Իշախանությունը առաջնորդվում է իրավիճակային լուծումներով

Իշախանությունը առաջնորդվում է իրավիճակային լուծումներով

ՀՀ իշխանությունները շարունակում են գործել իրավիճակային լուծումների տրամաբանությամբ և չունեն երկարաժամկետ ու հստակ ռազմավարություն։ Նման կարծիքի է ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիկ Քերոբյանը։ Նրա գնահատմամբ՝ պետական կառավարման համակարգում որոշումները հաճախ ընդունվում են ընթացիկ խնդիրներին արձագանքելու սկզբունքով։ 
Բյուջետային խնդիրներ և նոր սուբսիդիաներ

Քերոբյանը հիշեցրեց կառավարության վերջին որոշումներից մեկը, որով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել գյուղմթերքի, հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների արտահանողներին։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է առանց նախնական հաշվարկների, թե պետական բյուջեի վրա ինչ բեռ է առաջանալու։ «Ասվեց, որ ծիրանի արտահանման դեպքում կտրամադրվի աջակցություն, շշալցված գինու համար՝ լրացուցիչ փոխհատուցում, բայց որևէ հաշվարկ չներկայացվեց, թե ընդհանուր առմամբ որքան կարժենա այդ ծրագիրը պետության համար։ Սա հերթական իրավիճակային լուծումն է», — ասել է նա։

Քերոբյանի գնահատմամբ՝ նման որոշումները հատկապես մտահոգիչ են այն պայմաններում, երբ պետական բյուջեն արդեն իսկ գործում է զգալի պակասուրդով։Նրա տվյալներով՝ մինչև նոր չնախատեսված ծախսերի ի հայտ գալը 2026 թվականի պետական բյուջեում արդեն իսկ նախատեսված էր մոտ մեկ միլիարդի դեֆիցիտ, որը պետք է ֆինանսավորվեր պետական պարտքի աճի հաշվին։ «Պետական պարտքը նախատեսվում էր հասցնել մոտ 16 միլիարդ դոլարի սահմանագծին, սակայն այժմ կարող է նույնիսկ ավելի մեծանալ», — նշել է նա։

Ռազմարդյունաբերության ֆինանսավորման ցուցանիշները

Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պաշտպանության ոլորտին՝ նախկին պաշտոնյան ներկայացրել է ռազմարդյունաբերության զարգացման համար նախատեսված միջոցների կատարողականի վերաբերյալ տվյալներ։ Նրա խոսքով՝ ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար առաջին կիսամյակում նախատեսված է եղել 1 միլիարդ 726 միլիոն դրամ, սակայն փաստացի ծախսվել է ընդամենը 428 հազար դրամ։

«Առաջին չորս ամիսների տվյալներով ծախսը զրո էր։ Այժմ արդեն առաջին կիսամյակի տվյալներով ծախսվել է ընդամենը 428 հազար դրամ։ Անկեղծ ասած՝ այդ թիվն ավելի շատ տպավորություն է թողնում, թե տեխնիկական սխալ է, քան իրական կատարողական», — ասել է Քերոբյանը։ Նա ընդգծել է, որ նույն ժամանակահատվածում նախարարության աշխատավարձային և պարգևատրման հոդվածների կատարողականը մոտ 90 տոկոս է կազմել։

Քերոբյանի խոսքով՝ հունիսի 11-ին ընդունված երեք առանձին որոշումներով պաշտպանության ոլորտի պատասխանատու գերատեսչության բյուջեն կրճատվել է մոտ 1,4 միլիարդ դրամով։ Նրա գնահատմամբ՝ դա կազմում է 2026 թվականի բյուջեի ավելի քան 5 տոկոսը։ «Եթե մեկ օրվա ընթացքում երեք որոշմամբ գերատեսչության բյուջեն 5 տոկոսով կրճատվում է, նշանակում է, որ այդ ծավալի աշխատանք պարզապես չի կատարվելու», — նշել է նա։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top