Ադրբեջանում դպրոցականների և ուսուցիչների կողմից հիջաբ կրելու սահմանափակումների կիրառումը բողոքի ալիք է առաջացրել՝ ի ցույց դնելով իշխանությունների կրոնական քաղաքականության և հասարակական տրամադրությունների միջև առկա հակասությունները։ Ըստ հայ վերլուծաբանների՝ ստեղծված իրավիճակը արտացոլում է Ադրբեջանի ոչ այնքան կրոնական խնդիրները, որքան սոցիալական, ստեղծված իրավիճակը կարող է նպաստել ներքին դժգոհության քաղաքականացմանը։
Սահմանափակումների նպատակը՝ կրոնական համայնքի վերահսկողությունն է
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով՝ համապատասխան սահմանափակումը հիմնված է հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունների վրա, որը ուժի մեջ է մտել սեպտեմբերի վերջին։ Սակայն սահմանափակումների կիրառումը փաստացի սկսվել է ավելի ուշ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական քարոզչությունը նոր կարգավորումները ներկայացնում է որպես սոցիալական նախաձեռնություն, որը նպատակ ունի վերացնել հարուստների և աղքատների միջև տարբերությունները։ Սակայն, թուրքագետի գնահատմամբ, սահմանափակումների իրական նպատակը երկրի կրոնական համայնքի նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է։
Գեղամյանը նշել է, որ Ադրբեջանում բնակչության ճնշող մեծամասնությունը մուսուլման է, իսկ նրանց զգալի մասը դավանում է շիայականություն։ Նրա գնահատմամբ՝ երկրի իշխանությունների կրոնական քաղաքականությունը երկակի բնույթ ունի․ իսլամը մի կողմից դիտարկվում է որպես ազգային ինքնության և հասարակական համերաշխության բաղադրիչ, մյուս կողմից՝ որպես իշխանության համար հնարավոր սպառնալիք։
Թուրքագետի խոսքով՝ կրոնը կարևոր դեր ունի Ադրբեջանի հասարակության տարբեր խմբերի համախմբման գործում՝ անկախ նրանց էթնիկական տարբերություններից։ Միաժամանակ իշխանությունները մտահոգված են արտաքին ազդեցությամբ, առաջին հերթին՝ Իրանի և Թուրքիայի հնարավոր ներգործությամբ։
Գեղամյանի գնահատմամբ՝ ադրբեջանական հասարակության զգալի մասը չի նույնականանում պետական գաղափարախոսության հետ, իսկ սոցիալական ճգնաժամերի պայմաններում կրոնը կարող է դառնալ հանրային համախմբման կարևոր աղբյուր։ Այդ պատճառով կրոնական սահմանափակումները հասարակության կողմից ընկալվում են ոչ միայն որպես կրոնական իրավունքների սահմանափակում, այլև որպես ավելի լայն խնդիր։
Թուրքագետը հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս փորձել են սահմանափակել գլխաշոր կրողներին, սակայն լայնածավալ բողոքներից հետո ստիպված են եղել նահանջել։ Նրա խոսքով՝ ներկայիս ցույցերը մեծ արձագանք են ստացել սոցիալական ցանցերի շնորհիվ, բայց դրանք աննախադեպ համարելը ճիշտ չէ։
Տարաձայնությունները չեն կարող էական վնաս հասցնել Բաքվի և Անկարայի հարաբերություններին
Անդրադառնալով Թուրքիայի արձագանքին՝ Գեղամյանը նշել է, որ Ադրբեջանի քայլերը բացասական արձագանք են առաջացրել Թուրքիայի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում։ Սակայն, նրա գնահատմամբ, այդ տարաձայնությունները չեն կարող էական վնաս հասցնել երկու երկրների ռազմավարական հարաբերություններին, քանի որ դրանք խորապես փոխկապակցված են։
Թուրքագետի կարծիքով՝ բողոքի գործողությունները նաև վկայում են, որ Ադրբեջանի սոցիալական ճգնաժամը չի վերացել նույնիսկ 2020 թվականի պատերազմում հաղթանակից հետո։
«Եթե նախկինում «Ղարաբաղը վերցնենք, լավ կապրենք» նշանաբանի ներքո պետական քարոզչությունը հանրային լարվածությունը թուլացնելու որոշ հնարավորություններ ստեղծում էր, ապա այսօր «Ղարաբաղը կա», բայց միջին վիճակագրական ադրբեջանցին, ով նաև զոհ է տվել, չունի ոչ միայն բարեկեցություն, այլև դրա հեռանկարը»,- նշել է Գեղամյանը։
Կարող են ակտիվանալ «Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական թեզի տարածումը
Նրա գնահատմամբ՝ Ալիևի վարչախմբին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի ճնշել բողոքի ներկայիս ալիքը՝ անհրաժեշտության դեպքում որոշ զիջումների գնալով։ Միաժամանակ նա կարծում է, որ ցույցերը հետևանքներ կունենան, և իշխանությունները կարող են փորձել հանրային դժգոհությունը վերահասցեագրել դեպի արտաքին քաղաքական նպատակներ ու թշնամու կերպարի ձևավորում։
Գեղամյանի համոզմամբ՝ այս համատեքստում կարող են ակտիվանալ «Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական թեզի տարածման և դրա գործնական կիրառման մեխանիզմների մշակման աշխատանքները։ Նա եզրակացրել է, որ այս պայմաններում խաղաղության հեռանկարների մասին խոսելը հիմնավոր չէ։
Կրոնական ավանդույթի հարցը վերաճել է սոցիալական արդարության պահանջի
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանում հիջաբի դեմ սահմանափակումներ մտցնելու՝ իշխանությունների որոշումը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով։
Առաջին՝ նրա խոսքով, Արցախում գրանցած հաջողությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը չափազանց ինքնավստահ է դարձել՝ կարծելով, որ կարող է քայլեր ձեռնարկել նույնիսկ երկրի մեծամասնության կրոնական ավանդույթների սահմանափակման ուղղությամբ։
Երկրորդ՝ Ոսկանյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը չափազանց մեծ նշանակություն է տալիս արտաքին քաղաքական հաջողություններին՝ կարծելով, թե դրանք կարող են ինքնաբերաբար լուծել նաև երկրի ներսում առկա խնդիրները, այդ թվում՝ կրոնական ոլորտում։
Իրանագետի գնահատմամբ՝ այս քաղաքականության հետևանքով իշխանություններն առաջացրել են ներքին դժգոհության նոր ալիք։
«Իրականում սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբն, ըստ էության, չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը», որովհետև կրոնական ավանդույթի հարցը փաստացիորեն վերաճել է սոցիալական արդարության պահանջի խնդրի՝ անկախ դժգոհողների հավատացյալ լինելուց կամ չլինելուց»,- նշել է Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ բռնի մեթոդներով ապաքաղաքականացված հասարակություններում սոցիալական պահանջները կարող են հիմք դառնալ ապագայում զուտ քաղաքական պահանջների ձևավորման համար։ Ոսկանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ներկայիս իրավիճակը ևս կարող է նման զարգացումների նախադրյալներ ստեղծել։

