Բաքվի «հաղթողի խաղաղությունը» բախվում է հայկական հասարակության դիմադրությանը

Արցախի մշակութային ժառանգության շուրջ տեղի ունեցած միջադեպը ինքնին չի վկայում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր և լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել։  Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ առնվազն այս պահին նման եզրակացության համար բավարար փաստեր չկան։ Միաժամանակ, միջադեպը բացահայտեց խաղաղության վերաբերյալ երկու հասարակությունների պատկերացումների էական տարբերությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի մթնոլորտի վրա։
Բանակցային գործընթացում նոր ճգնաժամի մասին փաստեր չկան

Գանձասարի միջադեպից հետո Հայաստանում ձևավորվեց այն տեսակետը, որ Ադրբեջանի կողմից այդ քայլը կարող էր պայմանավորված լինել բանակցային գործընթացում ի հայտ եկած նոր խնդիրներով։ Ադրբեջանական կողմում, իր հերթին, Հայաստանի արձագանքը ներկայացվում էր որպես ուղղորդված և համակարգված։

Գրիգորյանի խոսքով՝ նման մեկնաբանությունը, սակայն, դժվար է հիմնավորել։ Նա նշում է, որ Ադրբեջանի համար կարող է անսովոր լինել այն իրավիճակը, երբ տարբեր քաղաքական և հասարակական շրջանակներ՝ իշխանական, ընդդիմադիր և չեզոք, ինքնուրույն և գրեթե միաժամանակ քննադատում են Բաքվի գործողությունները։ Ադրբեջանի քաղաքական համակարգի պայմաններում այդպիսի բազմակարծությունը բնականաբար կարող է ընկալվել որպես ինչ-որ կենտրոնից ուղղորդված գործընթաց։

Մինչդեռ Հայաստանում հասարակական արձագանքները կարող են ունենալ տարբեր և ինքնուրույն պատճառներ։ «Այստեղ հիմնական խնդիրը խաղաղության վերաբերյալ երկու հասարակությունների տարբերվող պատկերացումներն են», — ասում է քաղաքագետը։ 

Լուրջ նոր խնդիրներ չկան 

Նա հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Բիշքեկում հանդիպումից հետո տարածված գրեթե նույնական հաղորդագրությունները։ Նրա գնահատմամբ՝ եթե այդ պահին կողմերի միջև իսկապես լուրջ նոր խնդիրներ լինեին, դժվար թե նրանք կարողանային համաձայնեցնել հանդիպման արդյունքներն ամփոփող տեքստը։

Գրիգորյանը որպես օրինակ հիշեցնում է նաև 2025 թվականի ապրիլը, երբ նույնիսկ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության հասնելու պայմաններում կողմերը չկարողացան դրա վերաբերյալ համատեղ հաղորդագրություն տարածել։ Դա, նրա խոսքով, այն ժամանակ ցույց էր տալիս, որ բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ կային։

Բիշքեկի հանդիպումից հետո, սակայն, նման ազդակներ չեն եղել։ Կողմերը միմյանց նկատմամբ որևէ ակնառու հայտարարություն չեն արել, առնվազն հրապարակային դաշտում չեն եղել լուրջ միջադեպեր, որոնք թույլ կտային խոսել բանակցային գործընթացում նոր ճգնաժամի մասին։

Ադրբեջանի «հաղթողի խաղաղության» պատկերացումը

Գրիգորյանի խոսքով՝ խնդիրը պետք է դիտարկել մեկ այլ հարթության վրա։ Ադրբեջանը խաղաղության գործընթացը շարունակում է ընկալել հիերարխիկ տրամաբանությամբ, որը քաղաքագիտական գրականության մեջ հայտնի է որպես «հաղթողի խաղաղություն»։

Վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ իսկապես նկատվել են ինչպես ընդհանուր մթնոլորտում, այնպես էլ հռետորաբանության մեջ։ Բաքուն նաև մի շարք խորհրդանշական քայլեր է կատարել՝ այդ թվում Հայաստանի ուղղությամբ իր տարածքով տարանցման հնարավորության տրամադրման և Հայաստանի հետ ուղղակի առևտրի մեկնարկի վերաբերյալ որոշումները։ Սակայն, ըստ քաղաքագետի, դրանով Ադրբեջանը չի հրաժարվել իր ավանդական քաղաքական խոսույթից։

Նա նշում է, որ նույնիսկ վերջին շրջանում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի շուրջ ադրբեջանական խոսույթը շարունակվել է։ Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում ևս արձանագրել էր, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո այդ թեմայով ադրբեջանական հռետորաբանությունն ընդլայնվել է։

Նույնը վերաբերում է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Թեև վերջին մեկ տարվա ընթացքում դրա կիրառման հաճախականությունը նվազել է, Ադրբեջանում այդ գաղափարը շարունակում է շրջանառվել։ Գրիգորյանի խոսքով՝ ադրբեջանական քաղաքական և փորձագիտական շրջանակներում «Զանգեզուրի միջանցքը» նույնացվում է մի շարք այլ ուղղությունների հետ, ինչը ցույց է տալիս, որ բովանդակային առումով այդ մոտեցումները չեն վերացել։

Նույնը վերաբերում է հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը «աղվանական» ներկայացնելու ադրբեջանական թեզին։

Ինչու Գանձասարի այցը Հայաստանում ընկալվեց որպես սադրանք

Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանում որոշակի սպասում էր ձևավորվել, որ Վաշինգտոնից հետո ստեղծված դրական մթնոլորտի պայմաններում Ադրբեջանը կհրաժարվի նման քայլերից և կփոխի իր մոտեցումները հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հարցում։

Այդ սպասումն էլ, ըստ նրա, կարող է բացատրել Գանձասարի այցի շուրջ ստեղծված արձագանքը։ Քայլը Հայաստանում ընկալվեց ոչ թե պարզապես որպես հերթական ադրբեջանական նախաձեռնություն, այլ որպես ցուցադրական գործողություն, որը հակասում էր խաղաղության գործընթացի վերաբերյալ ձևավորված սպասումներին։

Ադրբեջանում, սակայն, իրավիճակը դիտարկվում է այլ տրամաբանությամբ՝ «Դուք ընդունել եք մեր պայմանները՝ հենց այդ հաղթողի խաղաղության տեսլականի շրջանակում, ճանաչել եք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվում եք ընդհանրապես խոսել Լեռնային Ղարաբաղի, հատկապես մարդկանց իրավունքների մասին, և ակնկալիքը այն էր, որ այս հարցերով ևս պետք է լռություն պահպանեիք»։ Նման գիծ է առաջ տանում Ադրբեջանը, ասում է Գրիգորյանը։ Այս մոտեցման դեպքում «հաղթողի խաղաղությունը» ենթադրում է ոչ միայն այն, որ Ադրբեջանն է սահմանում խաղաղության քաղաքական օրակարգը, այլև այն, որ հայկական կողմը պետք է ընդունի Ադրբեջանի դիրքորոշումները և չվիճարկի դրանք։

Հասարակության արձագանքը չի կարող վերահսկվել

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների դեպքում Ադրբեջանի մոտ կարող է որոշակի պատկերացում ձևավորված լինել, որ հայկական կողմը մեծ հաշվով ընդունել է այս տրամաբանությունը։ Գանձասարի թեմայով Հայաստանի իշխանությունները ևս բավական կոշտ հայտարարություններով հանդես չեն եկել և սահմանափակվել են առանձին հարցերի արձագանքներով։

Սակայն նույն ակնկալիքը Հայաստանի հասարակության նկատմամբ իրատեսական չէ։ Հայաստանի հանրային դաշտը, Գրիգորյանի խոսքով, շատ ավելի բազմաշերտ է, քան Ադրբեջանինը, և այստեղ տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակներ կարող են ինքնուրույն գնահատականներ տալ տեղի ունեցող իրադարձություններին։

Հենց այս տարբերությունն էլ, նրա կարծիքով, երկու երկրների միջև անվստահության նոր ալիք է ձևավորում։

Անվստահությունն արդեն ազդում է խաղաղության մթնոլորտի վրա

Գրիգորյանի խոսքով՝ Գանձասարի միջադեպի ամենակարևոր հետևանքը ոչ այնքան այն է, որ այն բացահայտել է բանակցային սեղանի շուրջ նոր խնդիր, որքան այն, որ խորացրել է փոխադարձ անվստահությունը։

Դրա ազդեցությունն արդեն նկատելի է նաև խաղաղ գործընթացի ընդհանուր մթնոլորտում։ Որոշ նախաձեռնություններ և հանդիպումներ չեղարկվում են, կողմերի հայտարարությունների հռետորաբանությունն ավելի ագրեսիվ է դառնում։

Այս համատեքստում քաղաքագետը հիշատակում է նաև Իլհամ Ալիևի վերջին հակահայկական հայտարարությունները՝ դրանք դիտարկելով որպես այն գործընթացի շարունակություն, որի արդյունքում Գանձասարի միջադեպից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում ձևավորված լարվածությունը կարող է խորանալ։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top