Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումն ավարտվել է առանց որևէ կոնկրետ արդյունքների։ Այդ մասին, առաջին հերթին, վկայում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության չափազանց զուսպ և, ըստ էության, ոչինչ չհաղորդող հայտարարությունը։ Հայտարարությունում բացակայում են որևէ համաձայնությունների, փոխզիջումների կամ վիճահարույց հարցերում առաջընթացի մասին հիշատակումներ։ Փոխարենը՝ ստանդարտ ձևակերպումներ՝ «երկկողմ երկխոսության հանձնառության վերահաստատում», «սահմանազատման աշխատանքները շարունակելու հանձնարարություն» և «վստահության ամրապնդման միջոցառումներ»։ Նման արդյունքը հատկապես հակասում է հանդիպումից առաջ ձևավորված սպասումներին։
Երկկողմ հանդիպման բազմակողմ ռեժիսուրան
Աբու Դաբիում կայացած հանդիպման քաղաքական ենթատեքստը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել անցած ամսվա վերջին Թուրքիայի ուղղությամբ արձանագրված զարգացումները։ Նախ Թուրքիա այցելեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ ընդամենը մեկ օր անց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուլիսներում և մեդիա շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպման հնարավորությունը, սակայն այն տեղի չունեցավ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը հայտարարեց, որ նման հանդիպում «նախապես պլանավորված չէ», սակայն «բացառված չէ, քանի որ նման որոշումները հաճախ ընդունվում են տեղում»։ Այս հայտարարությունն ըստ էության՝ անուղղակի վկայությունն էր այն բանի, որ հայկական կողմը հույս ուներ, թե Թուրքիան կարող է միջնորդի դեր ստանձնել և ազդել Բաքվի վրա։ Փաշինյանի վերադարձից անմիջապես հետո սկսվեց խոսաել նոր՝ երկկողմ հանդիպման հնարավորության մասին։ Այս ամբողջ դինամիկան հուշում է, որ Թուրքիան գործել է որպես կազմակերպիչ կամ գոնե կապող օղակ երկկողմ ձևաչափով հանդիպման հարցում։
Ամերիկյան ազդակներ և հայկական կողմի սպասումները
Թուրքական դիվանագիտական ակտիվությանը զուգահեռ աճում էր նաև ԱՄՆ-ի կողմից տեղեկատվական աղմուկը։ Carnegie կենտրոնը հրապարակել էր նյութ, որում խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկի մասին, որը ենթադրում է վերահսկողությունը ամերիկյան ընկերությանը հանձնել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր հույս, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Տեմի Բրյուսը հավելել էր. «Պետքարտուղարն այդ հայտարարությունն անելու հիմքեր ուներ, և հենց որ լրացուցիչ մանրամասներ ունենանք, ես կտրամադրեմ դրանք Ձեզ»։ Այս ֆոնին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ըստ էության, հաստատել էր, որ նման առաջարկներ իսկապես քննարկվում են. «Տարբեր առաջարկներ ներկայացվել են։ Մենք արդեն հայտարարություններ արել ենք այդ մասին։ Եթե դրանք համապատասխանում են Հայաստանի շահերին, կարող են քննարկվել։ Կարող են նաև չքննարկվել»։ Նույն զրույցում Սաֆարյանը նշել էր, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ տրանսպորտային լուծումների իրականացմանը միջազգային կողմերի մասնակցությամբ. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության շրջանակներում։ Եթե առաջարկները համապատասխանում են այդ սկզբունքներին, ապա այո, դա հնարավոր է։ Դա քննարկման հարց է։ Կարևոր է, որ ապահովվի փոխադարձության սկզբունքը»։ Այսպիսով, հանդիպման պահին Երևանը ոչ միայն առաջարկներ ուներ, այլև հույսեր, որ դրանք կդառնան քաղաքական իրականություն՝ կարծելով, որ Թուրքիայի միջնորդական ազդեցությունն ու ԱՄՆ-ի դիվանագիտական ակտիվությունը կհակեն Բաքվին հաջորդ քայլն ապահովելու։
Հիասթափություն և դիվանագիտական լռություն
Սակայն իրականությունը այլ էր։ Հանդիպումից անմիջապես հետո տարածված տեսանյութերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվում է նկատելիորեն լարված, իսկ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը բանակցությունների արդյունքների վերաբերյալ առավելագույնս ընդհանրական է։ Խաղաղության պայմանագրի մասին ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա։ Նման ձևակերպումները մեկ բան են նշանակում՝ առաջընթաց, համաձայնություններ կամ դիրքորոշումների փոփոխություն չկա։ Իհարկե, պետք չէ բացառել նաև այն հավանականությունը, որ կողմերին հաջողվել է հասնել որոշակի համաձայնությունների, որոնք առայժմ չեն բացահայտվում։ Հետագա ժամանակաշրջանը ցույց կտա, թե ինչ կշիռ էր ունեցել Անկարայի և Վաշինգտոնի ազդեցությունը, և արդյոք Աբու Դաբիի բանակցությունները խաղաղության ճանապարհին հերթական կանգառն էին, թե՞ պարզապես մարտավարական դադար երկարատև աշխարհաքաղաքական խաղում։

