Հայ-ադրբեջանական սրացումների պատճառները միայն պատմական հակասությունները չեն

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ներկայիս սրացումների պատճառները չեն սահմանափակվում պատմական և մշակութային ժառանգության շուրջ առկա հակասություններով։ Դրանց վրա կարող են ազդել նաև բուն հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրներն ու գլոբալ զարգացումները։ Նման կարծիքի է քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը։ 

«Ես չեմ կարծում, որ դրանք սահմանափակվում են պատմական և մշակութային ժառանգության շուրջ հակասական կարծիքների։ Ենթադրում եմ, որ կան նաև այլ պատճառներ, որոնք բուն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ են կապված կամ ընդհանուր գլոբալ զարգացումների, որոնք, ուզենք թե չուզենք, ազդում են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա»,– ասաց Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացման տարբեր սցենարներ հնարավոր են, և Հայաստանի համար ցանկալի՝ հարաբերությունների արագ ու արդյունավետ կարգավորման սցենարի իրագործման համար անհրաժեշտ է, որ գործընթացում պարբերաբար նոր առաջընթաց արձանագրվի։

Առաջընթացի բացակայության դեպքում առաջին պլան են գալիս չլուծված խնդիրները

Նավասարդյանի խոսքով՝ գործընթացը պետք է մշտապես առաջ մղվի, հակառակ դեպքում այն հարցերը, որոնց շուրջ կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն, կրկին հայտնվում են օրակարգում։ «Այս գործընթացի մեխանիզմը անընդհատ յուղել և աշխատացնել է պետք, անընդհատ սնուցել։ Երբ այդ սնունդը չկա,առաջ են գալիս այն խնդիրները, որոնք դեռ երկար տարիներ լուծումներ չեն գտնի»,– ասաց քաղաքական մեկնաբանը։

Նրա կարծիքով՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել պատմական և մշակութային ժառանգության վերաբերյալ վերջին շրջանում ակտիվացած քննարկումները։«Ես կարծում եմ, որ այդ մշակութային և պատմական ժառանգության մասին խոսակցությունների ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ հողի վրա կամ պրակտիկ հարցերում ինչ-որ դանդաղեցում կա կամ այս պահին  կան դժվար հաղթահարելի խոչընդոտներ»,– նշեց նա։

Նավասարդյանը միաժամանակ չի կարծում, որ Հայաստանում կամ Ադրբեջանում որևէ կողմ շահագրգռված չէ գործընթացի առաջընթացով։ Սակայն, նրա խոսքով, դա ինքնին չի նշանակում, որ երկու երկրների միջև բոլոր հարցերի շուրջ կա համաձայնություն։

Անկլավների հարցը կարող է էական հակասությունների պատճառ դառնալ

Նավասարդյանը որպես նման բարդ հարցերից մեկը առանձնացրեց անկլավների խնդիրը։Նրա խոսքով՝ դժվար է գտնել այնպիսի լուծում, որը միաժամանակ կբավարարի երկու կողմերին, թեև այդպիսի լուծումը, իր գնահատմամբ, հնարավոր է։ «Ես չեմ համարում, որ դա անհնարին է։ Իհարկե, հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ նաև հեշտ է հասնել այդ հնարավոր լուծումներին»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե այս կամ մյուս հարցերում գործընթացը դանդաղում է, երկու երկրներում կարող են հայտնվել շահագրգիռ շրջանակներ, որոնք փորձում են առաջին պլան բերել այլ թեմաներ։

TRIPP-ի շուրջ դեռևս կան առանցքային հարցեր

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ շարունակում են չլուծված մնալ նաև տարածաշրջանային ամենակարևոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը։ Առաջին հերթին նա առանձնացնում է TRIPP-ը և դրա հետ կապված հետագա զարգացումները՝ ապաշրջափակման գործընթացում։

«Ենթադրում եմ, որ պահպանվում են խնդիրներ՝ կապված ամենակարևոր ծրագրերի իրացման հետ։ Խոսքը TRIPP-ի մասին է առաջին հերթին և TRIPP-ի հետ կապված հետագա զարգացումների՝ ապաշրջափակման ոլորտում»,– ասաց նա։

Նավասարդյանի խոսքով՝ այս համատեքստում արդեն առաջանում է հարց, թե ինչ է լինելու TRIPP-ից հետո և ինչ ուղղությամբ է իրականացվելու տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր սրվում է նաև հարցը՝ իսկ ի՞նչ է լինելու TRIPP-ից հետո։ Ասենք՝ Նախիջևանով գնացող երկաթուղին արդյոք մտնելու է Հայաստան, թե միանգամից, Հայաստանը շրջանցելով, մտնելու է Թուրքիա»,– նշեց նա։

Ապաշրջափակման հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը ամբողջությամբ  չեն համընկնում

Նավասարդյանի խոսքով՝ ապաշրջափակման ծրագրերի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումների միջև առկա են օբյեկտիվ հակասություններ։ «Միգուցե դա բանավեճի առարկա չի, բայց դա օբյեկտիվ հակասություն է մոտեցումների՝ Հայաստանի և Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ այստեղ խոսքը միայն այն մասին չէ, թե որ երկիրն է առավել շահագրգռված ապաշրջափակման գործընթացում։ Կա նաև մրցակցություն այն հարցի շուրջ, թե որ երկիրը կամ տարածքը կդառնա հիմնական ուղղությունը և որտեղ կկենտրոնանան ներդրումները։

«Այստեղ, զուտ շահագրգռվածությունից՝ լինել հիմնական տարածքը այս ապաշրջափակման համար, կա նաև ներդրումներ բերելու շահագրգռվածությունը։ Այսինքն՝ որքանով դու քո պրոյեկտը կարողանաս առաջ տանել, այդքանով ներդրումները շատ կլինեն»,– նշեց Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ այս խնդիրն առայժմ գործնական լուծում չի ստացել, մինչդեռ դրա հետաձգումը կարող է նորից ակտիվացնել այն հարցերը, որոնք ներկայում չպետք է առաջնային լինեին։

«Ես դա զուտ որպես օրինակ եմ բերում, որ այդ խնդիրը պրակտիկ դաշտում, որը շատ կարևոր է և ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, առայժմ լուծում չի գտնում։ Եվ որքանով լուծումը հետաձգվի, այդքանով կակտիվանան թեմաները, որոնք ժամանակավրեպ են այսօր»,– եզրափակեց քաղաքական մեկնաբանը։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top