Հայաստանի ներքաղաքական դաշտում այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք օրինաչափ են, սակայն պետք է հաշվի առնել, որ սա դեռ միայն սկիզբն է։ Այս մասին նշել է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ խոսելով ընդդիմադինրերի զանգվածային կալանավորումների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։
Պայքարը ընթանալու է նոր պատգամավորներին ճամբարափոխ անելու համար
Նրա գնահատմամբ՝ իշխող ուժն այս փուլում դեռ չի հասել իր վերջնական նպատակին, որն է՝ խորհրդարանում բացարձակ, սահմանադրական մեծամասնություն ստանալը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների հաշվին իշխանությունն այժմ ունի պատգամավորական մանդատների երեք հինգերորդը (3/5), ինչը, սակայն, սա նրանց համար դեռևս բավարար չէ։ Փորձագետի կանխատեսմամբ՝ քաղաքական պայքարը հենց այս պատճառով շարունակվելու է, ընդ որում՝ իշխանությունն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած երկու հիմնական գործիքները՝ կոշտ ճնշումներն ու շահավետ առաջարկները։ Քանի որ ընդդիմախոսներն արդեն մտնում են Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցանկացած միջոցներով նոր պատգամավորներին անցկացնել իր ճամբար՝ բաղձալի սահմանադրական մեծամասնությանը հասնելու համար։ Մարտիրոսյանը շեշտում է, որ այս գերխնդրի լուծման ճանապարհին իշխանության համար գոյություն չունեն բարոյական որևէ «կարմիր գծեր» կամ սահմանափակումներ։
Արտաքին խոստումներ և «ժողովրդավարության» կեղծիքը
Ինչո՞ւ է իշխանությանն այդքան անհրաժեշտ բացարձակ վերահսկողությունը խորհրդարանում։ Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ իշխանությանը անհրաժեշտ է բացարձակ վերահսկողություն խորհրդարանում, քանի որ առանց դրա հնարավոր չէ անցնել հաջորդ փուլին, այն է՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Թուրքիայի նախագահ Էրդողանին տրված խոստումներն ու նախանշված ծրագրերը վերջնականապես կյանքի կոչելը։
Մարտիրոսյանը նշում է, որ անկախ նրանից, թե ինչպիսին է իր կամ հանրության վերաբերմունքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, իր շուրջ տեղի ունեցողը իշխանության տարբեր ճյուղերի տարանջատման սկզբունքի լիակատար բացակայության վառ դրսևորումն է։
Այսօր Հայաստանում ամեն ինչ որոշում է մեկ մարդ։ Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանն այժմ առաջնորդվում է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ի հանրահայտ՝ «Պետությունը ես եմ» սկզբունքով։ Նրա հիմնական ուղերձը սեփական բնակչությանը հետևյալն է. «Իմ դեմ խաղ չկա, ինչ ուզեմ՝ կանեմ»։
Մարտիրոսյանի եզրահանգմամբ՝ իշխանության նման վստահությունը գալիս է այն գիտակցումից, որ ինքը միջազգային հանրությունից ունի կարտ-բլանշ դիմելու ցանկացած գործողությունների երկրի ներսում։

