Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Աբու Դաբիում կայանալիք հանդիպման օրակարգը, ամենայն հավանականությամբ, կենտրոնանալու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցի վրա։ Նման տեսակետի է փորձագետ Գրիգորի Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին միջազգային կենտրոնների ուշադրությունը Սյունիքի ուղղությամբ զգալիորեն աճել է։ Նա դա բացատրում է նրանով, որ միջանցքի նախագիծը դադարել է ընկալվել որպես բացառապես տարածաշրջանային հարց և վերածվել է Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ուժերի հավասարակշռության վրա ազդելու գործիք։
Հայրապետյանը կարծում է, որ Carnegie վերլուծական կենտրոնի վերջին հրապարակումը, որտեղ քննարկվում են ԱՄՆ-ի ծրագրերը՝ նախաձեռնություն ցուցաբերելու հայ-ադրբեջանական հաղորդակցական վեճերի կարգավորման հարցում, պատահական չէ։
Մասնավորապես, հոդվածում հիշատակվում է ԵՄ-ի կողմից նախկինում առաջարկված գաղափարը՝ միջանցքի կառավարումը փոխանցել անկախ օտարերկրյա ընկերության։ ԱՄՆ-ն, ըստ Carnegie-ի աղբյուրների, պատրաստ է իրականացնել ծրագիր, որը հիմնված է մասնավոր ամերիկյան ընկերության ներգրավման վրա, որն աշխատելու է Վաշինգտոնի քաղաքական հովանու ներքո՝ հանդես գալով որպես ֆորմալ չեզոք կողմ։
Հայրապետյանը ընդգծում է, որ, դատելով նախկինում հնչեցրած հայտարարություններից, Հայաստանի իշխանությունները էական հայեցակարգային առարկություն չունեն նման մոդելի նկատմամբ։ Հայաստանի վարչապետն անցյալում նման սցենար չէր բացառել, ինչը կարելի է դիտարկել որպես համաձայնություն նմամ ձևաչափին։
Սակայն, ինչպես նշում է Հայրապետյանը, գլխավոր խնդիրը ոչ թե լոգիստիկ հարցերն են, այլ աշխարհաքաղաքական հետևանքները։ Ամերիկյան մոդելի ներդրման հնարավոր համաձայնությունը մի տարածաշրջանում, որտեղ դեռ առկա է ռուսական ռազմական ներկայություն, անխուսափելիորեն ձևավորում է մրցակցային ազդեցությունների նոր ճարտարապետություն։
«Միջազգային պրակտիկայում չկան օրինակներ, որ մի երկիրում գործեն ռուս զինվորականներն ու սահմանապահները, իսկ ռազմավարական նշանակության հաղորդակցությունների վերահսկողությունը փոխանցվի ՆԱՏՕ-ի հետ կապված կառույցներին: Այսինքն՝ սա քչ միայն լոգիստիկ որոշում է, այլ նաև քաղաքական հայտարարություն արտաքին քաղաքական կուրսի վերջնական փոփոխման մասին», — բացատրում է նա։
Այս տեսանկյունից Զանգեզուրի միջանցքը վերածվում է ոչ միայն տրանսպորտային զարկերակի, այլև ընտրության ցուցիչի՝ դաշնակցային պարտավորությունների, ռազմավարական չեզոքության և արտաքին քաղաքականության նոր դիրքորոշման միջև։
Հայրապետյանի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող մոդելին հնարավոր համաձայնությունը պարունակում է ինչպես պոտենցիալ օգուտներ, այնպես էլ լուրջ ռիսկեր կապված Ռուսաստանի և Իրանի հետ։ Մի կողմից՝ սա կարող է բերել ներդրումներ, միջազգային երաշխիքներ և նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ Մյուս կողմից՝ ընդհակառակը, կարող է ուժեղացնել լարվածությունը տարածաշրջանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները, որոնք նման քայլը կարող են ընկալել որպես իրենց շահերին ուղղված անմիջական սպառնալիք։

