Իշխանությունը շահագրգռված է ներքաղաքական բախումների սրմամբ

Իշխանությունը շահագրգռված է ներքաղաքական բախումների սրմամբ

Հայաստանում ներքաղաքական իրավիճակն անխուսափելիորեն լարվելու է, և դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրելու է իշխանությունը։ Այս մասին նշեց քաղաքագետ Արա Պապյանը։ 

Նրա  համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հասարակական ճնշում գեներացնելու մասին, հենց դրա վկայությունն է։ Նրա խոսքով՝ իշխանությունն այժմ փորձում է օգտագործել  ընդդիմության գործելաոճով։ Սակայն եթե ընդդիմությունը կարող է իր աջակիցներին փողոց դուրս բերելու կոչեր անել, ապա իշխանությունն այդպիսի գործելակերպի իրավունք չունի, քանի որ գործում է պետական լիազորություններով և ֆինանսավորվում հարկատուների միջոցներով։

«Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ ընդդիմությունը, իշխանությունն իրավունք չունի։ Ի տարբերություն ընդդիմության, որը ժողովրդի հարկերից չի սնվում, աշխատավարձ չի ստանում, միջոցներ չի ստանում, իշխանությունը ստանում է։ Հետևաբար իշխանության պատասխանատվությունն ավելի լայն է, ավելի խորն է»,– ընդգծել է քաղաքագետը։

Պապյանի գնահատմամբ՝ իշխանությանը ձեռնտու է իրավիճակը հասցնել բախումների, այնուհետև օգտագործել պետական լծակները ընդդիմությանը ճնշելու համար։ Նա չի բացառել նաև, որ այդ գործընթացի նպատակը ոչ միայն գործող ընդդիմության թուլացումն է, այլև իշխանության համար ընդունելի ընդդիմադիր դաշտի ձևավորումը։

Իշխանությունը փորձում է ձևավորել իրեն ձեռնտու ընդդիմությո՞ւն

Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրել է նախորդ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերից մեկի առաջ քաշած մոտեցումը, ըստ որի՝ առաջնայինը ոչ թե իշխանափոխությունն է, այլ ընդդիմադիրափոխությունը։ Պապյանի մեկնաբանությամբ՝ այժմ իշխանությունը կարող է փորձել փոխել նաև ընդդիմադիր դաշտը՝ հանրությանը և միջազգային գործընկերներին ներկայացնելով իրեն ձեռնտու ուժերին որպես այլընտրանք։

Պապյանը նման սցենարի հավանականություն է տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով։ Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով իշխանությունը կարող է խորհրդարանում տեղեր ապահովել իրեն ձեռնտու քաղաքական ուժերի համար՝ այդպիսով ստեղծելով ընդդիմության առկայության տպավորություն։ «Ի վերջո, ինչպես ասում էր Ստալինը, կարևորը այն չէ, թե ով ինչպես է քվեարկում, այլ այն, թե ով ինչպես է հաշվում։ Կհաշվեն՝ կստանան»,– նշել է քաղաքագետը։

Նա հիշեցրել է, որ նախկինում ևս եղել են կուսակցություններ, որոնք, իր գնահատմամբ, իշխանության աջակցությամբ ընտրություններում որոշակի ձայներ են ստացել և պետական ֆինանսավորում ստացել։ Պապյանը կարծում է, որ նման ուժերը կարող են կրկին օգտագործվել՝ ընտրություններին մասնակցելու և իշխանության համար ընդունելի ընդդիմադիր պատկերը ձևավորելու նպատակով։

Հասարակությունը հոգնել է, իսկ ժողովրդագրական պատկերը փոխվել է

Պապյանը նշել է, որ այսօր Հայաստանում հասարակական իրավիճակն այլ է, քան 1990-ականներին։ Նրա գնահատմամբ՝ հասարակությունը հոգնել է, վախեցել, իսկ երկրում տեղի ունեցած ժողովրդագրական փոփոխությունները նույնպես ազդում են հանրային ակտիվության վրա։

«Հայաստանն այսօր այն վիճակում է, որ ինչ էլ խոսես և անես, այլևս բան չի փոխվում։ 90-ականները չեն, երբ իշխանության որևէ թերացում բացահայտելու դեպքում ժողովուրդը հազարներով, տասնյակ հազարներով փողոց էր դուրս գալիս։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը վախեցել է, ժողովուրդը ժողովրդագրական լուրջ փոփոխության է ենթարկվել»,– ասել է նա։

Քաղաքագետը համեմատել է 1990-ականների և ներկայիս ժողովրդագրական պատկերը՝ նշելով, որ նախկինում Հայաստանում աշակերտների և թոշակառուների թվաքանակը մոտավորապես հավասար էր, մինչդեռ այժմ թոշակառուների թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է երիտասարդների թվին։ Նրա կարծիքով՝ այս հանգամանքը ևս ազդում է հասարակության բողոքական ներուժի վրա։

Պապյանի խոսքով՝ այս փոփոխությունն անմիջական ազդեցություն ունի հասարակական ակտիվության վրա, քանի որ տարեց մարդիկ, նրա գնահատմամբ, հեղափոխական տրամադրություններ ունեցող և փողոց դուրս գալու պատրաստ հասարակական խմբի մաս չեն կազմում։ Ավելին, իշխանությունը կարող է ազդել այդ խմբի տրամադրությունների վրա, օրինակ՝ բարձրացնելով կենսաթոշակները։

Scroll to Top