Հայաստանը կարող է այս ձմռանն արդեն բախվել էներգետիկ ճգնաժամի

Հայաստանը կարող է այս ձմռանն արդեն բախվել էներգետիկ ճգնաժամի․ նման վտանգի մասին ահազանգում է քաղաքագետ Գեորգի Թումասյանը՝ մատնանշելով երկրի էներգետիկ համակարգի բարձր կախվածությունը ՌԴ-ից ներմուծվող էներգակիրներից։ 

Նրա խոսքով՝  երկրի էներգետիկ բալանսի մոտ 50-55 տոկոսը տարբեր ձևերով կապված է գազի հետ, որը Հայաստանը ամբողջությամբ ներմուծում է։ Թումասյանը նշել է, որ իր հաշվարկներում գազի մասնաբաժնի մեջ ներառել է ոչ միայն դրա անմիջական օգտագործումը, այլև գազով արտադրվող էլեկտրաէներգիան և տրանսպորտում գազի կիրառումը։

Գազը՝ էներգետիկ բալանսի հիմնական բաղադրիչ

Քաղաքագետի գնահատմամբ՝ նավթամթերքը, որը նույնպես ամբողջությամբ ներմուծվում է, Հայաստանի էներգետիկ բալանսում կազմում է մոտ 18-20 տոկոս։ Մոտ 18 տոկոս է կազմում նաև ատոմային վառելիքի մասնաբաժինը, մինչդեռ Հայաստանի ինքնիշխանության ներքո գտնվող հիդրոէլեկտրակայաններն ու արևային կայանները միասին հազիվ հասնում են 10 տոկոսի։

Թումասյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում գազիֆիկացման մակարդակը մոտ 95 տոկոս է, ինչի հետևանքով գազը ջեռուցման հիմնական աղբյուրներից է։ Բացի այդ, տրանսպորտի զգալի մասը նույնպես աշխատում է գազով։ Նրա խոսքով՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները ևս գազի միջոցով են արտադրում էլեկտրաէներգիա։ «Գազը 100 տոկոսով ներմուծվում է Հայաստան Ռուսաստանից և Իրանից։ Դրա մոտ 85 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից, 15 տոկոսը՝ Իրանից»,– նշել է Թումասյանը։ Այսպիսով, նրա հաշվարկով՝ Հայաստանի ընդհանուր էներգետիկ բալանսում միայն ռուսական գազի բաժինը կազմում է մոտ 45 տոկոս։

Նավթամթերքի դիվերսիֆիկացումը՝ անհրաժեշտություն

Թումասյանի խոսքով՝ էներգետիկ կախվածության խնդիրը միայն գազով չի սահմանափակվում։ Նավթամթերքը կազմում է Հայաստանի էներգետիկ բալանսի մինչև 20 տոկոսը, և այդ ոլորտում նույնպես Ռուսաստանը շարունակում է գերակշիռ դեր ունենալ։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանը սկսել է դիվերսիֆիկացնել նավթամթերքի ներկրման աղբյուրները՝ այդ թվում Ադրբեջանից ներկրումների միջոցով։

Քաղաքագետի գնահատմամբ՝ հատկապես Իրանում ստեղծված իրավիճակի պայմաններում նավթամթերքի աղբյուրների դիվերսիֆիկացումը կարևոր նշանակություն ունի։ Սակայն, նրա խոսքով, Հայաստանը չպետք է նոր կախվածություն ստեղծի Ադրբեջանից, այլ պետք է զուգահեռաբար օգտագործի մի քանի աղբյուր։

Մեծամորի ատոմակայանի կախվածությունը

Թումասյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության մյուս խոցելի կետը Մեծամորի ատոմակայանն է, որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30-40 տոկոսը։ Նրա գնահատմամբ՝ ատոմակայանը փաստացի ամբողջությամբ կախված է ռուսական մատակարարումներից, մասնավորապես՝ միջուկային վառելիքի մատակարարումից։

Քաղաքագետը զգուշացրել է, որ հնարավոր ճգնաժամի դեպքում միաժամանակ մի քանի ուղղություններով մատակարարումների խափանումը կարող է Հայաստանի համար ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ։ Նա, մասնավորապես, չի բացառել, որ ձմռանը Ռուսաստանը կարող է Վրաստանի տարածքում խնդիրներ ստեղծել, որի հետևանքով Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի։ Այդ դեպքում, ըստ նրա, երկրի էներգետիկ բալանսի մոտ 50 տոկոսը կարող է անմիջապես հայտնվել խնդրի առաջ։

Եթե դրան գումարվեն նաև ատոմակայանի համար միջուկային հումքի մատակարարման խոչընդոտները, ապա վտանգված կարող է հայտնվել էներգետիկ բալանսի ևս մոտ 20 տոկոսը։

ԱՄՆ-ի հետ համագործակցությունը՝ որպես հնարավոր լուծում

Թումասյանը կարծում է, որ ատոմակայանի վառելիքի հարցում Հայաստանը պետք է նախապես պատրաստվի այլընտրանքային մատակարարման հնարավորությանը և այդ ուղղությամբ աշխատի Միացյալ Նահանգների հետ։

Նա օրինակ է բերել Ուկրաինայի փորձը՝ նշելով, որ ԱՄՆ-ն արդեն աշխատել է խորհրդային նախագծով կառուցված ուկրաինական ատոմակայանների համար այլընտրանքային միջուկային վառելիքի ապահովման ուղղությամբ։

Քաղաքագետի խոսքով՝ այդ փորձը ցույց է տալիս, որ խորհրդային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանների համար հնարավոր է ապահովել այլընտրանքային վառելիք։

«Մենք կարող ենք ապահովել մեր 10 տոկոսը հիդրո և արևայինի միջոցով։ Դրան ավելացված 20 տոկոսը՝ ատոմակայանի միջոցով, արդեն 30 տոկոս է»,– ասել է նա։

Պատրաստվել վատագույն սցենարին

Թումասյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել արդեն հիմա աշխատել ԱՄՆ-ի հետ՝ անհրաժեշտության դեպքում ատոմակայանի համար միջուկային վառելիքի այլընտրանքային մատակարարում ապահովելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև շարունակել նավթամթերքի ներկրման դիվերսիֆիկացումը՝ պահպանելով համագործակցությունը Ադրբեջանի հետ և ընդլայնելով այն Իրանի ուղղությամբ։

Նպատակը, ըստ քաղաքագետի, պետք է լինի այն, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի փոխարինել ռուսական նավթամթերքի ամբողջ ծավալը։ Այդ դեպքում, նրա հաշվարկով, հիդրոէներգետիկան և արևային էներգետիկան կարող են ապահովել մոտ 10 տոկոս, այլընտրանքային միջուկային վառելիքը՝ ևս մոտ 20 տոկոս, իսկ դիվերսիֆիկացված նավթամթերքը՝ ևս 20 տոկոս։ Սակայն ամենաբարդ խնդիրը շարունակում է մնալ գազը, որի մոտ 50 տոկոսանոց մասնաբաժինը կարճ ժամանակում փոխարինելը, նրա գնահատմամբ, հնարավոր չէ։

Թումասյանի խոսքով՝ հենց այդ պատճառով Հայաստանը պետք է ոչ թե սպասի հնարավոր ճգնաժամին, այլ նախապես պատրաստվի դրա տարբեր սցենարներին։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top