Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները վերադառնան այն իրավիճակին, որը կար մինչև 2020 կամ 2023 թվականները։ Սակայն դա գնալով ավելի դժվար է դառնում, քանի որ կողմերի շահերը փոխվել են, իսկ նախկին հարաբերությունների հիմքում ընկած շահերի կոնսենսուսն այլևս գոյություն չունի։Այս մասին նշեց քաղաքագետ Դավիթ Պետրոսյանը։
Նրա գնահատմամբ՝ շահերի տարբերությունն անխուսափելիորեն ստիպում է կողմերին քայլեր ձեռնարկել, որոնք փոխում են հայ-ռուսական հարաբերությունների բնույթը։
Անվտանգային բաղադրիչը՝ հայ-ռուսական հարաբերությունների նախկին հիմք
Պետրոսյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների ամենակարևոր հենասյունը անվտանգությունն էր։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանման և Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով ձևավորվել էր հարաբերությունների այնպիսի համակարգ, որի շրջանակում Հայաստանը փաստացի իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը պատվիրակել էր Ռուսաստանին։
Սակայն այդ համակարգը սկսեց խարխլվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Քաղաքագետի գնահատմամբ՝ առաջին լուրջ ճեղքերից մեկը հենց այդ ժամանակ առաջացավ, իսկ իրավիճակն ավելի սրվեց, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և օկուպացրին դրա մի մասը։ «Ռուսաստանից բավարար արձագանք չեղավ՝ ո՛չ երկկողմ հարաբերությունների տրամաբանության շրջանակում, ո՛չ ՀԱՊԿ-ի շրջանակում»,- հիշեցրեց Պետրոսյանը։
Հաջորդ կարևոր իրադարձությունը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն էր, որի հետևանքով անվտանգային բաղադրիչը, որը նախկինում հայ-ռուսական հարաբերությունների առանցքային մասն էր, ըստ քաղաքագետի, փաստացի դուրս եկավ այդ հարաբերությունների համակարգից։
Փոխվեց նաև ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունը։ Եթե նախկինում Հայաստանը սպառազինության ավելի քան 90 տոկոսը ձեռք էր բերում Ռուսաստանից, ապա այժմ պատկերը հակառակն է․ սպառազինության ավելի քան 90 տոկոսը ձեռք է բերվում այլ երկրներից, իսկ Ռուսաստանին բաժին է ընկնում ընդամենը 5-10 տոկոսը։
TRIPP-ը՝ Հայաստանի զսպման համակարգի բաղադրիչ
Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի անվտանգային համակարգը չի սահմանափակվում միայն ռազմական բաղադրիչով․ այն ներառում է նաև տնտեսական և առևտրային բաղադրիչներ։
Այս համատեքստում նա առանձնացրել է TRIPP նախագիծը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև կարևոր զսպման գործիք է։
«Երբ մենք խոսում ենք անվտանգային համակարգի մասին, իհարկե, խոսում ենք Հայաստանի զսպման համակարգի մասին։ Հայաստանի զսպումը, որով հիմնականում զսպում ենք Ադրբեջանին, միայն ռազմականը չէ։ Դրա մեջ կա նաև TRIPP-ը, որն էությամբ մեզ համար անվտանգային ծրագիր է, բայց ունի նաև տնտեսական բաղադրիչ»,- նշել է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ ռուսական կողմը չի կարողանում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, քանի որ Հայաստանի անվտանգային համակարգում իր նախկին դերակատարությունն էապես նվազել է։
Անվտանգային ազդեցության նվազմանը հաջորդում են տնտեսական լծակները
Պետրոսյանի խոսքով՝ Ռուսաստանը, կորցնելով Հայաստանի վրա անվտանգային ազդեցության նախկին լծակները, սկսել է ավելի ակտիվորեն կիրառել տնտեսական գործիքները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ ապրանքների մուտքի սահմանափակումներին։
Միաժամանակ, նրա խոսքով, այդ իրավիճակում Հայաստանին օգնության են հասել այլ գործընկերներ՝ առաջարկելով այլընտրանքային աջակցություն հենց այն ապրանքների հարցում, որոնց մուտքը սահմանափակվել էր։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանը տեսնում է, որ իր ազդեցությունը Հայաստանում նվազում է, և այն կարող է հասնել շատ ցածր մակարդակի։
Մոսկվան պատասխանատվությունը բարդում է Հայաստանի իշխանությունների վրա
Պետրոսյանի խոսքով՝ Ռուսաստանում գիտակցում են, որ հայ հասարակության շրջանում իրենց նկատմամբ վստահությունը նվազել է, իսկ վերաբերմունքը՝ փոխվել։ Այդ մասին են վկայում նաև հարցումները։
Սակայն, նրա դիտարկմամբ, ռուսական կողմը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը փորձում է ներկայացնել ոչ թե որպես սեփական շահերի փոփոխության հետևանք, այլ այն վերագրել Հայաստանի իշխանություններին։
«Ասում են՝ ձեր իշխանություններն են մեղավոր, և թող հայ ժողովուրդը որոշի։ Իրենք, այսպես ասած, չեն ուզում ընդունել, որ կա Հայաստանի Հանրապետություն, կա իշխանություն, կա ընտրված իշխանություն։ Իրենք խոսում են հայ ժողովրդից, բայց չեն խոսում Հայաստանի Հանրապետության մասին»,- նշել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս մոտեցման հիմքում նաև Ռուսաստանի պատմական և քաղաքական ընկալումներն են։ Մոսկվայում կա համոզմունք, որ 1828 թվականից հետո Ռուսաստանի դերակատարության շնորհիվ հայ ժողովուրդը համախմբվել և շարունակել է ապրել այս տարածքում։ Այդ ընկալումը ձևավորվել է նաև խորհրդային ժամանակաշրջանի պատմական փորձի ազդեցությամբ։
Բացի պատմական գործոնից՝ Ռուսաստանում, ըստ քաղաքագետի, կա նաև քաղաքական համոզմունք, որ Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի հովանավորության ինքնուրույն արտաքին և անվտանգային քաղաքականություն վարել։

