Նպատակին ամեն գնով հասնելու փորձերը վտանգում են ՀՀ-ում ժողովրդավարությունը

Հայաստանում շարունակվում են քննարկումները ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ նախաձեռնության շուրջ, որը շրջանառության մեջ է դրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունն ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական ենթատեքստ, իսկ դրա իրականացումը կարող է լուրջ հարցեր առաջացնել ժողովրդավարական սկզբունքների պահպանման տեսանկյունից։

Գրիգորյանը հիշեցնում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն շրջանառվում էին պնդումներ այն մասին, թե արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, մեծ թվով մարդիկ են ժամանել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Սակայն, նրա խոսքով, հետագայում հրապարակված տվյալները ցույց տվեցին, որ այդ թեմայի շուրջ հնչեցված թվերը զգալիորեն չափազանցված էին։

«Տարբեր քաղաքական դերակատարներ խոսում էին նույնիսկ 80-100 հազար մարդու մասին, սակայն հետագայում հրապարակված տվյալները ցույց տվեցին, որ նման մասշտաբի տեղաշարժեր չեն արձանագրվել։ Ավելին, որոշ տվյալներով ժամանումների ընդհանուր թիվը նույնիսկ ավելի ցածր էր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», – նշում է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը ընդունում է, որ բարոյական հարթությունում կարող է քննարկման առարկա լինել այն հարցը, թե որքանով է ճիշտ, երբ երկար տարիներ Հայաստանից դուրս բնակվող քաղաքացիները միայն ընտրությունների ժամանակ են մասնակցում երկրի քաղաքական կյանքին։ Սակայն, նրա համոզմամբ, այդ հարցը չի կարող ինքնաբերաբար վերածվել ընտրական իրավունքի սահմանափակման իրավական հիմքի։

Քաղաքագետը հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրությունը հստակ սահմանում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը, իսկ մի շարք իրավաբաններ ու սահմանադրագետներ արդեն իսկ նշել են, որ առաջարկվող փոփոխությունները կարող են հակասել գործող սահմանադրական կարգավորումներին։

Գրիգորյանի կարծիքով՝ նախաձեռնությունը կարող է կապված լինել նաև ապագա սահմանադրական հանրաքվեի հնարավոր սցենարների հետ։ Նրա գնահատմամբ՝ ընտրողների ընդհանուր թվի կրճատումը կարող է ազդեցություն ունենալ հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ ձայների շեմի վրա։

«Ներկայիս կարգավորումներով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կողմ քվեարկի փոփոխություններին։ Եթե ընտրողների ընդհանուր թիվը նվազի, ապա կնվազի նաև անհրաժեշտ ձայների շեմը», – նշում է նա։

Սակայն քաղաքագետի հիմնական մտահոգությունը վերաբերում է ոչ թե տեխնիկական հաշվարկներին, այլ քաղաքական և ժողովրդավարական հետևանքներին։

Գրիգորյանի գնահատմամբ՝ անընդունելի է, երբ որևէ քաղաքական նպատակ իրականացնելու համար փորձ է արվում վերանայել սահմանադրական նորմերը կամ սահմանափակել քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Նրա խոսքով՝ եթե ներքաղաքական կամ արտաքին քաղաքական օրակարգերը սկսեն թելադրել սահմանադրական և ժողովրդավարական սկզբունքների փոփոխությունը, ապա դա կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Հայաստանի քաղաքական համակարգի համար։

«Եթե հանուն որևէ քաղաքական արդյունքի պատրաստ ենք փոխել ընտրական իրավունքի հետ կապված հիմնարար մոտեցումները, ապա դա արդեն խնդիր է ոչ միայն տվյալ նախաձեռնության, այլև ժողովրդավարական կառավարման տրամաբանության տեսանկյունից։ Նպատակին ամեն գնով հասնելու փորձերը կարող են երկարաժամկետ ռիսկեր ստեղծել Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար», – ընդգծում է քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ սահմանադրական կարգը և քաղաքացիների հավասար ընտրական իրավունքները պետք է մնան քաղաքական գործընթացներից վեր գտնվող սկզբունքներ, քանի որ դրանց վերանայումը իրավիճակային նպատակահարմարության հիմքով կարող է խաթարել հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top