանց նախապես սեփական տարածքի կամ իր դեմ ուղղված հարված ստանալու։ Այսինքն՝ ոչ թե ինքնապաշտպանության շրջանակում կամ որպես պատասխան գործողություն, այլ իր նախապես հնչեցրած նախազգուշացումն իրականացնելու նպատակով»,- նշում է նա։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Իրանը նախազգուշացրել էր Իսրայելին՝ չհարվածել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժմանը և հատկապես Բեյրութի հարավային հատվածին՝ Դահիային։ Սակայն, ըստ նրա, Իսրայելը որոշել էր ստուգել, թե արդյոք Թեհրանը կկատարի իր սպառնալիքը։ Երբ հարվածը հասցվեց Դահիային, Իրանը գրեթե անմիջապես պատասխանեց Իսրայելին։ Այվազյանի համոզմամբ՝ սա վկայում է Իրանի ռազմական և քաղաքական ռազմավարության լուրջ փոփոխության մասին։ «Իրանը ցույց է տալիս, որ պատրաստ է պատերազմի մեջ մտնել ոչ միայն սեփական շահերը պաշտպանելու համար, այլ նաև իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով։ Սա շատ կարևոր շրջադարձ է նրա քաղաքականության մեջ»,- ասում է նա։
Այվազյանի գնահատմամբ՝ Իրանը միաժամանակ փորձում է բարձրացնել իր դեմ իրականացվող ռազմական գործողությունների գինը Միացյալ Նահանգների համար։ Նրա խոսքով՝ Թեհրանը ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը և ներգրավել ավելի շատ ուղղություններ, որպեսզի Վաշինգտոնի համար պատերազմի ծախսերն ու ռիսկերը մեծանան։ Նա որպես օրինակ մատնանշում է, որ Իրանի դաշնակից հուսիթիների աջակցությամբ արդեն խնդիրներ են ստեղծվում Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, իսկ տարածաշրջանի այլ երկրներ ևս հայտնվում են ճնշման տակ։
Միաժամանակ քաղաքագետը կասկածի տակ է դնում այն գնահատականները, թե Միացյալ Նահանգները կարող է երկար ժամանակ նույն ինտենսիվությամբ ռազմական գործողություններ վարել Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ ամերիկյան հարվածների հիմնական մասը կատարվում է թևավոր հրթիռների, այդ թվում՝ «Թոմահավք» հրթիռների միջոցով, սակայն այդ զինամթերքի պաշարները սահմանափակ են։ «Դեռ նախորդ խոշոր ռազմական գործողությունների ընթացքում այդ պաշարների զգալի մասը սպառվել էր։ Եթե նույն ինտենսիվությամբ շարունակվեն հարվածները, ապա մի քանի օրից, գուցե տասն օրից կամ մի փոքր ավելի ուշ, ԱՄՆ-ն կբախվի ռեսուրսների խնդրի»,- նշում է նա։ Միևնույն ժամանակ Այվազյանը շեշտում է, որ Իրանի հրթիռային ներուժը նույնպես անսահմանափակ չէ, սակայն Թեհրանը շատ ավելի լայն հնարավորություններ ունի հարվածներ հասցնելու տարածաշրջանում գտնվող ամերիկյան դաշնակիցներին և ենթակառուցվածքներին։
Անդրադառնալով Ադրբեջանին՝ քաղաքագետը հիշեցնում է CNN-ի հրապարակումները, որոնցում խոսվում էր նախորդ պատերազմի ընթացքում ադրբեջանական տարածքի հնարավոր օգտագործման մասին Իրանի դեմ իրականացվող գործողությունների նպատակով։ Թեև Բաքուն պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները, Այվազյանի կարծիքով՝ Իրանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում քչերն են կասկածում, որ Ադրբեջանի տարածքում գործում են իսրայելական հետախուզական ցանցեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և այլ կառույցներ։ «Փաստացի ոչ ոք չի կասկածում, որ այնտեղ կան իսրայելական հետախուզական ուժեր, հատուկջոկատայիններ և համապատասխան ենթակառուցվածքներ»,- ասում է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե պատերազմը նոր փուլ մտնի և ավելի թեժանա, ապա Իրանը կարող է հարվածներ հասցնել նաև Ադրբեջանին։ «Ես դա շատ հավանական եմ համարում։ Եթե Թեհրանը համոզված լինի, որ Ադրբեջանի տարածքից շարունակվում են իր դեմ ուղղված գործողությունները, ապա հարվածները կարող են անխուսափելի դառնալ»,- նշում է Այվազյանը։ Սակայն նրա կարծիքով՝ ներկայումս Իրանը դեռևս զսպվածություն է ցուցաբերում մի քանի պատճառներով։ Առաջին հերթին Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի և Պակիստանի հետ, իսկ Ռուսաստանը ևս, չնայած առկա խնդիրներին, շարունակում է փորձել պահպանել հարաբերությունները Բաքվի հետ։
«Իրանը հասկանում է, որ Ադրբեջանին հարվածելը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Թուրքիայի, Պակիստանի և որոշ չափով նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ առայժմ նման քայլ չի արվել»,- ասում է նա։ Միևնույն ժամանակ քաղաքագետը համոզված է, որ եթե հակամարտությունը խորանա, այդ զսպող գործոնները կարող են երկրորդ պլան մղվել։ Նրա խոսքով՝ Թեհրանի համար խնդիրը միայն անվտանգային չէ։ Ադրբեջանը կարևոր դեր ունի նաև Իսրայելի էներգետիկ ապահովման հարցում։ Այվազյանը նշում է, որ Իսրայելում սպառվող նավթի զգալի մասը մատակարարվում է հենց Ադրբեջանից՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։
«Եթե պատերազմը շարունակվի և ավելի լայն մասշտաբներ ստանա, Իրանը հաշվի կառնի նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն հնարավոր հարթակ է իր դեմ գործողությունների համար, այլ նաև Իսրայելի կարևոր էներգետիկ գործընկերներից մեկն է»,- եզրափակում է քաղաքագետը։

