Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում, քանի որ դա հնարավորություն կտա Անկարային մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և ընդլայնել ներկայությունը տարածաշրջանում։ Այս մասին նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյան։
«Եթե Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա, ապա մեծացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Այսինքն՝ Թուրքիան, կարծում եմ, շահագրգռված է սահմանները բացելու հարցում»,– նշել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վրա ազդում են նաև Ադրբեջանի և Վրաստանի հետ ունեցած հարաբերություններում առկա խնդիրները։ Քաղաքագետը, մասնավորապես, հիշատակել է Ադրբեջանի հետ տարաձայնությունները, ինչպես նաև Վրաստանի հետ հարաբերություններում առկա հարցերը՝ այդ թվում Աջարիայի հետ կապված խնդիրները։
Դանիելյանի գնահատմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Թուրքիայի դիրքորոշման վրա էական ազդեցություն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա կարծում է, որ Անկարան սկզբունքորեն պատրաստ էր Հայաստանի հետ սահմանը բացել, սակայն հաշվի է առել Բաքվի պահանջը՝ թույլ չտալ հայ-թուրքական սահմանի բացումը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Ինձ թվում է՝ Ադրբեջանի հիմնական պահանջն այն է, որ Հայաստանի հետ սահմանը չբացվի։ Իսկ իրենք, կարծում եմ, պատրաստ էին բացելու։ Եվ առաջին անգամ չէ, որ փորձում էին բացել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրենք այդ պայմանն ընդունեցին»,– ասել է քաղաքագետը։

