Երթևեկության մի շարք խախտումների համար տուգանքները կխստացվեն

Երևանում առաջացող խցանումներին նպաստող ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար նախատեսվում է բարձրացնել տուգանքները, ինչպես նաև ավելացնել տուգանային միավորները։ Առաջարկվում է խստացնել նաև մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կանոնների խախտման համար սահմանված պատժամիջոցները։

Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ են քննարկվում։  Պատճառը ակնհայտ է՝ երթևեկության որոշ խախտումներ էականորեն ազդում են հատկապես Երևանում խցանումների առաջացման վրա, մինչդեռ դրանց համար սահմանված տուգանքներն ու տուգանային միավորները համաչափ չեն խախտումների բնույթին։ Տրանսպորտային միջոցների թվի տարեցտարի ավելացմանը զուգահեռ աճում են նաև նման խախտումները։

Որ խախտումների համար կբարձրանան տուգանքները

Առաջարկվում է «Մուտքն արգելվում է» և բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելող նշանների պահանջները խախտելու համար գործող 5000 դրամ տուգանքը բարձրացնել մինչև 20 հազար դրամի՝ սահմանելով նաև երկու տուգանային միավոր։

Նախագծով առաջարկվում է նույն չափով՝ 20 հազար դրամով, տուգանել նաև «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը խախտելու համար։ Այս դեպքում նախատեսվում է մեկ տուգանային միավոր։

Տրանսպորտային միջոցը երկրորդ կամ ավելի շարքում կայանելու համար գործող 5000 դրամ տուգանքը նույնպես առաջարկվում է բարձրացնել մինչև 20 հազար դրամի, իսկ տուգանային միավորները՝ 0,25-ից դարձնել մեկ միավոր։

Եթե նման խախտման դեպքում տրանսպորտային միջոցը նաև տարհանվում է, առաջարկվում է տուգանքը 20 հազարից բարձրացնել մինչև 29 հազար դրամի և սահմանել մեկ տուգանային միավոր՝ նախկինում նախատեսված զրոյականի փոխարեն։

Մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կանոնները խախտելու համար գործող 5000 դրամ տուգանքն առաջարկվում է բարձրացնել մինչև 20 հազար դրամի՝ սահմանելով նաև մեկ տուգանային միավոր։

Թմրամիջոց օգտագործած վարորդներին հնարավոր կլինի ստուգել տեղում

Նախագծով առաջարկվում է ստեղծել նաև վարորդի՝ թմրամիջոց օգտագործած լինելու հանգամանքը տեղում ստուգելու հնարավորություն։

Դրա համար նախատեսվում է կիրառել թքի նմուշի միջոցով իրականացվող ստուգում։ Ներկայումս վարորդի կողմից թմրամիջոց օգտագործելու հանգամանքը հնարավոր է պարզել միայն լաբորատոր պայմաններում՝ արյան և մեզի հետազոտության միջոցով։

Զեկուցողի խոսքով՝ այս փոփոխությամբ պատժամիջոցների խստացում չի նախատեսվում, և գործող սանկցիաները կմնան անփոփոխ։ Փոփոխության նպատակը ստուգման գործընթացն ավելի օպերատիվ դարձնելն է։

Ինքնագլորների օգտագործման նոր սահմանափակումներ

Առանձին կարգավորումներ են առաջարկվում անհատական շարժունակության միջոցների, մասնավորապես՝ ինքնագլորների օգտագործման համար։

Նախատեսվում է սահմանել, որ ինքնագլորներից կարող են օգտվել միայն 16 տարին լրացած անձինք։ Նրանցից համապատասխան ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի պահանջվի։

Բացի այդ, հետիոտների համար նախատեսված վայրերում և մայթերին ինքնագլորների առավելագույն արագությունը առաջարկվում է սահմանափակել ժամում 10 կմ-ով։ Դրա համար նախատեսվում է վերաձևակերպել արագությունը չափող սարքերի իրավական կարգավորումը՝ սահմանելով արագությունը սահմանափակող մեխանիզմ։

Փոփոխություններ նաև քաղաքացիների բջջային հավելվածում

Նախագծով նախատեսվում են փոփոխություններ նաև քաղաքացիների կողմից իրավախախտումները բջջային հավելվածի միջոցով արձանագրելու գործընթացում։

Մասնավորապես, առաջարկվում է վերացնել հավելվածից օգտվելու համար գործող խիստ նույնականացման պահանջը, որի համաձայն՝ այն հնարավոր էր գործարկել միայն նույնականացման քարտի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով։

Զեկուցողի խոսքով՝ քաղաքացիներից ստացվել են հիմնավորված դժգոհություններ՝ կապված նույնականացման բարդ ընթացակարգի հետ։

Առաջարկվում է վերացնել նաև նույն տրանսպորտային միջոցը մի քանի անգամ լուսանկարելու սահմանափակումը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով նույն մեքենայի վերաբերյալ մի քանի հաղորդում ներկայացնել։


👉 Օրենսդրություն

Scroll to Top