Ռուսաստանն այս փուլում առաջնորդվում է կարճաժամկետ կոմերցիոն շահերով

Հայաստանում հաճախ հնչում է այն տեսակետը, որ Ռուսաստանի համար Հայաստանի նշանակությունն այնքան մեծ է, որ Մոսկվան չի գնա Հայաստանի դեմ քայլերի և չի հրաժարվի ՀՀ-ից։ Այդ տրամաբանության մեջ ենթադրվում է, որ Հայաստանը կարող է իր նշանակությունը օգտագործել Ռուսաստանին բանակցություններում ճնշելու համար։

Բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի շահերի մասին խոսելիս  խնդիրը այն է, որ հայկական կողմը հաճախ առաջնորդվում է սեփական պատկերացումներով այն մասին, թե ինչում  է Ռուսաստանի շահը։

«Հնչող գնահատականները հիմնվում են հնարավոր երկարաժամկետ շահերի և  հետևանքների վրա։ Այնինչ Ռուսաստանում որոշումներ ընդունողները իրենց շահերի ընկալումը, ցավոք,  կապում են կարճատև կոմերցիոն շահերի հետ»,– ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Ռուսաստանի համար Հայաստանի նշանակությունը հիմնավորելու համար սովորաբար բերվում են երկարաժամկետ ռազմավարական փաստարկներ։ Օրինակ՝ եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ապա կարող է կորցնել նաև Անդրկովկասը, հետագայում՝ Հյուսիսային Կովկասը և այլն։ «Դա շատ երկարատև հաշվարկ է։ Միգուցե այս ամենը հիմնավոր է, բայց դա համոզիչ չի այն գործիչների համար Ռուսաստանում, որոնց հետ երկխոսում է հայկական կողմը»,– նշեց նա։

Մոսկվայում Հայաստանի վերաբերյալ մեկ այլ պատկերացում էր ձևավորվում

Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի նշանակության մասին այդ երկարաժամկետ պատկերացումներին հակառակ՝ Մոսկվայում տարիներ շարունակ թուրք-ադրբեջանական լոբբին շրջանառել է Հայաստանից հրաժարվելու գաղափարը։

«Իրենք կարողացան ավելի համոզիչ երևալ»,– ասաց նա։ Ըստ Մարտիրոսյանի՝ այդ շրջանակների թեզն այն էր, որ Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է անհարմար բեռ՝ ճամպրուկ առանց բռնակի․  Ռուսաստանը ծախսեր է անում Հայաստանում, մինչդեռ Հայաստանը, նրանց պնդմամբ, միևնույն է՝ գնալու է դեպի Եվրոպա։

Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական կողմը սխալվում էր՝ կարծելով, որ Մոսկվայի վերաբերմունքը չի փոխվի, քանի որ Ռուսաստանի շահերը ՀՀ-ում  երկարաժամկետ են։ «Սակայն այդ պատկերացումները սխալ էին։ Իրականում անհրաժեշտ է գնահատել նախ  ինչպես են ընկալում իրենց շահերը ՌԴ-ում, ոչ թե պնդել, թե որոնք են այդ շահերը քո սեփական ընկալմամբ, և այդ ընկալման հիման վրա կառուցել սեփական քաղաքականությունը»,– նշեց նա։

«Երբ որ դու սխալ սպասելիքներ ունես, դու հիասթափվում ես, իհարկե։ Բայց եթե դու իրատես ես, դու հասկանում ես՝ ինչ շահեր իրենք ունեն և սկսում ես   աշխատել այդ ընկալումով։ Խոսքը միայն  համընկնող շահերի մասին է խոսքը, այլ նաև շահերի մասին, որոնք հակադրված են նույնիսկ։ Այդ շահերի հետ էլ պետք է աշխատես»,– նշեց նա։

Բանակցությունը միայն փոխադարձ սակարկություն չէ

Այստեղ, ըստ Մարտիրոսյանի, առաջանում է այն հարցը, թե ինչ կարող է Հայաստանը առաջարկել Ռուսաստանին։ Նա կարծում է, որ այս հարցի նկատմամբ ևս կա բանակցությունների չափազանց պարզեցված պատկերացում։ «Մարդիկ, որոնց համար բանակցությունները միայն սակարկում են՝ մենք տանք, ինչ-որ մի բան ստանանք, շատ հասարակ բան են պատկերացնում բանակցությունը»,– ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ բանակցողի հնարավորությունները շատ ավելի լայն են, քանի որ կարելի է ոչ միայն փոխանակման առարկա գտնել, այլև մեծացնել կողմերի համար հնարավոր շահերի շրջանակը։ «Բանակցողի համար կա միշտ ավելի մեծ հնարավորություններ, երբ որ դու մեծացնում ես կարկանդակը և առաջարկները»,– ասաց նա։

Այս դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե դիմացինի համար ինչն է հատկապես կարևոր տվյալ պահին, և արդյոք Հայաստանը կարող է այդ շահը բավարարել այնպիսի եղանակով, որը մյուսները չեն կարող առաջարկել։ «Ես իրենց համար շատ կարևոր շահ, այսօրվա շահ, ոչ թե ապագա շահ, կարող եմ բավարարել այնպես, ինչպես ոչ մեկը չի կարող բավարարել»,– նշեց Մարտիրոսյանը։


👉 Քաղաքականություն

Scroll to Top