Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ դեռևս 2022 թվականի ամռանից նախանշված հետևողական ծրագրի արդյունք է, որն իրականացվում է ՀՀ գործող իշխանությունների լուռ համաձայնությամբ և հանրությանը «թմրեցնելու» քաղաքականությամբ: Նման կարծիքի է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հայաստանի հասարակությանը թմրեցնում են պատերազմի բացակայության պատրանքով
Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները հասարակության մեջ ձևավորում են այնպիսի ընկալում, թե քանի դեռ լայնամասշտաբ պատերազմ չկա, վտանգ նույնպես չկա։
«Մարդկանց ասում են՝ պատերազմ չկա, զոհեր չկան, Ադրբեջանը չի կրակում, հետևաբար խնդիր էլ չկա։ Բայց իրականում դա վտանգի բացակայություն չէ։ Ադրբեջանը գտել է այն ճանապարհը, որով առանց լայնածավալ պատերազմի հնարավոր է քայլ առ քայլ մասնատել Հայաստանը»,– նշեց նա։
Նրա համոզմամբ՝ այսօր իրականացվող գործընթացներն ուղղված են ոչ թե ռազմական ներխուժման, այլ Հայաստանի պետականության աստիճանական թուլացմանը, ինչը նա բնութագրեց որպես երկրի «ապամոնտաժման» գործընթաց։ Հակոբյանը համոզված է, որ այսպես կոչված անկլավների հանձնման, TRIPP-ի միջոցով Սյունիքի նկատմամբ վերահսկողության հաստատման ու ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձի» հարցերը, որոնք Բաքուն հետևողականորեն առաջ է մղում ինչպես Հայաստանի հետ երկխոսության ընթացքում, այնպես էլ միջազգային հարթակներում, իրականում հայկական պետականության ոչ ռազմական ապամոնտաժման Բաքվի ծրագրի բաղադրիչներ են։
Ալիևը փորձում է լեգիտիմացնել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Հակոբյանը նշեց, որ Բաքուն նպատակային կերպով փորձում է միջազգային մակարդակով օրինականացնել «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը։
Նրա խոսքով՝ Ալիևը Շուշիում անցկացված միջազգային ֆորումում հայտարարեց, թե այդ ձևակերպումն ընդունելի է նաև Միացյալ Նահանգների համար՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովման նախագիծ։
Սակայն, ըստ պատգամավորի, իրական բովանդակությունը բոլորովին այլ է։
«Իրականում այդ նկարագրությունը Հայաստանի այդ հատվածի նկատմամբ վերահսկողության հաստատման մասին է։ Թեև ասում են, որ վերահսկողությունը լինելու է հայկական, ապա զուգահեռ գործընթացները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս»,– ասաց նա։
Ամերիկյան կազմակերպությունն արդեն աշխատանքներ է իրականացնում այդ տարածքում
Հակոբյանը պնդում է, որ Հայաստանի հարավում արդեն սկսել են իրականացվել չափագրման և ուսումնասիրության աշխատանքներ, որոնք կատարում է ամերիկյան կազմակերպություն։
Նրա գնահատմամբ՝ այդ հանգամանքը հակասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպ չի սահմանափակվելու։
«Եթե ամեն ինչ մնում է Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ արդեն իրականացվում են նման աշխատանքներ։ Սա, իմ կարծիքով, ուղիղ հակասում է իշխանությունների հայտարարություններին»,– ասաց նա։
Պատգամավորը համոզված է, որ խոսքը արդեն գործող ծրագրի մասին է, որը, նրա կարծիքով, իրականացվում է ԱՄՆ-ի աջակցությամբ և Ադրբեջանի մասնակցությամբ։
Սահմանազատման ընթացքում Հայաստանը կարող է նոր տարածքներ զիջել
Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանազատման հաջորդ փուլերում Հայաստանը կարող է կանգնել նոր տարածքային զիջումների առաջ։
Նրա խոսքով՝ քննարկումների կենտրոնում են անկլավների վերադարձի հարցերը, սակայն Ադրբեջանը որևէ կերպ չի խոսում Արծվաշենի վերադարձի մասին։
«Մեզ ասում են՝ պետք է վերադարձվեն անկլավները, բայց արդյո՞ք Ադրբեջանը պատրաստվում է վերադարձնել Արծվաշենը։ Այդ մասին ընդհանրապես խոսք չկա»,– ընդգծեց նա։
Նա նաև տարակուսանք հայտնեց այն փաստի առնչությամբ, որ հայկական կողմը սեփական տարածքներն անվանում է անկլավներ, միաժամանակ ակնկալելով դրանց դիմաց ստանալ այն, ինչը, ըստ նրա, առանց այդ էլ Հայաստանի ինքնիշխան տարածքն է։
«Տիգրանաշենը պարզապես տարածք չէ, այլ անվտանգության առանցքային հանգույց»
Պատգամավորը հատուկ անդրադարձավ Տիգրանաշենի թեմային՝ նշելով, որ այդ հատվածն ունի բացառիկ ռազմավարական նշանակություն Հայաստանի անվտանգության համար։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հարցը դիտարկվի ոչ թե հայրենասիրական, այլ բացառապես ռազմական և անվտանգության տեսանկյունից, այդ տարածքի հնարավոր զիջումը լուրջ հետևանքներ կունենա երկրի պաշտպանունակության վրա։
Միաժամանակ նա տարակուսանք հայտնեց, որ փոխարենը քննարկվում է ոչ թե Ջերմուկի, Իշխանասարի և ադրբեջանական վերահսկողության տակ անցած մյուս տարածքների վերադարձը, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ փոխանակումներ։
Արցախցիների վերադարձն ու ադրբեջանցիների վերադարձը չեն կարող նույն հարթության վրա դրվել
Հակոբյանը կտրուկ հակադարձեց նաև այն մոտեցմանը, որով միջազգային հարթակներում հաճախ զուգահեռ են ներկայացվում արցախահայության վերադարձի իրավունքն ու Ադրբեջանից Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցը։
Նրա խոսքով՝ այդ երկու թեմաները որևէ ընդհանրություն չունեն։
«Արցախցիները խոսում են իրենց հայրենի բնակավայրերում ապրելու բնական իրավունքի մասին։ Իսկ Ադրբեջանը խոսում է խորհրդային տարիներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին՝ դա ներկայացնելով որպես համարժեք գործընթաց։ Իրականում դրանք ոչ պատմական, ոչ քաղաքական, ոչ իրավական առումով կապ չունեն միմյանց հետ»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանում այդ օրակարգը պետական մակարդակով է իրականացվում՝ ֆինանսավորվում են ծրագրեր, անցկացվում են միջազգային համաժողովներ, մշակվում են համապատասխան ռազմավարություններ։
Մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանում արցախահայության վերադարձի հարցը պետական քաղաքականության մակարդակով չի սպասարկվում։
Հայ փախստականների իրավունքների մասին գրեթե չի խոսվում
Հակոբյանի խոսքով՝ միջազգային հարթակներում շարունակվում է բարձրաձայնվել ադրբեջանցիների վերադարձի և նրանց փոխհատուցման հարցը, մինչդեռ Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականների իրավունքները գրեթե դուրս են մնացել միջազգային օրակարգից։
Նա ընդգծեց, որ հայ փախստականների փոխհատուցման, աջակցման կամ նրանց իրավունքների վերականգնման վերաբերյալ որևէ լուրջ գործընթաց չի իրականացվում, ինչը, նրա գնահատմամբ, ևս մեկ անգամ ցույց է տալիս բանակցային գործընթացներում առկա անհավասարակշիռ մոտեցումները։

