Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը Հայաստանի համար գործնականում ոչինչ չի փոխի, քանի որ կազմակերպությունը երբեք չի կատարել իր հիմնական գործառույթը՝ չի պաշտպանել Հայաստանին։ Սակայն այդ քայլին գնալով՝ Ռուսաստանի հետ թշնամանալը հիմարություն է։ Այս մասին ասել է «ՈՄԱ» հիմնադիր Վովա Վարդանովը։
Վարդանովը ՀԱՊԿ-ը բնորոշում է որպես «մեռելածին» կառույց՝ նշելով, որ կազմակերպությունն իր գոյության առաջին իսկ օրվանից որևէ գործնական քայլ չի կատարել անդամ պետությունների անվտանգությունը ուժեղացնելու առումով։ Նրա գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ը հիմնականում սահմանափակվել է խաղաղապահ գործառույթներով՝ չձեռնարկելով իրական ռազմական գործողություններ այն դեպքերում, երբ անդամ պետությունները բախվել են արտաքին ագրեսիայի։
Որպես օրինակ՝ նա հիշեցնում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև Օշի շրջանում տեղի ունեցած բախումները, երբ ՀԱՊԿ-ը կատարել է բաժանարար և ոստիկանական գործառույթներ։ Մինչդեռ Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև ավելի վաղ տեղի ունեցած բախումների ժամանակ, ըստ Վարդանովի, կազմակերպությունը ռազմական աջակցություն չի ցուցաբերել ՀԱՊԿ անդամ Տաջիկստանին։ Նույնիսկ ռուսական 200-րդ ռազմաբազայի ուժերը չեն տեղաշարժվել։
Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել
Վարդանովի խոսքով՝ Հայաստանի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում իրական ռազմական աջակցություն ցուցաբերել իր անդամ երկրին, նույնիսկ երբ վերջինիս նկատմամբ բացահայտ ագրեսիա է իրականացվում։
Նա հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերին, երբ պատերազմի ելքն արդեն ակնհայտ էր, հայկական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները շարժվել են դեպի Սյունիք։ Սակայն այդ գործողությունը, նրա խոսքով, Հայաստանի սահմաններից դուրս չի եկել։
Իսկ 2021 և 2022 թվականներին Հայաստանի դեմ իրականացված բացահայտ ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը կրկին որևէ քայլ չի արել։
«21 թվականին, 22 թվականին բացահայտ ագրեսիա Հայաստանի դեմ ու ոչ մի բան։ ՀԱՊԿ-ը ոստիկանական ֆունկցիաների մեջ մնաց», — ընդգծում է Վարդանովը։
ՀԱՊԿ-ը, ի սկզբանե ՆԱՏՕ-ի նմանակ ստեղծելու անհաջող փորձ էր, սակայն ի տարբերություն ՆԱՏՕ-ի ՀԱՊԿ-ը իր անդամներին պաշտպանելու համար գործնական քայլերի չէր դիմում՝ խուսափելով որևէ ռազմական միջամտությունից։
Այս ամենը հաշվի առնելով՝ նա համոզված է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի համար իրական անվտանգության երաշխիք չի ապահովել։ «Հիմա եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, շատ բան չի փոխվի, կարելի է ասել՝ ոչ մի բան չի փոխվի», — եզրափակում է Վարդանովը՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ քայլը չպետք է վերածվի Ռուսաստանի հետ թշնամանքի պատճառի։

