Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց անկլավների և էքսկլավների խնդիրը տարածքների փոխանակման միջոցով լուծելու հնարավորությունը Բաքվի հետ քննարկելու մասին։ Արդյո՞ք Երևանն ու Բաքուն մոտենում են պատմական փոխզիջման, ի՞նչ կարող է փոխվել սահմանազատման գործընթացում, և հնարավո՞ր է արդյոք խորհրդային անցյալից ժառանգված այս բարդ խնդիրը լուծել այնպես, որ ապահովվեն Հայաստանի անվտանգ սահմանները, անխափան հաղորդակցությունն ու երկարաժամկետ խաղաղության հեռանկարները։
Քաղաքագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ տարածքների փոխանակման գաղափարը նոր չէ․ դրա մասին նախկինում ևս խոսվել է սահմանազատման գործընթացի և դրա հնարավոր սցենարների քննարկումների համատեքստում։ Սակայն ուշագրավ է, որ այս թեման կրկին բարձրացվել է այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական գործընթացում նկատվում են նաև որոշ բացասական զարգացումներ։ «Այսօրվա՝ մի փոքր դեպի բացասական գնացող դինամիկայի ֆոնին արվեց այս հայտարարությունը, և եղան նաև որոշ քննարկումներ հարևան պետությունում։ Սա ցույց է տալիս, որ միգուցե դիվանագիտական հարթակներում որոշ քննարկումներ են տեղի ունենում»,– նշել է Մելիքյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ սահմանազատման գործընթացում անհրաժեշտ է առաջնորդվել պրագմատիկ մոտեցմամբ։ Խնդիրը միայն սահմանագծի ճշգրտումը չէ․ կարևոր է նաև ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը, ճանապարհների հասանելիությունը և ջրային ռեսուրսների օգտագործման հնարավորությունները։ Հետևաբար, որոշ դեպքերում փոխադարձ զիջումները և տարածքների փոխանակումը կարող են դառնալ ընդունելի լուծման տարբերակ։ «Եթե կողմերը պրագմատիկորեն մոտենան հարցին, պետք է որոշ լուծումներ գտնվեն, որպեսզի երկու կողմերն էլ գնան որոշակի զիջումների․ մի տարածքը փոխարինվի մյուսով, և ամբողջ սահմանի երկայնքով ընդունելի լուծումներ գտնվեն»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, Մելիքյանը զգուշացնում է, որ գործընթացը բարդ է լինելու և կարող է երկար տարիներ տևել։ Որպես օրինակ՝ նա հիշեցնում է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման հարցը, որի շուրջ տասնամյակներ շարունակ վերջնական առաջընթաց չի արձանագրվել։
Ավելին Մելիքյանը թերահավատորեն է վերաբերվում այն գնահատականներին, թե այս հարցում իրականում կա առաջընթաց։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն ունեն ռազմավարական նշանակություն, և դեռ պարզ չէ՝ արդյոք Բաքուն պատրաստ կլինի իրական քայլերի՝ Հայաստանի համար կարևոր տարածքների վերադարձի և սահմանազատման ընթացքում փոխադարձաբար ընդունելի լուծումների հասնելու ուղղությամբ։ «Այսօր ես չեմ կիսում այն լավատեսությունը, թե Ալիևը հասկացել է տարածաշրջանային կայունության, խաղաղության և համագործակցության կարևորությունը։ Ես տեսնում եմ այլ միտում, որտեղ դրսևորվում են նրա ռևիզիոնիզմն ու ռևանշիզմը տարածաշրջանի նկատմամբ»,– նշել է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում դառնալ առանցքային որոշումներ կայացնող պետություն, ինչը լուրջ մարտահրավեր է առաջին հերթին Հայաստանի և Վրաստանի համար։ Մելիքյանի համոզմամբ՝ այդ միտումը չի կարող փոխվել միայն առանձին հայտարարությունների արդյունքում․ դրա համար անհրաժեշտ են քաղաքականության իրական փոփոխություններ և կառուցողական քայլեր։ Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել Բաքվի հաշվարկների վրա։ Հյուսիսում և հարավում զարգացող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային գործոնները կարող են Ադրբեջանին մղել ավելի պրագմատիկ դիրքորոշման։
Քաղաքագետի խոսքով՝ նման զարգացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկար տարիների հակամարտությունից, կորուստներից և ողբերգական իրադարձություններից հետո՝ տարածաշրջանում կայունություն և համագործակցություն հաստատելու համար։ «Շատ ուրախ կլինեմ մոտ ապագայում լավատեսական մտքերով կիսվել, բայց այսօր դեռ վաղ է լուրջ առաջընթացի մասին խոսելու համար»,– եզրափակել է Ջոնի Մելիքյանը՝ ընդգծելով, որ հետագա զարգացումները ցույց կտան՝ արդյոք կողմերը կկարողանան անցնել հայտարարություններից դեպի իրական պայմանավորվածություններ և տարածաշրջանային համագործակցության նոր փուլ։

