Թրամփի ուղին Իրանի շուրջ աշխարհաքաղաքական օղակի սեղմման գործիք է

Թրամփի ուղին Իրանի շուրջ աշխարհաքաղաքական օղակի սեղմման ռազմավարության բաղադրիչ է, որի նպատակը տարածաշրջանում Թեհրանի աշխարհառազմավարական առաջխաղացումը սահմանափակելն է։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը, համադրելով Իսրայելի առաջ մղած տրանսպորտային նախագծերը, պնդում է, որ դրանց ռազմավարական տրամաբանությունը դուրս է գալիս հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրի զարգացման շրջանակներից։

Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունների միաժամանակյա սրումը, Իրանի ազդեցության դեմ պայքարը և ամերիկյան կապիտալի ներգրավումը տարածաշրջանային ենթակառուցվածքներում Հայաստանի համար ստեղծում են պատերազմի վտանգ։ 

Իսրայելի տրանսպորտային նախագծերը և Իրանի շրջափակման ռազմավարությունը

Դավթյանի խոսքով՝ Թրամփի ուղու աշխարհաքաղաքական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել Իսրայելի առաջ մղած այլ տրանսպորտային նախագծերի համատեքստում։ Դրանց թվում են Դավթի միջանցքը և Բեն Գուրիոնի միջանցքը, որոնց իրականացումը փորձում է առաջ մղել Թել Ավիվը։

Նրա գնահատմամբ՝ այս նախագծերի համադրումը ցույց է տալիս դրանց ընդհանուր ռազմավարական նպատակը՝ Իրանի շուրջ տրանսպորտային օղակի ստեղծումը և տարածաշրջանում նրա հետագա աշխարհառազմավարական առաջխաղացման սահմանափակումը։

Դավթյանի խոսքով՝ նմանատիպ օղակի սեղմում է տեղի ունենում նաև Սաուդյան Արաբիայի շուրջ։ Մի կողմից՝ Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումները լուրջ վտանգներ են ստեղծում, մյուս կողմից՝ աննախադեպ ռազմականացում է նկատվում Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում։ Դրան զուգահեռ՝ Եմենի հութիները լուրջ ռազմական հաջողություններ են գրանցում, իսկ Սաուդյան Արաբիայի նավթագազային ենթակառուցվածքներն ու Արևելք-Արևմուտք նավթամուղը ենթարկվում են ինտենսիվ հարվածների։

Այս զարգացումները, ըստ փորձագետի, ձևավորում են աշխարհաքաղաքական մի իրավիճակ, որտեղ Իսրայելի համար առաջնահերթություն է դառնում Իրանի ազդեցությանը հակակշիռ ստեղծելը։ Մերձավոր Արևելքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր մրցակիցներից մեկը ավանդաբար հենց Սաուդյան Արաբիան է եղել։

Սաուդյան Արաբիան՝ Իսրայելի հնարավոր գործընկեր

Դավթյանը պատահական չի համարում, որ մինչև տարածաշրջանում ռազմական էսկալացիայի ներկայիս փուլը ակտիվորեն քննարկվում էր Սաուդյան Արաբիայի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալու հնարավորությունը։ Էր Ռիադի և Թել Ավիվի միջև արդեն սկսվել էին լուրջ դիվանագիտական քննարկումներ։

Դավթյանի գնահատմամբ՝ Իրանի շուրջ տրանսպորտային օղակի ձևավորումը կստեղծեր այնպիսի պայմաններ, որոնցում Սաուդյան Արաբիան՝ որպես Իսրայելի հնարավոր դաշնակից կամ կանխատեսելի գործընկեր, ավելի շահեկան դիրք կզբաղեցներ էներգետիկ, աշխարհատնտեսական և ռազմավարական առումներով։

Դավթյանի խոսքով՝ Իրանի քաղաքականությունը հնարավոր չէ գնահատել բացառապես տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։ Վերջին տասնամյակների զարգացումները բազմիցս ցույց են տվել, որ Թեհրանի որոշումները պայմանավորված են առաջին հերթին աշխարհաքաղաքական հաշվարկներով։

«Իրանը չի մտածում և իր պլանավորումը չի իրականացնում բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով։ Այն ավելի շատ աշխարհաքաղաքական խաղացող է, քան աշխարհատնտեսական»,- ընդգծել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Իրանը ներկայումս տարածաշրջանում էական հակակշիռ է ձևավորում ոչ միայն Իսրայելին և Սաուդյան Արաբիային, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը նրանց համար, մեծ հաշվով, աշխարհաքաղաքական հենարան է։

Այս պայմաններում Իրանի շուրջ տրանսպորտային օղակի ստեղծումը չի կարող դիտարկվել որպես զուտ տնտեսական կամ լոգիստիկ նախաձեռնություն։ Այն անմիջականորեն առնչվում է տարածաշրջանում ազդեցության համար պայքարին և Իրանի հնարավորությունների սահմանափակմանը։

Հայաստանի ներգրավումը Թրամփի ուղուն անհեռատես քաղաքականություն է

Դավթյանի համոզմամբ՝ այս իրողությունների պայմաններում Հայաստանի ինտենսիվ ներգրավումը Թրամփի ուղու նախագծում և դրա ներկայացումը որպես տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ու առևտրային կապերի ապաշրջափակման կամ վերականգնման ծրագիր անհեռատես մոտեցում է։

Փորձագետը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի կտրուկ խորացումը Հայաստանը կարող է կանգնեցնել պատերազմական իրավիճակի առաջ։ Նա ընդգծում է՝ Իրանի համար ամերիկյան կապիտալի մասնակցությամբ ենթակառուցվածքները, հատկապես՝ տրանսպորտային, դառնում են ռազմական թիրախներ։

«Եթե էսկալացիան շատ սրվի Մերձավոր Արևելքում, ապա Իրանի Իսլամական Հանրապետության համար ցանկացած ենթակառուցվածք, հատկապես՝ տրանսպորտային ենթակառուցվածք, որում առկա է լինելու ամերիկյան կապիտալ, լինելու է լեգիտիմ թիրախ»,- հայտարարել է Դավթյանը։

Որպես դրա ապացույց՝ նա մատնանշել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և տարածաշրջանի այլ երկրներում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանը չի կարող անտեսել այս սպառնալիքները և Թրամփի ուղին ներկայացնել բացառապես տնտեսական օգուտների տեսանկյունից։ Իրանի աշխարհաքաղաքական շահերը, Իսրայելի տարածաշրջանային ռազմավարությունը և ռազմական էսկալացիայի վտանգը հաշվի չառնելը կարող է Հայաստանի համար հանգեցնել պատերազմի։

Scroll to Top