ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են ընդդիմությունից հանրության խոր հիասթափության մասին

ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են ընդդիմությունից հանրության խոր հիասթափության մասին

Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ձայների 80-90 տոկոսով՝ գրեթե առանց դիմադրության։ Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, նույն համայնքներում ընդդիմադիր ուժերը բավականին տպավորիչ արդյունքներ էին արձանագրել։ Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը՝ իշխանության ավտորիտար քաղաքականությա՞մբ, թե՞ ընդդիմության՝ իշխանությանը լուրջ դիմադրություն ցույց տալու անկարողությամբ։

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ տեղի ունեցածը նախևառաջ ընդդիմության քաղաքական վարքագծից հանրության խոր հիասթափության հետևանք է։ «Ակնհայտ է՝ կա խոր հիասթափություն ընդդիմության քաղաքական վարքագծից»,- նշել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ևս ընդդիմադիր ուժերը չեն արդարացրել իրենցից ունեցած հանրային սպասելիքները։ 

Նրա խոսքով՝ խնդրի հիմքում ընտրություններից առաջ ձևավորված անիրատեսական ակնկալիքներն էին, որոնք հիմնականում կապված էին իշխանափոխության հետ։ Հարությունյանի համոզմամբ՝ քաղաքական պայքարի նպատակը չպետք է լինի իշխանափոխությունն ինքնին։ Գլխավոր հարցը պետք է լինի այն, թե ինչ քայլեր է առաջարկում քաղաքական ուժը Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ անկախ նրանից, թե ով է լինելու իշխանության ղեկին։

«Ինձ համար՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով էլ ուզում է լինի իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ մեկ ուրիշը, պահանջը մեկն է լինելու՝ ձեր քաղաքական քայլերով երաշխավորեք այս պետության, ոչ թե միայն իմ ընտանիքի, այլ բոլորիս անվտանգությունը»,- նշել է նախկին վարչապետը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացներ անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու կամ առնվազն մեղմելու հստակ քաղաքական ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և քաղաքացիների անվտանգության ապահովմանը։

Խորհրդարանական ընտրությունները վերածվել էին փրկչի ընտրության

Հարությունյանի գնահատմամբ՝ նախընտրական շրջանում քաղաքական պայքարը կառուցվել էր ոչ այնքան ծրագրերի և պետական կառավարման մոտեցումների, որքան այն հարցի շուրջ, թե ով պետք է դառնա վարչապետ։ Նրա խոսքով՝ ընտրապայքարում գրեթե չէր քննարկվում, թե ինչ թիմ է կառավարելու երկիրը, ով է լինելու ֆինանսների կամ արտաքին գործերի նախարարը, և ինչ քաղաքականություն է իրականացվելու իշխանության գալու դեպքում։

Հարությունյանը նաև համաձայնել է այն դիտարկմանը, որ իշխանության և ընդդիմության միջև բևեռացումը, փոխադարձ թշնամանքն ու ատելությունը կարևոր դեր են ունեցել քաղաքական գործընթացներում։ Սակայն, նրա համոզմամբ, այդ մթնոլորտը չէր կարող արդյունավետ քաղաքական արդյունքի հանգեցնել։ «Ատելությունը թուլության նշան է»,- նշել է նա՝ հավելելով, որ քաղաքական ուժերը պետք է հանրային պահանջ ձևավորեին ոչ թե իշխանափոխության, այլ Հայաստանի անվտանգության ապահովման շուրջ։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է ապացուցեր, որ իր նպատակը ռևանշը չէ, այլ խաղաղության՝ միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված, գործնականում անշրջելի դարձնելը։ Այդպիսի ծրագիրը, ըստ Հարությունյանի, պետք է ընդունելի լիներ ինչպես հայ հասարակության, այնպես էլ արտաքին դերակատարների համար։

Ընդդիմությունը չօգտվեց խորհրդարանում իր դիրքերն ամրապնդելու հնարավորությունից

Նախկին վարչապետի կարծիքով՝ ընդդիմությունը բաց թողեց նաև խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված հնարավորությունը՝ իր գործունեության համար ինստիտուցիոնալ երաշխիքներ ապահովելու առումով։

Նա հիշեցրել է, որ ընտրություններից հետո քննարկվում էր՝ ընդդիմադիր ուժերը պե՞տք է վերցնեն խորհրդարանական մանդատները, թե՞ ոչ։ Հարությունյանի համոզմամբ՝ մանդատներ վերցնելու որոշումը պետք է պայմանավորված լիներ իշխանությունների հետ հստակ պահանջների շուրջ համաձայնությամբ։

«Եթե նույնիսկ մտադիր եք մանդատներ վերցնել, ապա գոնե ներկայացրեք իշխանությանը պահանջներ, թե ինչպիսի իրավական երաշխիքներ պետք է ունենա ընդդիմությունը, որպեսզի նրա քաղաքական կենսունակությունը երաշխավորվի»,- նշել է նա։

Հարությունյանի առաջարկներից էին խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումը և ընդդիմության համար առանցքային պաշտոնների ապահովումը։ Մասնավորապես՝ նա առաջարկել էր ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահել ընդդիմությանը՝ բյուջետային կարգապահության և պետական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։

Նա նաև կարևորել էր Մարդու իրավունքների պաշտպանի և Հաշվեքննիչ պալատի ղեկավարի պաշտոններում ընդդիմության ներկայացուցչության հարցը՝ որպես վերահսկողության և հակակշիռների համակարգի ամրապնդման հնարավոր միջոց։

Հարությունյանի խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ կառավարությունը քաղաքական մեծամասնության շարունակությունն է գործադիր իշխանությունում, անհրաժեշտ է արդյունավետ հակակշիռների համակարգ ձևավորել մեծամասնության և փոքրամասնության միջև։

Հարությունյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները երբեմն հանդես են գալիս բավականին կոշտ և տրամաբանված ելույթներով՝ բացահայտելով իշխանության ներկայացուցիչների մանիպուլյատիվ հայտարարությունները։ Սակայն այդ քննադատությունը բավարար չէ քաղաքական գործընթաց ձևավորելու համար։ «Ես տեսնում եմ դա, բայց արդյունք մենք չունենք։ Այդ ամենը ընդդիմադիր հատվածում քաղաքական գործընթաց չի գեներացնում»,- եզրափակել է նախկին վարչապետը։

Scroll to Top