Քաղաքական ընտրության տնտեսական գինը․ ի՞նչ է կորցնում Հայաստանը 

Հայաստանի տնտեսական անվտանգության մի շարք ուղղություններ՝ էներգետիկ անվտանգությունից մինչև ֆինանսական և պարենային անվտանգություն, ներկայում մեծապես կապված են Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ձևավորված հարաբերությունների հետ։ Այս մասին նշել է տնտեսագիտության դոկտոր Թաթուր Մանասերյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգի զգալի մասը կապված է ռուսական կապիտալի հետ, իսկ պարենային անվտանգության ապահովման հարցում ևս Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից ներմուծումներից։ Նրա խոսքով՝ Հայաստանի պարենային անվտանգության հարցում ներմուծումների հիմնական մասը երկար տարիներ իրականացվել է Ռուսաստանից, իսկ վերջին ներմուծումներից մեկը՝ Ղազախստանից, որը ևս ԵԱՏՄ անդամ երկիր է։

Տնտեսագետը նշել է, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանի համար ստեղծել է լայն հնարավորություններ, ինչի մասին, ըստ նրա, վկայում են վիճակագրական տվյալները։ «Միայն գյուղատնտեսական արտադրանքի մասով արտահանումը Ռուսաստանի Դաշնություն, չխոսելով Եվրասիական շուկայի մասին, 700 միլիոն դոլարից ավելի է կազմում։ Արտաքին առևտուրը 10 տարիների ընթացքում գրեթե 15 անգամ ավելացել է»,– ասել է նա։

Այդ իսկ պատճառով ցանկացած արտաքին քաղաքական որոշում ընդունելուց պետք է հաշվի առնել այս իրողությունները։ «Արտաքին քաղաքական ընտրությունը պետք է հաշվի առնի նաև տնտեսական հետևանքները», — նշեց Մանասերյանը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը որևէ գործընկեր դիտարկում է որպես քաղաքական առումով ավելի նախընտրելի, ապա անհրաժեշտ է նախ հաշվարկել, թե այդ ընտրությունը որքանով է համապատասխանում Հայաստանի պետական և ազգային շահերին։

«Մենք պետք է հաշվարկներ կատարենք և հասկանանք՝ որքանով է դա ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը, որքանով են մեր պետական և ազգային շահերին համահունչ այն հայտարարությունները, որոնք արվում են, օրինակ, Եվրամիության մասին»,– նշել է տնտեսագետը։

Նրա պնդմամբ, որ Եվրամիության անդամակցության հարցում հայկական կողմը պետք է ավելի մանրամասն գնահատի հնարավոր տնտեսական և քաղաքական հետևանքները՞ ավելին՝ հաշվի առնի, որ ԵՄ-ում Հայաստանին «մեղմ ասած ոչ ոք չի սպասում»։ Այս իրողությունների ֆոնին փորձագետը անհասկանալի է համարում Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի հապճեպ ընդումումը։ 

«Եվրամիության անդամ 27 երկրներից և ոչ մեկը չի ընդունել Եվրամիությանն անդամակցելու մասին օրենք։ Նույնիսկ հիմնադիր անդամները՝ 15 երկրները, նման օրենք չեն ընդունել։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը շտապել, որոշների աջակցությամբ գրել նման օրենքի նախագիծ և արագ անցկացնել Ազգային ժողովում»,– ասել է Մանասերյանը։

Տնտեսագետի խոսքով՝ ցանկացած քաղաքական որոշման դեպքում անհրաժեշտ է գնահատել ոչ միայն դրա խորհրդանշական նշանակությունը, այլև գործնական արդյունքները։ «Մենք երբևէ պետք է սովորենք ծանր ու թեթև անել որևէ օրենքի տնտեսական և քաղաքական գինը։ Պետք է հասկանալ՝ դրանից հետո տնտեսապես ինչ ենք ստանալու»,– նշել է նա։

Իսկ գործնականում Հայաստանի կողմից այս օրենքի ընդունումը որևէ կերպ չուժեղացրեց մեր երկրի ԵՄ անդամակցության հեռանկարները, այլ պարզապես վատթարացրեց հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ։ «Գրգռել հարաբերությունները և թշնամանալ Ռուսաստանի Դաշնության հետ՝ դա անցանկալի է անգամ Արևմուտքի շատ երկրների համար»,– ասել է նա։

Միաժամանակ տնտեսագետը նշել է, որ ոչ մի տեղ չտանող օրենքների ընդունման փոխարեն Հայաստանը պետք է աշխատեր այլընտրանքային ուղղությունների զարգացման վրա՝ հատկապես էներգետիկ անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Իրանից գազի ներկրման ուղղությունը։ «Որևէ մեկը Հայաստանի ներկայիս իշխանություններին չի արգելել բանակցել և այլընտրանք գտնել։ Մենք ունենք խողովակաշար՝ Իրանից գազ ներմուծելու համար, և այս ուղղությամբ պետք է շատ ավելի ակտիվ լինել»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ նույնիսկ տարածաշրջանում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը պետք է մտածի իր տնտեսական և էներգետիկ անվտանգության մասին։ «Միջնորդավորված այլ երկրներով, օրինակ՝ Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացման կամ բնական աղետների պատճառով Հայաստանը կարող է զրկվել գազի մատակարարումից։ Անկախության տարիներին քիչ չեն եղել դեպքերը, երբ գազի մատակարարումը տարբեր պատճառներով ընդհատվել է»,– նշել է տնտեսագետը։

Մանասերյանի համոզմամբ՝ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի ակտիվ օգտագործի ինչպես ներքին, այնպես էլ սփյուռքի փորձագիտական ներուժը՝ տնտեսական ռազմավարություններ մշակելու համար։ «Ես ամեն ինչի հիմքում կդնեի ազգային և պետական շահերը, որոնք այսօր ուղղակի ձևակերպված չեն։ Դրանք պետք է հստակ ձևակերպվեն, որպեսզի ոչ միայն որոշում կայացնողները, այլև փորձագետները հասկանան՝ ինչի է միտված մեր միասնական աշխատանքը»,– եզրափակել է Մանասերյանը։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top