Վերջին օրերին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են փոփոխություններ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն արդեն այս տարվա օգոստոսի 1-ից։ Թե ինչ նորամուծություններ են դրանք ենթադրում և ինչ նպատակով են ընդունվել՝ ներկայացնում է ՏՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը։
Մրցակցության և սպառողների պաշտպանության ոլորտներում խոշոր փոփոխություններ
Մարկոսյանի խոսքով՝ փոփոխությունները ուղղակիորեն կապված են SEPA համաձայնագրի դրույթների իրականացման հետ, որի ճանապարհային քարտեզում նախատեսված էին մի շարք հրահանգների կիրարկման պահանջներ։ Այդ պահանջներից մի քանիսն իրականացել են հենց օրերս ընդունված փոփոխություններով։
Հիմնական նորամուծությունն այն է, որ սահմանվում է նոր իրավախախտման ձև՝ սպառողների իրավունքների խախտման գործողություններ։ «Գործող օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված է անբարեխիղճ մրցակցության իրավախախտում, որն ըստ էության ևս կարող է վնասել սպառողների շահերին։ Բայց եվրոպական փորձը ցույց է տալիս, որ առաջնահերթ պաշտպանության առարկան հենց սպառողն է։ Ցանկացած վարքագիծ, որը հակասում է բարեխղճության սկզբունքին և ազդում կամ կարող է ազդել սպառողի շահերի վրա, դիտարկվում է որպես խախտում», – նշել է նա։
Հանձնաժողովը փոխում է իր անվանումը և աշխատանքային շեշտադրումները
Մարկոսյանը պարզաբանեց, որ այս տրամաբանությամբ խախտում կհամարվեն, մասնավորապես, հետևյալ դրսևորումները՝ ապրանքների գների ներկայացման պահանջների խախտում, պայմանագրերում անարդարացի պայմանների թելադրում, ապրանքների հատկանիշների չհամապատասխանելը ներկայացված նկարագրությանը, ինչպես նաև գովազդի ոլորտում առաջացող խնդիրները։ Սրանք ուղղակիորեն առնչվում են սպառողի ազատ ընտրության իրավունքին։ Այսպիսով, ապրանքների բնութագրերին համապատասխանությունը դառնում է ոչ միայն իրավական պարտավորություն, այլև շուկայի նկատմամբ սպառողի վստահություն ձևավորելու կարևոր պայման։
Սպառողների իրավունքների պաշտպանության առաջնահերթության նոր տրամաբանությանը համապատասխան՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կվերանվանվի «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով»։ Համապատասխանաբար, կփոխվի նաև հանձնաժողովի ֆունկցիոնալ շրջանակը։
«Սակայն պետք է հստակեցնենք, որ հանձնաժողովը չի զբաղվելու սպառողի և տնտեսվարողի միջև առաջացած առանձին վեճերով։ Նրա գործունեությունը կկենտրոնանա այն հարցերի վրա, որոնք վերաբերելու են սպառողների որոշակի խմբերին», – ընդգծել է նա։ Միաժամանակ, եթե կոնկրետ վեճն ունի զանգվածային կամ համակարգային բնույթ, այն կարող է դառնալ հանձնաժողովի քննարկման առարկա։
Սպառողի օգնական. նոր հարթակ՝ խնդիրների լուծման համար
Նախատեսվում է նոր գործիքի՝ «Սպառողի օգնական» առցանց հարթակի ներդրում։
«Սրա էությունը հետևյալն է. եթե սպառողը խնդիր ունի որևէ տնտեսվարողի հետ, նա կարող է հարթակի միջոցով դիմել և ներկայացնել խնդրի բովանդակությունը։ Դրանից հետո տնտեսվարողը պարտավոր է որոշակի ժամկետում պատասխանել կամ վերացնել խնդիրը։ Թեև իրավաբանորեն նա կարող է նաև չպատասխանել։ Ամեն դեպքում հանձնաժողովը պարբերաբար կֆիլտրի ստացված դիմումները՝ որոշելու համար, թե որ դիմումներն են իր լիազորությունների շրջանակում, և որոնք պետք է փոխանցվեն այլ պետական մարմինների», – բացատրել է Մարկոսյանը։
Այն դիմումները, որոնք տնտեսվարողի կողմից չեն բավարարվել, կարող են հիմք հանդիսանալ հանձնաժողովում վարույթի հարուցման համար։ Եթե դիմումը պատկանում է այլ մարմնի իրավասությանը, այն կուղարկվի համապատասխան կառույց։ Իսկ եթե խնդիրը պետք է լուծվի դատական կարգով, ապա սպառողին կտրամադրվի համապատասխան պարզաբանում։
Մոտ ապագայում, ավելացրեց Մարկոսյանը, Հանձնաժողովը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որով կհրավիրի սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և իրավաբանական ընկերություններին՝ համագործակցելու նպատակով՝ քաղաքացիներին անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համար։

